ՉՆՊԱՍՏԵԼՈՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ


Հայրենի տնտեսվարողների մեծ մասը սկսել է վերելքի ճանապարհով ընթանալ, ու խոշորների ցուցակում ընդգրկվածները համատեղ ուժերով 9,6 տոկոսանոց աճ են ներկայացրել: Իհարկե, հանքարդյունաբերության նոր վերածնունդը նպաստել է ընդհանուր դրական ցուցանիշի ձևավորման: Զգալի դերակատարում է ունեցել հատկապես «Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատը»: Երբեմնի ընդգծված այս առաջատարին հաջողվել է նախկին դիրքերը վերականգնել: Նման առաջընթացը ոչ միայն պղնձի ու մոլիբդենի նախաճգնաժամային գների վերականգնման վկայությունն է, այլ, որ արդեն մտահոգիչ է` մեր երկրի ընդերքը հնարավորինս արագ դատարկելու մոլուցքի: Նույնքան օրինաչափորեն «Հայռուսգազարդն» է դեպի երկրորդ հորիզոնական մղվել, և ըստ ամենայնի` այս կառույցի նախկին վճարաչափերն այլևս երբեք չեն վերականգնվի` բարձր սակագնի պատճառով: Իսկ բջջային օպերատորներին` հատկապես «Բիլայնին» ու «Օրանժին», մեղմվող սակագները թույլ չեն տվել հավուր պատշաճի վճարումներ կատարել: Այս ամենով հանդերձ, որքան էլ խոշոր հարկատուների հազարյակի տվյալները դրական վերջնարդյունքով արձանագրեն, հարցերի հարցը շարունակում է որոշ օլիգարխների պահմտոցին մնալ: Նրանց պատկանող բազմաթիվ ընկերություններից մի քանիսն իհարկե պատսպարվել են հազարյակի ստորին հորիզոնականներում: Սակայն խոշոր գործարարներին պատկանող կառույցների վճարած հարկերի ծավալները շարունակում են կասկածահարույց մնալ: Ինչպե՞ս կասկածել, օրինակ, որ Սամվել Ալեքսանյանը, Միխայիլ Բաղդասարովը, Ռուբեն Հայրապետյանն ու այլ անվանիներն աճպարարությամբ միայն կարող էին սանդղակի հետնախորշերում ծվարել: Տնտեսության վերականգնման ու ոչ այնքան փոքր առաջընթացում, փաստորեն, նրանց պատկանող ձեռնարկությունների ազդեցությունը զրոյական է: Հետաքրքիր մի երևույթ էլ օրինաչափ դառնալու միտում է ցուցամբերում. հարկատուների ցանկում բազմաթիվ (հայտնի ու ոչ այնքան) ուսումնական հաստատությունների, բուժհիմնարկների, մշակութային կառույցների անուններ են ամրագրվում: Միգուցե փոքր¬ինչ կտրուկ թվա, բայց պարզվում է, որ օլիգարխիան շարունակում է չնպաստելով` խանգարել տնտեսության առաջընթացին: Ավելին, ճգնաժամից հետո մարդիկ գնաճի և մյուս հայտնի պատճառներով անընդհատ դժգոհում են օլիգարխներից: Մինչդեռ մեր որևէ մեծահարուստ-գործարար չի տրտնջացել, թե իր գործերը վատ են: Հետևաբար հիմա էլ, ինչպես նախկինում. այս մարդիկ չեն ուղղվում: Այլապես, ՊԵԿ հրապարակման արդյունքում առաջատար 1.000 հարկատուների վճարումները ոչ թե 10 տոկոսին մոտ աճով կամփոփվեին, այլ գուցե երկնիշ թիվը 20¬30¬ով կարտահայտվեր: