«ՃՈՅՏԻՆ» ՄՈՄՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ


 

Էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», ընտրությունների առավոտյան գնացել էր եկեղեցի, մոմ վառել, ապա հույսով ու հավատով հետևել ընտրությունների ընթացքին` ակնկալելով, որ այս անգամ գոնե ինքը կհայտնվի խորհրդարանում: Թե նրա ինչի՞ն էր պետք օրենսդիր դառնալը` անհասկանալի է շատերի համար, սակայն ոմանք էլ պնդում են, որ նա պատգամավոր էր ուզում դառնալ, որպեսզի ազատորեն ելումուտ աներ ԱԺ շենք, արտասահման մեկնելու լայն հնարավորություններ ունենար: Իհարկե, նա մի անգամ արտասահմանյան` Էմիրաթների, բանտում էր հայտնել, որտեղից էլ «վերցրել» էր արաբ բանտարկյալների նամազի համար նախատեսված գորգը: Բայց դե մարդու սիրտը նորից շրջագայել էր ուզում. ո՞վ իրավունք ուներ նրան արգելել երազել: Բայց մայիսի 6-ին էլ Հակոբ Հակոբյանի երազանքն իրականություն չդարձավ, ու հաղթեց Սեյրան Սարոյանը: Էջմիածնում ասում են, որ եթե «Ճոյտը» ժլատություն չաներ և մի զույգ մոմի փոխարեն հինգ զույգ վառեր, ապա Աստծո աչքը քաղցր կլիներ իր վրա: Հիմա «Ճոյտը» որոշել է գումար տնտեսել` մյուս ընտրությունների օրը հինգ զույգ մոմ վառելու համար: