«Խելացի կրծկալներ»


 

Դրանք նաև «հոգատար» են և կարող են շտապ օգնություն կանչել` անհրաժեշտ պահին: Ամերիկյան Արկանզասի համալսարանի ինժերներների խմբի նոր հայտնագործությունն է դա, որը կարող է օգնել բժիշկներին` վերահսկելու իրենց մոտ բուժվող վատառողջ մարդկանց` աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվելիս լինեն: Դե, այդ բժիշկներն էլ «խելացի կրծկալից» պակաս հոգատար չեն և ահազանգի դեպքում իսկույն շտապօգնություն կհասցնեն անհրաժեշտ վայր:

Ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայով «զինված» այս բուժվերահսկիչները նաև չափչփում են դրանք կրողների առողջական վիճակը և Bleutooth-ի կամ Wi-Fi-ի նմանությամբ տեղեկատվություն ուղարկում անլար ցանցով (տեղեկացրել է TCH.uΖ-ն):

Հասկանալի է` նրանք ախտորոշում են գերազանցապես սրտային խնդիրները:

- Մեր էլեկտրոնային կրծկալը թույլ է տալիս անընդմեջ հետևել հիվանդի առողջական վիճակին,- պատմել է գիտնական Վիջեյ Վարադանը:

Նրա նկարագրելով` դա հենահարթակ է, որի վրա տարբեր սարքեր նշագրում են օրգանիզմի աշխատանքը: Մասնավորապես` արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը, թթվածնի սպառումը:

Իսկապե´ս խելացի այդ հագուստը կարող է օգտակար լինել նաև մարզիկների համար` մարզումների ընթացքում: