ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԻ


 

Շատերն էին սպասում, որ գոնե Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ հիմա էլ նախագահ դարձած Պուտինը Մեդվեդևին հանձնեց վարչապետի աթոռը` Հայաստանում ևս կկրկնվեր ուշացած սցենարը, և Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ կաներ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար: Ոմանք անգամ պնդում էին, թե Ստեփանակերտում պիտի տեղի ունենար Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանձնազրույցը, որի ընթացքում էլ երկրորդ նախագահը պահանջելու էր վարչապետի պաշտոնը: Այս խոսակցություններն առավել առարկայական դարձան, երբ Ստեփանակերտում կայացած զինվորական շքերթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնեց Արկադի Ղուկասյանը. խոսվում էր, որ առանձնազրույցը տեղի էր ունենալու Ղուկասյանի միջնորդությամբ: Սակայն հանդիսությունների ավարտին մոտ` Ռոբերտ Քոչարյանն անհետացավ բոլորի տեսադաշտից և անաղմուկ հեռացավ Լեռնային Ղարաբաղից: Սա նշանակում է, որ Քոչարյանը Ստեփանակերտ էր գնացել ոչ թե վարչապետական խնդիրներ լուծելու, այլ միայն տոնին մասնակցելու համար: Դեռ վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ չէր անդրադարձել վարչապետի պաշտոնին ձգտելու խնդրին: Կարելի է եզրակացնել, որ երկրորդ նախագահն իսկապես չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը և առայժմ չի էլ մտածում մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: