ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ` ԽՈՇՈՐՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ


 

Նախօրեին հրապարակած խոշոր հարկատուների հերթական ցանկից պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի առաջատար հազար հարկատուների` պետբյուջեին վճարած գումարները 14,8 միլիարդ դրամով ավելացել են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 14 տոկոս աճի մասին է վկայում: Հարկային պետական ծառայության հրապարակած վիճակագրությունը փաստում է, որ հարկային բեռն առավելապես խոշորների ուսերին է:… Համենայն դեպս, եթե նախորդ տարվա առաջին ամփոփումը խոշորներին է վերագրում հարկային մուտքերի 76 տոկոսը, ապա այս տարի նշված թիվն ավելացել է` հասնելով 82,3 տոկոսի:

Սրանով հանդերձ` հարկ է ընդգծել, որ բազմաթիվ տնտեսվարողների դեպքում առաջընթաց ապահովվել է ոչ այնքան պարտաճանաչության աճի, այլ ավելի շատ մի շարք օբյեկտիվ տնտեսական զարգացումների ներգործության շնորհիվ:

Դիտարկենք հենց խոշորների ցուցակը գլխավորող «Հայռուսգազարդի» վճարումները:

Գազամատակարար ընկերությունն էապես ավելացրել է պետբյուջեին կատարվող վճարումները, ինչը կարող է պայմանավորված լինել երկու կարևոր հանգամանքով. նախ ՊԵԿ-ն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները, երբ ցուրտ ու երկարաշունչ ձմեռը կտրուկ ավելացրել էր գազի սպառման ծավալները: Բացի այդ, վառելիքի մյուս տեսակների գների շարունակական թանկացման պայմաններում երկնագույն վառելիքի պահանջարկը հետզհետե աճում է: Նույնիսկ «Հայռուսգազարդի» կողմից հրապարակված թվերն են վկայում, որ այս տարի 16-17 տոկոսով աճել են բնական գազի ներկրման ծավալները:

Խոշորների հազարյակին ծանոթանալիս նմանատիպ օրինակների էլի կարելի է հանդիպել: Վառելիքային թեմայից չշեղվելով` անդրադառնանք նաև բենզին ներկրողների կատարած վճարումներին: Մինչ ոլորտի տնտեսվարողները դժգոհում են վաճառքի ծավալների անկումից, պարզվում է, որ նրանց կատարած վճարումներն էլ իրենց հերթին են ավելացել: «Անտրամաբանական» թվացող այս համեմատության գաղտնիքը, սակայն, գնաճն է: Ի վերջո, բենզինն ու դիզվառելիքը նշված ժամանակահատվածում այնքան թանկացան, որ ինքնաբերաբար պետք է արտահայտվեին նաև հարկային վճարումների տեսքով:

Գնաճն, իհարկե, որևէ կերպ կանգ չի առնում, սակայն նույնիսկ խոշոր հարկատուների ցանկում միշտ չէ, որ հանրապետության առաջատար հարկատուները ավելացրել են վճարումները:

Բջջային և ինտերնետ կապի շուկայում մասնավորապես զգալի հետընթաց է արձանագրել «ԱրմենՏելը»: 2011-ի 3,1 միլիարդի դիմաց այս տարի «Բիլայնն» ընդամենը 2 միլիարդ դրամ է վճարել: Կրկնակի պակաս` ընդամենը 634 միլիոն դրամ էլ վճարել է «Օրանժ» ընկերությունը` տեղ զբաղեցնելով խոշորների ցուցակի ընդամենը 28-րդ հորիզոնականում: Ուրախությամբ է պետք փաստել իրողությունը, որ առաջատարների հազարյակում քիչ չեն նաև տեղական արտադրողները: Հայրենական և հատկապես ծխախոտի ու ոգելից խմիչքների արտադրությունը հետզհետե ավելի ու ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել սպառողների շրջանում: Աճում են նաև արտահանման ծավալները:

Իսկ ընդհանուր առմամբ` ՊԵԿ հերթական հրապարակումը վկայում է, որ խոշորների ցուցակում վերջապես ցանկալի կայունություն է հաստատվում: Այն այլևս անուղղակիորեն մեծ ցնցումների չի ենթարկվում, ու հայրենի տնտեսվարողներին հիմնականում հաջողվում է պահպանել իրենց դիրքերը` աճ արձանագրելով կատարած վճարումների մասով: