Անզուսպ «թիթեռնիկը»


 

Ժամանակակից աշխարհում մարմնավաճառության հանդեպ տարբեր մոտեցումներ կան: Որոշ երկրներում, օրինակ, շահ ստանալու նպատակով սեռական ծառայություններ մատուցելն օրենքով արգելված է: Որոշ երկրներում արգելված չէ, սակայն կան սահմանափակումներ, և պատասխանատվություն է նախատեսված ոչ թե մարմնավաճառությամբ զբաղվելու, այլ սահմանված կանոնները խախտելու համար: Այնուամենայնիվ, մարմնավաճառությունը սոցիալական բացասական երևույթ է, որի դեմ պայքարում են աշխարհի բոլոր երկրները` արգելելով, կամ էլ հսկողություն սահմանելով: Փողոցային, չվերահսկվող մարմնավաճառությունը, լինելով վեներական հիվանդությունների տարածման, ՁԻԱՀ-ով վարակվելու աղբյուր` հասարակական վտանգ է ներկայացնում: Այլ կերպ ասած` մարմնավաճառությամբ զբաղվողն առօրյա կյանքում մեծ հնարավորություն ունի առնչվելու քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքների հետ, ինչպիսիք են վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը, մարդու թրաֆիքինգը, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելը, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և այլն:

Մեր հրապարակման մյուս հերոսուհին, ի տարբերություն առաջինի, ոչ միայն իրեն մեղավոր չի ճանաչում ու չի զղջում ցինիկ պահվածքի համար, այլև նախկինում ևս աչքի է ընկել օրենք խախտելու «պատրաստակամությամբ»: Քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածի հատկանիշներով էր նրա նախկին դատվածությունը, ինչն արդեն խոսում է նրա մարդկային նկարագրի ու ոչ կանացի կերպարի մասին:

Քրիստինե Տ.-ի հիմնական «գործատեղը» Բաղրամյան և Մոսկովյան խաչմերուկն է:

Այդ գիշերը նրա կյանքում սովորականներից էր, և սովորականի պես էլ մարմնավաճառ երեք ընկերուհիներով հարմար տեղում հարմար հաճախորդ էին սպասում: Ի տարբերություն ընկերուհիների, Քրիստինեն հարբած էր: Տրամադրությունը նա հաճախ էր բարձրացնում օղիով, և այդ օրը եզակիներից չէր, սակայն առանձնացավ նրանով, որ մարմնավաճառուհիների «տոնական» բարձր տրամադրությունը «խանգարվեց» տարածքում ծառայություն կատարող ոստիկանների կողմից:

Թերևս Քրիստինեի բարձր տրամադրությունից ազդված` երեքով բարձրաձայն ծիծաղում, խոսում, անհասցե հայհոյում էին` ուշադրություն չդարձնելով անցուդարձ անողներին:

Մարմնավաճառուհիների գիշերային «ցուցադրությունը» նկատում են տարածքում ծառայություն կատարող ոստիկանները և մոտենալով աղմկարար եռյակին` պահանջում են հեռանալ տարածքից: Երկուսը անմիջապես ենթարկվում են ոստիկանների օրինական պահանջին, սակայն Քրիստինեն, որ  սեփական անձի ու կամքի «կարևորության գիտակցումով» էր տոգորվել, սկսում է ճչալ ու հայհոյել ոստիկաններին:

Ոստիկանները պարեկային մեքենա են կանչում, որ անսանձ մարմնավաճառուհուն տանեն բաժին: Մինչ մեքենայի ժամանումը` Քրիստինեն շարունակում է ագրեսիվ պահվածքը` խուլիգանական արտահայտություններով ու աղմուկ-աղաղակով խաթարելով գիշերային անդորրը: Դա նրա կենսակերպին հարազատ վիճակ էր, մանավանդ եթե նկատի ունենանք, որ դեռ չմարված դատվածությունը նաև նման հատկանիշներ պարունակող արարքի համար էր:

Անսանձ աղջկա հիսթերիայի վերջին ակորդը ոստիկանին հովանոցով հարվածներ հասցնելն էր: Վնասելու ցանկությունն ու ջանքերն այնքան բուռն էին, որ հովանոցը հարվածներից ջարդվում է...

Գործընկերոջն օգնության հասած ոստիկաններն, ի վերջո, մարմնավաճառին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Քրիստինե Տ.-ն չի ընդունել իր մեղավորությունը, ինչը, սակայն նախաքննական մարմինը հիմնավորել է ձեռք բերված ապացույցներով:

Մարմնավաճառության դեմ պայքարն իր առանձնահատուկ մոտեցումներն ունի. այն դժվար կանխարգելվող երևույթ է, որովհետև մարմինը վաճառքի առարկա դարձնողներն իրենք պետք է գիտակցեն, որ ախտի մեջ են խրված, որ իրենց արարքը արատավոր լինելուց զատ հակահասարակական հնչողություն ունի, որ նյութական ծանր վիճակում գտնվելու պատրվակը քննություն չբռնող հորինվածք է: