Երաժիշտ-կատարողների «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը


 

Արդեն չորրորդ տարին է` Գյումրին դիմավորում է գարունը մեծ ակնկալիքով և ապրումներով: Բնության զարթոնքի հետ Հայաստանի երկրորդ քաղաքի մշակութային կյանքը նույնպես նորովի վերածնունդ է ապրում:

2012 թվականի ապրիլի 10-ից մինչև 19-ը մեծ շուքով կայացավ հանրապետությունում իր նախադեպը չունեցող «Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որին ինն անվանակարգերում (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, մեներգեցողություն, կամերային անսամբլ, էստրադային-ջազային երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, կոմպոզիցիա) մասնակցում էին 1365 երաժիշտ կատարող աշխարհի 25 երկրներից: Այս անգամ նույնպես այն կայացավ Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ և ընդլայնված մասշտաբներով ու հագեցած մշակութային ծրագրերով:

Հոյակապ նախագծի գաղափարի և իրականացման հեղինակն է փառատոնի համանախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը: Մտահղացման իրականացման և Գյումրու համար նման մեծ մասշտաբների ձեռնարկի կայացման համար կարևոր նախապայման է ֆինանսական աջակցությունը: Անգնահատելի է մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի (ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան, Երևանի պետական համալսարանի հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ. Սարգսյանի), գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և մի շարք հովանավորների աջակցությունը:

Արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած և Հայաստանի մերօրյա հանրահայտ կատարողներից, բազմավաստակ մանկավարժներից կազմված հեղինակավոր ժյուրին համակարծիք էր, որ սա պարզապես մրցույթ չէր, այլ հիրավի տոնակատարություն, որտեղ թագավորում էր դասական երաժշտությունը: Հնչյունային կախարդական աշխարհի ինքնատիպ մեկնաբանություններ էին նաև գյումրեցի նկարիչներ Վահան Թոփչյանի և Անժելա Մանվելյանի նկարները, որոնց ցուցադրությունները հյուրերին առավել ամբողջական էին ներկայացնում մեր քաղաքի կերպարվեստի արդի վիճակը, գյումրեցու ներաշխարհը և համամարդկային արժեքներին հաղորդակից լինելու ձգտումը: Այս ամենը համեմված էր մեր քաղաքի համար տիպական հյուրընկալությամբ, համ ու հոտ ունեցող կոլորիտով:

Ժ. Տեր-Մերկերյան, Հ. Դուրգարյան, Ս. Մուսայելյան, Ս. Մանուկյան, Ա. Գարբեր, Ա. Պապաս, Մ. Մինա, Օ. Կասեմաա, Գ. Կաբկա, Վ. Գրախովսկի... Անուններ, որոնց ներկայությունը Գյումրիում մոտ 10 տարի առաջ կարող էր երազանք թվալ: Բարձրորակ արվեստի և հատկապես դասական երաժշտության կարոտ քաղաքը այսօր իր շուրջն է համախմբել բոլորին:

Այդ օրերին տարբեր երկրների դրոշներով զարդարված, տոնականորեն կերպարանափոխված փողոցներում հաճախ կարելի էր տեսնել երաժշտական գործիքներով «զինված» տարբեր ազգի երիտասարդների, ովքեր առավել շատ ելույթներ ունկնդրելու ակնկալելով շտապում էին մեկ դահլիճից դեպի մյուսը: Մրցույթ-փառատոնի տասնօրյա աշխատանքային մարաթոնի կիզակետին մեկնարկեց նաև կոմպոզիցիայի մրցույթը, որն այս տարի անցկացվում էր առաջին անգամ` բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռելով ներկայանալ վոկալ և գործիքային ստեղծագործություններով: Իսկ «Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը և Հայաստանը» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը ներառում էր երաժշտագիտության, ազգագրության, կերպարվեստի, բանասիրության, մանկավարժության և արվեստի այլ ճյուղերի արդիական խնդիրների քննարկումներին նվիրված շուրջ 60 զեկուցումներ:

Բայց գլխավորը դեռ առջևում էր, քանի որ բոլորը, շունչը պահած, սպասում էին արդյունքների հրապարակմանը: Ու, որպես վերջին ակորդ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հրապարակվեցին մրցանակակիրների անունները: Դաշնամուրային անվանակարգում` իրանցի Ռոքնի Արաշ Մոխսեն էր: Լարային գործիքներ անվանակարգում Մեծ մրցանակը բաշխվել էր երկու ջութակահարների միջև` Մարիկե Կրուպը` Էստոնիայից և Մարիամ Վարդանյանը` Հայաստանից: Փողային գործիքներ անվանակարգում Մեծ մրցանակի արժանացավ սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանը` Հայաստանից: Մեծ մրցանակի արժանացան նաև Բերդիբեկ Կուլգարաևը (Էստրադային-ջազային երգեցողություն, Ղազախստան), Մհեր Գալստյանը (ազգային երգեցողություն, Հայաստան), Մեհրաբովա քույրերը (դաշնամուրային դուետ, Վրաստան), իսկ գործիքային անսամբլ անվանակարգում` Գ. Ենգիբարյան, Ա. Եսայան, Զ. Ամիրաղյան տրիոն (Հայաստան): Առանձնահատուկ ուշադրության են արժանի կոմոզիցիա անվանակարգի մասնակիցները: Ժյուրիի անդամների` Ա. Լարինի, Ա. Օրենբուրգսկու, Վ. Աճեմյանի, Ե. Երկանյանի, Ա. Սաթյանի, Ս. Մոուսթոսի գնահատմամբ` հետաքրքիր և խոստումնալից ստեղծագործությունները շատ էին: Մասնակիցների ստվար մասը ստեղծագործական շնորհով օժտված վառ անհատականություններ էին, սական ընտրվեցին երկուսը` գործիքային ստեղծագործության մեջ Բելա Հովհաննիսյանը, և վոկալ ստեղծագործության հեղինակ Շուշան Սարգսյանը: Նրանց ստեղծագործական ճանապարհին այս մրցույթ-փառատոնը առաջինն էր և որպես կոմպոզիտոր գնահատվելը ոգևորող և պարտավորեցնող էր:

Լուսինե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Գյումրի