Ոչ ոք ու ոչինչ չպետք է մոռացվի Ողորմի° քեզ, պա°պ, հազա°ր ողորմի


Հիմա նա չկա: Հիմա, տարիներ անց, ափսոսում եմ, որ ավելի շատ չեմ զրուցել այդ համեստ մարդու հետ, ով առանց այդ էլ քիչ էր պատմում իր անցած կյանքի հարուստ կենսագրութ յունից: Սումարլեցի Մեսրոպի որդին էր Օհանես պապս: Խառատյաններից էր, բայց զինվորական փաստաթղթերում ամրագրված էր Հարությունյան ազգանունը: Ծնվել էր 1899 թվականին, Սումարչու գավառի Իգդիրի մոտակա Բլուր գյուղում: Գյուղացիները նրանց «Բլրցի Պլրցի» էին ասում: Շուտ էր զրկվել հորից ու ընտանիքի հոգսը գրեթե ընկել էր դեռահաս պատանու վրա: Հաճախ էր «ախ ու վախ» քաշում, հիշում իրենց գյուղի այգին: - Հողը շատ լավ էր,- ասում էր,- փեդը (ցույց տալով իր ձեռնափայտը) թմբի մի կողմից մտցնեիր, մյուս կողմից հանգիստ էր գալըմ: Շատ փխրուն հող էր, քարի կտոր չկար: Ցավով էի լսում նրան, որ պատանեկությունը պատերազմներում է անցկացրել: Հարցիս, թե ինչ էր անում. - Ա°յ տղա, դե թոփչի վրա էի, էլի (գնդացրորդ): Մինչև հմի գլուխս դմմըմա: Հետո թվում էր իր ղեկավարների անունները` Նազարբեկով, Բեկ Փիրումով, Դրո: Հենց վերջինիս գլխավորությամբ էլ մասնակցել է Ապարանի ճակատամարտին, նույնիսկ չպատկերացնելով, թե Թալպիսի հերոսական ծառայություն է պարգևել մեր ժողովրդին: Երեկվա պատանին երիտասարդացել էր, թրծվել պատերազմներում, բարի էր իր զինակից ընկերների, մարդու նկատմամբ: Պատմում էր, որ ճակատամարտերից մեկի նախօրեին, զինակից երիտասարդներից մեկը կորցրել էր իր ձին: Դրոն շատ խիստ զորավար էր և պետք է պատժեր զինվորին: Անհանգիստ, ընկերասեր պապս երեկոյան մոտենում է Դրոյին ու դիմում. - Մե°ծն զորավար, խնդրում եմ առայժմ հետաձգել զինվորին պատժելը և թույլ տալ ինձ գտնել ձին: Եթե մինչև առավոտ չվերադարձնեմ կորած ձին, ինձ էլ մեղավոր զինվորի հետ պատժեք: Դրոն համաձայնվում է: Միայն լուսադեմին է պապս վերադառնում զորամաս` իր հետ բերելով «ձիանքը». կորած ձին և մեկն էլ` լրացուցիչ: Երևում է աշխույժ պապ եմ ունեցել: Պատմում էր, որ մի անգամ սոված զինվորները անցնելիս են եղել, ըստ երևույթին, մի մեծահարուստի տան մոտով ու զգացել են եփվող մսի ախորժալի բուրմունքը: Բոլորը գլխիկոր շարունակել են ճանապարհը, բայց պապս ճարպկորեն անցել է ցանկապատի վրայով, կաթսայից հանել է մսի կտորներ, լցրել զինվորական գլխարկի մեջ, վերադարձել, ճաշկերույթ կազմակերպել: Մարտերից մեկի ժամանակ, երբ ստիպված էին ժամանակավորապես նահանջել, պապս ճանապարհի եզրին մի բարուրած նորածին է նկատել: Երեխային «դոն-դախով» դրել է ձիու թամքին ու շարունակել ճանապարհը: Երեկոյան հայտնվել են երեխայի ծնողները, խնդրել, աղաչել են ետ վերադարձնել մանկանը: Զայրացած պապս, չարդարացնելով ծնողի վարմունքը` լքել հարազատ որդուն, հրաժարվել է կատարել խնդրանքը: Հետո «պատվիրակություն» է եկել. մի կերպ համոզել են պապիս ու մանկանը տարել: Պատերազմից հետո պապս գերադասեց գյուղական կյանքը ու հիմնավորվեց Էջմիածնի շրջանի Արբաթ գյուղում: Հիմնեց իր բաղը (խաղողի այգին) ու որոշեց խաղաղության մեջ ապրել, բայց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա էլ գնաց ու վերադարձավ հաշմանդամ: Ըստ հոսպիտալի տրված վկայականի, նա վեց ամիսը մեկ պետք է ստուգվեր բժշկական հանձնաժողովի կողմից: - Ա°յ տա, թե որ ոտս սաղկատ ա, կարո՞ղ ա վեց ամիս հետո սաղանա,- զարմանում էր նա: Երեք պատերազմի բովով անցած հաշմանդամ պապս դժգոհ էր թե° նախկին , և° թե հաջորդ իշխանություններից: Խոսում էր անկաշկանդ, անվախ, անգամ այն ժամանակ, երբ հասարակ մահկանացուի սեփական կարծիքն ունենալը վտանգավոր էր: - Է¯, էրեխեք,- մի օր ասաց նա,- խաբեցին մեզ բոլշևիկները: Ո՞նց մոռանամ, երբ նրանք Երևանի բանտում տապոռներով անմեղ մարդկանց գլուխները կոտրեցին: Ձեր Լենին պապը չէ՞ր, որ Նիկոլայ ցարի ազգուտակին կոտորեց: Մի օր շատ զայրացած տուն եկավ: Պարզվեց, որ զինկոմին դիմել էր ավտոմեքենա գնելու հարցով: - Ասեց չի հասնում: Ատա, բա ո՞ւմն ա հասնըմ: Ես քո մոր ֆոքին…,- հայհոյում էր պապս: Չգիտես` ինչու, պապս ադրբեջանցիներին թուրքեր էր համարում: Ինչքան էլ ջանում էի նրան բացատրել, որ ադրբեջանցին ո°չ թուրք է, ո°չ էլ ազգ, հավաքածու է, չէր համոզվում: Ղարաբաղյան պատերազմի լուրը ցնցեց նրան. խամրած աչքերը փայլատակեցին, գերբնական ուժով ոտքի կանգնեց: - Ադա, ոնց թե էդ սաբոն ուդող թրքերը գլուխ են բարձրացրել: Մե թվանք տվեք` էրթամ կռիվ: Ես դրանց «մասամբը…», ես դրանց «հոր քյալեն…»: - Չէ, պապ,- փորձեցի հանգստացնել նրան,- դու քոնը արել ես, հիմա մեր հերթն է: …Հիմա պապս չկա: Նա շատ բաներ չհասցրեց պատմել, չլսեց Արցախյան պատերազմի հաղթանակի լուրը: Հիմա նա մեր տոհմածառի մի ճյուղն է դարձել: - Ողորմի¯ քեզ, պա°պ, հազա°ր ողորմի: Համլետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Զվարթնոց» օդանավակայանի վարչության գլխավոր ինժեներ: