«ԱՆՑՈՂԻԿ ՏԵՂԵՐ» ԵՆ ԲԱՑՎՈՒՄ


 

Դեռևս ընտրություններից առաջ ՀՀԿ ղեկավարները նշում էին, որ կուսակցության համամասնական ցուցակի «անցողիկ տեղերում» հանգրվանած շատ թեկնածուներ պաշտոններ են ստանձնելու գործադիրում, ինչն էլ մինչև 100-115-րդ տեղերում հայտնվածներին հույս էր ներշնչում, որ նրանք անպայմանորեն մանդատներ են ստանալու: Եվ ահա աստիճանաբար խոսակցությունները վերածվում են իրականության: Արդեն իսկ հայտնի է, որ առաջին երեք տասնյակում տեղեր զբաղեցրած և ընտրված համարվող պատգամավորներից շատերը հրաժարվելու են մանդատից: Նրանց շարքում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ուրիշներ:

Ցուցակի հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Նիկոյանը ևս հրաժարվելու է պատգամավորական մանդատից: ԱԺ նախկին նախագահը, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ստանձնելու է բնապահպանության նախարարի պարտականությունները: Իսկ սա նշանակում է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ վերցնելու է պատգամավորական մանդատը, եթե, իհարկե, նրան նոր պաշտոն չառաջարկվի: