Հայրենյա°ց կանչով, վա°սն հայրենյաց


Ազգային գրադարանում այսօր ինքնատիպ մի գրքի շնորհանդես է: Ինքնատիպ` ոչ միայն շարադրանքի ոճով ու հայոց բառագանձի ներդաշնակումով, այլ ճշմարիտ իրապատումի այն անհուն սիրով, որը միայն ապրված հույզերից կարող էր բյուրեղանալ: «Ճղակոտոր իմ տոհմածառ». Գոհար Մարտիկյանի հեղինակած երկի վերնագիրն հոգեմուտ է ամեն հայի: Սակայն կարդալու ընթացքում ես հասկանում, որ մորմոքից հուսաբեկ մոր թառանչ չէ այն, այլ գիտակցված ցավն արժանապատվորեն կրելու` ընտրյալին վայել վեհանձնություն: Ցավ, որից հոգին ճաք չի տվել` դուռ բանալով գլխիկոր անզորության առջև: Ճղակոտոր, այո, բայց առողջ արմատներով հայրենյաց հողից զորացող ու նույն հողը զորացնող գերդաստանի մասունք-հուշերն ասես հավաքական կերպարն են կերտում այն Հայի, ով լինելիության իր իրավունքը սեփական բազկով է նվաճել: Լրագրողուհի Գոհար Մարտիկյանի անունն այսօր ավելի շատ ճանաչված է «Ապրելու բանաձևը» ռադիոհաղորդաշարից, որի ամեն թողարկումը սպասված է այնքա¯ն: Սպասված է, զի ունկնդրին (նաև ընթերցողին) կտրում է առօրեական դարձած տարտամությունից և Արցախյան գոյամարտում հավերժի ճամփան ընտրած հայորդյաց սխրանքով ապրեցնում: Իր Գոհար տատի Գոհար թոռնուհու զավակը բարի այն հունդն էր, որ իր արյամբ սնեց մայր հողը` իրենից հետո եկողներին Անկախ հայրենիք ժառանգելով: Թուրքի արնածոր յաթաղանից մազապուրծ Աշոտ Մարտիկյանի Աշոտ թոռը, ավաղ, չհասցրեց նաև Չախոյան գերդաստանի տոհմածառը նոր ընձյուղով սաղարթել: Անհունին ձուլվեց` մահ իմացյալով. «…Հաղթանակի բերկրանքը Աշոտը չվայելեց: Քարվաճառում Բիզ սարը հետախուզելիս, ընկերների ու գնդի մարտիկների անկորուստ նահանջն ապահովելիս, ժամ ու կես պահեց թշնամու առաջ խաղացումն ու… հերոսացած անմահացավ…»: Ազգիս դառնահեծ ճակատագրից բազում պատմություններ ենք լսել: Ու ամենաառեղծվածայինն այն է, որ թվացյալ կրկնվող դեպքերի, միանման ճակատագրերի մասին նորից ու նորից լսելու հափշտակությունը չի լքում: Պատճառը, երևի ամեն հայի մեջ երբեմն նիրհող անսպան այն ոգին է, որը սնունդ է տալիս, ծնունդ պարգևում վիշապաքաղ նոր վահագններին: Հայրենյա°ց կանչով ու վա°սն հայրենյաց: Գոհար Մարտիկյանի այս գիրքը արժանապատիվ ապրելու նոր բանաձև է և մե¯ծ նպատակի նախերգը կարելի է համարել` «Ի հեճուկս աշխարհում դեռևս իր գործն անող չարի, Ամենակարող Տիրոջն ու ԱՐԱՐՉԻՆ ապավինած, ուզում եմ ուժ և կարողություն աղերսել` նրանց կոտրատված ու… Փառք Աստծո, վերընձյուղված ճյուղերի պատմությունը ներկայացնելու»: Բեղուն գրչիդ` առատ պտղաբերում, արիասիրտ հայ Մայր, ճանաչված լրագրողուհի և երկրիդ արժանավոր դուստր: