Բժշկական համալսարանը հոգեկան հիվանդ շրջանավարտնե՞ր է տալիս


 

Վերջերս «զարմանալի» բաներ են կատարվում Երևանի պետական բժշկական համալսարանում: Այդ զարմանալի բաները միայն այսօրվա դեպքերով չեն սահմանափակվում: Օրինակ, նախկին ռեկտոր Գոհար Քալյանի անվան շուրջ այնքա˜ն սուր քննադատական հոդվածներ գրվեցին: Դե, մարդը բժիշկ էր, հո մաթեմատիկոս չէր, որ թվաբանություն լավ իմանար: Նա պարզապես սխալվել էր թվերը հաշվելիս, էդ թվերն էլ փողի հետ կապ ունեին: Իսկ փողի թվաբանության սխալները ոչ միայն չեն ներում, այլև ուղղում են պահանջում: Ասում են` սխալների ուղղման ժամանակ պարզվել է, որ նա վաղուց հոգեկան խանգարում է ունեցել և անմեղսունակ ճանաչվել: Բա˜, Բժշկական պետական համալսարանի ռեկտորը, պարզվում է` հոգեբուժարանի պացիենտ է եղել: Բա էլ ո՞նց է էդքան տարի, էդ հսկա համալսարանը ղեկավարել: Հավատս չի գալիս. կա´մ չի ղեկավարել (բայց դե հաստիքով և պաշտոնով նա ռեկտոր է եղել, վկաներ կան), կա´մ բժիշկներն են սխալ ախտորոշել: Աստված իր հետ: Երևի թվաբանական սխալն ազդել է ինչ-որ մեկի հուշելով:

Հետո նշանակեցին նոր ռեկտոր: Սա էլ առանձնապես առողջ չէր, որովհետև «ավլեմ-թափեմ փոշին» ասելով` աշխատանքից հեռացնում է մի քանի ամբիոնի վարիչների ու նրանց տեղը նորերին նշանակում: Ու էդ «գործի» ժամանակ բարձրացրած փոշուց «հիվանդանում» է և «աչքին ոչինչ չի երևում»: Օրինակ, բառացիորեն մի քանի օր առաջ համացանցում «Արտառոց դեպք բժշկական համալսարանում. պրոռեկտորը բռնաբարել է նախկին ուսանողուհուն» վերնագրով հոդված է հայտնվել:

Չար լեզուներն ասում են, որ սա Սամվել Ավետիսյանի առաջին փորձը չէ. տարիներ առաջ «բռնի բարության» ևս մի փորձ է արել ոչ թե նախկին, այլ սովորող ուսանողուհու հանդեպ: Այն ժամանակ աղջկա եղբայրն, ասում են «բարոյական» մի լավ դաս է տվել Արծրունիչին, բայց ինչ-ինչ ուժերի հովանավորությամբ նա մնացել է իր պաշտոնին:

Դե որ մի անգամ հանցանքի վայրում բռնվում ես ու չես պատժվում, «մարդկայնորեն» ուզում ես մինչև վերջ գնալ և հասնել «ինքնահաստատման»: Բայց էս անգամ «խոփը քարին դեմ առավ». երիտասարդ աղջիկը աղմուկ է բարձրացրել: Իսկ Արծրունիչը` որպես բժիշկ, աղջկա այդ արարքը «ախտորոշել» է շիզոֆրենիա:

Զարմանալի բուհ է էս բժշկական պետական համալսարանը. 7 տարի ուսանողը սովորում է, պետական քննություններ է հանձնում, որակավորում է ստանում, աշխատանքի է նշանակվում, և ոչ ոք չի հասկանում, որ այդ ուսանողը հոգեկան հիվանդ է: Չեն հասկանում նաև, որ ռեկտորը նույնպես հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ պրոռեկտորն էլ սեռական բնույթի մոլագարության հակումներ ունի:

Լավ, էս բժշկական համալսարանում հոգեբուժության ամբիոն չկա՞: Իսկ ներկայիս ռեկտոր Դ. Դումանյանը լրագրողի հարցին ծիծաղելով պատասխանել է, թե Արծրունիչը կարգին մարդ է: Այսինքն` ի՞նչ:

Այս կամայականությունները և սեռական բռնությունները չե՞ն մտահոգում համալսարանի առաջին դեմքին:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ