ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է


 

ՀԱԿ անդամ և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սուր քննադատության է ենթարկել դաշինքը, նրա ղեկավարներին, հատկապես անհանդուրժելի համարել այն, որ ՀԱԿ-ն իշխանությունների հետ գնացել է երկխոսության, հզոր ուժից վերածվել շատ սովորական ընդդիմադիր զանգվածի:

- Այսօր, ցավոք սրտի, Կոնգրեսին ժողովուրդն այլևս ուժային կենտրոն չընկալեց, որովհետև իշխանությունները համատարած իրենց ընտրակաշառքով, անսահման ցինիզմով, ժողովրդի վրա վարչական ռեսուրսով, անսահման ճնշումով, ժողովրդին թույլ չտվեցին կողմնորոշվելու: Եթե թույլ տային, ապա միգուցե իրենք ընկալեին ՀԱԿ-ին որպես ուժային կենտրոնի, բայց ՀԱԿ-ի սխալների արդյունքում հնարավորություն ընձեռվեց իշխանությանը ժողովրդին ապակողմնորոշել,- ասել է Մակեյանը: Ի դեպ, Մակեյանն իր անհամաձայ նությունները հայտնել է նաև դաշինքի ներսում` վերջին շրջանում աշխատելով շատ մոտ չլինել իր կուսակցական ընկերներին: Մեծամասնական ընտրակարգով պարտություն կրելով հայրենի Արթիկի տարածաշրջանում, որի գործկոմի նախագահն էր եղել, եղել էր Շիրակի փոխմարզպետ, իսկ Փանիկ գյուղն ու նրա շրջակայքը կարելի է ասել` մակեյանական էին, նա ավելի է զայրացել և խոսել ընտրակաշառքների, անձնագրերի հավաքման և այլնի մասին: Զարմանալի է, որ դեռևս ընտրություններից առաջ իր անհանգստությունները հայտնելով ՀԱԿ առաջնորդներին, Մակեյանը նրանցից աջակցություն չի ստացել: Ստացվում է, որ ճիշտ էին այն բոլոր խոսակցությունները, որ ՀԱԿ-ը տրոհված է մի քանի խմբերի, կան մարդիկ, ովքեր չընդունելով դաշինքի գործունեության սկզբունքները և մեթոդները, այնուհանդերձ չեն լքում այն` հավանաբար ընդդիմադիրի վարկանիշը չկորցնելու համար:ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է