Հակախորհրդային «սադրանք»


 

«Հիվանդագին ատելություն» բնորոշումը մեղմ է` բնութագրելու համար Ուկրաինայի ազգայնականների հետահայաց պոռթկումները Սովետմիության հանդեպ: Նույն պետության դեմ պայքարած, դրա փլուզմանը նպաստած երկրներում անգամ Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակի օրը շուքով են նշում: Իրականում` բոլորը խնկարկում են իրենց կյանքերով ֆաշիզմը խորտակած ռազմիկների հիշատակը: Բայց ուկրաինացի ազգայնամոլներն այդ օրը կարմիր դրոշներ են այրել: Ստացվում է` այդ երկիրը հլու-հնազանդ անդամակցել է Խորհմիությանը, որն արդեն գոյություն չունի, և հիմա միայն հիշել են դրա զազրելիության մասին ու կռիվ են մղում անգոյի դեմ:

Մայիսի 9-ին ազգայնական «Եղբայրություն» կուսակցության ակտիվիստները, ի նշան Հաղթանակի օրը նշելու դեմ բողոքի` Ուկրաինայի խոշոր քաղաքներում տեղադրել են մեկուկես մետրանոց արձաններ, որոնք պատկերել են իր բնական կարիքը հոգացող Իոսիֆ Ստալինին (գրել է InoPressΖ-ն):

Սկզբում նրանք կամեցել են «ժողովուրդների հոր» կիսանդրին տեղադրել Կոմկուսի գրասենյակի կողքին: Բայց հետո ծրագիրը փոխվել է, և Ստալինին «կանգնեցրել» են հարևան փողոցում: Չորս երիտասարդ արձանը տեղադրելուց հետո, դրա ոտների արանքում ամրացրել են թափանցիկ փողրակ, որի մյուս ծայրն անցկացրել են 5 լիտրանոց ջրով լի շշի մեջ: Եվ «միզող» Կոբան նմանվել է իսկական շատրվանի: Ասում են` այս զավեշտի հեղինակները մտադիր են ջրի փոխարեն նաև ոգելից խմիչքներ «հոսեցնել» այդ փողրակով:

Նույնատիպ «հուշարձաններ» մայիսի 7-ից տեղադրվել են Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում: Լվովում արձանը շուտով անհետացել է:

Ինչպես և սպասելի էր` հակախորհրդային այս պոռթկումն ամենից ավելի զայրացրել է տեղի կոմունիստներին, ովքեր դա որակել են որպես սադրանք և քաղաքական դիվերսիա: