Վայրի իրականության այլավրձնումը


Ռեալ իրականության գեղարվեստական միտումնավոր աղճատված պատկերները` գրական, երաժշտական, գեղանկարչական… երբևէ չեմ փորձել գնահատել բարձր արվեստին հարիր չափանիշներով: Երբեմն, իհարկե, ջանացել եմ իմաստավորել ակնհայտ վարպետությամբ համադրված բառերը, հնչյունները, գույներն ու գծերը: Արտառոց հավակնոտության, բացառիկության սրված զգացողության ցցուն շեշտադրության մոլեռանդության կնիքով ամենատարբեր հորինվածքները, որոնցում այլազան կերպարանափոխություններով արհեստականորեն իսպառ ջնջվել է բնության և մարդկային կացութաձևի (գոյի) հեռավոր առնչությունն անգամ, անխնա մերկացրել ու հիմնավորապես մերժել եմ: Կտրականապես հրաժարվել եմ դրանք ընդունել որպես գերժամանակակից գեղագիտական աշխարհընկալման նորաոճ գյուտեր, որոնց տարարվեստ փայլատակումը նկատելու և արժանիորեն գնահատելու մենաշնորհը տրված է լայնահորիզոն եզակի ինտելեկտուալների (հաճախ` միայն, իբր ապրած օրերի ժամանակակիցներից բնատուր օժտվածությամբ մղոններով առաջ անցած, տվյալ «գլուխգործոցի» հեղինակին): Շրջում եմ Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են Վաղարշակ Արամյանի` գերազանցապես սյուրռեալիստական ուղղվածության 56 աշխատանք ներ: Հստակ տարորոշում եմ անցյալ դարի 60-ականներից մինչև մեր օրերը ձգվող, վերահաս մահվամբ ընդհատված ստեղծագործական ճանապարհի անցումային փուլերը: Դեկորատիվ արվեստից մինչև մետաֆիզիկական-առարկայականը` ենթագիտակցականի, կենդանի և անկենդան բնության հարահոս քայքայման ու ֆրոյդիստական տեսիլքների ոլորտը: Մանրակրկիտ մտածված տարբեր կոմպոզիցիաներում հիմնականում հասկանալի են արհեստականորեն քայքայված առարկաներով արտահայտված կցկտուր ասելիքի մոտավոր ենթիմաստները: Հատկապես բախտորոշ 90-ականների վայրի իրականության, որի նկատմամբ Արամյանի վերաբերմունքը դյուրընկալ է «Հոլանդական հիշողություններ», «Սուրբ Սեբաստիան», «Քրիստոսի մտրակումը», «Կոմպոզիցիա Լեոնարդոյի հրեշտակի գլխով» ու մի շարք այլ կտավներում: Մետաֆիզիկական և մետաբոլիստական որակված նատյուրմորտներում` արված հայտնի խորհրդանիշներով (խաղող, նուռ, ընկույզ, խնձոր…), առարկայական աշխարհի դասական ծագում ունեցող պատառիկներով (անտիկ ավերակներ, պորտալներ, ծածկոցներ, մուշտաբել հիշեցնող ձողեր…), Վերածննդի մեծերի նուրբ արվեստի ցնորքներով: Մասնագիտական կողմնորոշում ստանալով դեկորատիվ (պրոֆ. Քամալյան), դասական ու անկումային արվեստի (պրոֆ. Շաքարյան) գաղտնիքներին տիրապետող վարպետների արվեստանոցներում` Վաղարշակ Արամյանը իր հետաքրքրությունների շրջանակին հարող անվանի նախորդների, ինչպես նաև գեղարվեստի ողջ մնայուն ժառանգության խորը իմացությամբ ստեղծել է իր կենսազգացողությանը հարազատ արտահայտչամիջոցների սեփական զինանոցը: Գույներով ու գծերով կազմավորված ուրույն ձեռագիրը: Լինելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի գծանկարի ամբիոնի վարիչը` բազում շնորհալի երիտասարդների փոխանցել ձեռք բերած հմտություններն ու փորձը: Հավատարիմ որդեգրած դավանանքին` հասել է բյուրեղացման այնպիսի մակարդակի, որ ստեղծած գործերի բնութագրականությամբ տեղ է գտել գեղանկարչական նախընտրած դպրոցի երևելիների շարքում: Ինքնուրույն որոնումների արդյունքում մտահղացել աշխատանքներ, որոնց «հոգևոր եղբայրությունը» հնամենի նկարիչների նույնաոճ նկարներին զարմանք է հարուցել մինչև իսկ խորագետ մշակութաբանների մոտ: Բնորոշ են, այս առումով, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանի հանկարծահաս ապրումները Պրադո թանգարանի սրահներից մեկում, XVIII դարի իսպանացի նկարիչ Լուիս Մելենդեսի նկարների տպավորությամբ: Անսպասելիորեն բացահայտվում են հայ արվեստագետի համար Արամյանի գեղանկարչական աշխարհի փարոսը դարձած Դալիի խորագնա ակունքները մելենդեսյան նատյումորտ ներում: Անթերի վարպետությամբ հագեցնելով դալիական ստեղծագործության հայելու յուրովի անդրադարձները ռեալիստական տարրերով` Արամյանը չի հեռացրել իր վրձինը ապրած ժամանակի զարկերակից: Այդպիսով ուշագրավ երկխոսություն ապահովելով դրանցից շատերի համար: Ասենք, իրական երկարակեցության սահմանը ի զորու է որոշելու ինքը` Ժամանակը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ