Օբաման կոչ է անում.... վախենալ


 

 

Պնդողներ կան, որ այս քարոզարշավը լիովին տարբերվում է նախորդից: Եթե 2008-ին նրա նշանաբանը հույս ու փոփոխությունների խոստումն էր, ապա այսօր երևի բարոյականությունը նրան թույլ չի տալիս պտտել նույն «ճախարակը»: Մեր քաղգործիչներն, օրինակ, արդեն 2-3 նախընտրական քարոզարշավներում փրփուրն ի բերան բարեկեցություն, աշխատատեղեր ու չգիտես թե է´լ ինչ օդային ամրոցներ են խոստանում: Ընտրվելուց, ավելի ճիշտ` խորհրդարան սպրդելուց հետո սկսում են տառապել ամնեզիայով: Իրենց նախընտրական խոստումների տոպրակները չգիտես որ բանկում են պահ տալիս, որպեսզի 4 տարի հետո նորից բացեն ու գունավոր երազներ պատմեն: Օբաման արժանապատվություն ունի, և իր կառավարման տարիներին գործազրկության 8 % աճի փաստը նրան թույլ չի տալիս այս ու նման թեմաներով խոսել: Փոխարենը նա վախեցնում է, որ հանրապետականների իշխանության գալով` երկրում վիճակն ավելի կվատթարանա:

2012-ն ընտրական տարի է` միջազգային արենայում: Մինչ բազմաթիվ պետություններում արդեն ընտրել են երկրի նախագահ ու խորհրդարանների նոր կազմ, Ամերիկայի և Ռուսաստանի առաջնորդների համար անցնող շաբաթը սկսվել է նշանակալի իրադարձությամբ: Վլադիմիր Պուտինը երդմնակալությամբ վերստին ստանձնել է Ռուսիո առաջնորդությունը, իսկ Բարաք Օբաման նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական նախընտրական քարոզարշավի մարաթոնի ելավ:

Ու միայն նրա կոչը չէ, որ ինքնատիպ է. Օբաման բարեփոխումներ խոստանալու, հույսեր ներշնչելու փոխարեն ամերիկացիներին կոչ է արել... վախենալ:

Թղթակիցներին նա պատմել է, որ այս անգամ ինքն ու իր թիմակիցները հանդիպելու են իրենց բոլոր ընտրողներին` անցնելով ամեն թաղամաս, այցելելով ամեն տուն: Նա ընտրողների վերնախավ է համարում երիտասարդությանը, կանանց, իսպանախոս բնակչությանը, աֆրոամերիկացիներին, միջին եկամուտով ապրողներին ու վետերաններին: Այս անգամ նա ավելի հարձակողական է լինելու մրցակից` Միթ Ռոմնի հանդեպ, ում դեմոկրատները մեծարում են որպես «արտոնյալ դասի պաշտպան»: Ու հենց առաջին պաշտոնական հանրահավաքում (Օհայո նահանգում) նա մատնանշել է այդ փաստը:

TiΗes-ը փաստել է, որ Օբամայի շանսերն առայժմ ամենաբարձրն են գնահատվում: Առավել մեծ կարևորություն ունեցող 14 նահանգներում նա 3 և ավելի տոկոսով գերազանցում է մրցակցին: Վերջինս նրանից առաջ է ընդամենը 2 նահանգում: