ԻՐԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիի` Արբեդիլում գտնվող ներկայացուցիչ իմամ- ջումե այաթոլլա Սեիդ Հասան Ամելին խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Իրանը զենք է մատակարարել ադրբեջանցիներին: Ինչպես հաղորդում է arannews գործակալությանը, իմամ- ջումեն Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախկին առաջնորդ Ալիքրամ Ալիևի մահվան առիթով արված հայտարարության մեջ նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև խորը պատմական ու կրոնական կապեր կան: Սակայն Արևմուտքը, շահարկելով ղարաբաղյան հարցը, փորձում է պառակտում մտցնել երկու եղբայրական ժողովուրդների միջև: Խոսելով Ղարաբաղյան պատերազմում Իրանի դիրքորոշման մասին` իմամ-ջումեն ասել է, որ պատերազմը իրենց երկընտրանքի առաջ էր կանգնեցրել. պետք էր կա´մ միջամտել ընդդեմ հայկական կողմի պատերազմին, որը կնշանակեր Իրանի համար երկրորդ ճակատի բացում և կհանգեցներ Ռուսաստանի հետ պատերազմի, կա´մ «աչք փակել մուսուլման-եղբայրների սպանութ յունների վրա»: - Սակայն Իրանն ընտրեց երրորդ տարբերակը,- ավելացնում է Ամելին,-չմասնակցել պատերազմին բացահայտ, բայց և չլինել զուտ դիտորդի դերում: Իմամ-ջումեն խոստովանել է, որ չնայած Իրանի քաղաքական գործիչները երբեք չեն խոսել Ադրբեջանին ուղարկված օգնության մասին, բայց Շուշիի զինվորներին իրենք ավտոշարասյուներով զենք են մատակարարել: Կառավարության համաձայնությամբ և Ռահիմ Ղազիևի (1993թ. Պաշտպանության նախարար), Ռովշան Ջավադովի (Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ղեկավար 1992-1994թթ. և ՆԳ փոխնախարար 1994-1995թթ.) խնդրանքով ստեղծվել է ընդհանուր ադրբեջանա-իրանական պաշտպանության ճակատ, որի շրջանակներում Թավրիզի և Արդեբիլի գեներալներն «օգնել են իրենց ադրբեջանցի եղբայրներին` օրուգիշեր անելով հնարավոր ամեն բան` հայկական ագրեսիային դիմակայելու համար»: Իմամ-ջումեի խոսքերով` Իրանը նաև անհրաժեշտության դեպքում աջակցել է Աֆղանստանից հազարավոր զինյալների ռազմաճակատ տեղափոխմանը: Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանում այսօր ապրում են հազարավոր վկաներ, որոնք կարող են ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը: