1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Չինաստանից ներկրվող շտապօգնության մեքենաների մեկ քառորդը (թեև մեծ ուշացումով) Երևան է հասել: Սակայն, ըստ տեղեկությունների, Առողջապահության նախարարությունն առաջիկայում չի շտապելու` ամբողջ խմբաքանակը հասցեատերերին հանձնել: Վարորդները հավաստիացնում են, որ չափից դուրս հնամաշ և անխնա կերպով շահագործված «Գազելները» գրեթե ամեն օր գլխացավանք են ստեղծում, ինչն էլ հնարավորություն է տալիս պահեստամասերի նորոգման պատրվակով զգալի գումարներ դուրս գրել: Շտապօգնության վարորդները խոստովանում են, որ լինում են դեպքեր, երբ կանչերն իրականացնելիս մեքենաները հաճախ խափանվում են, ու իրենք ստիպված են լինում ռադիոկապի միջոցով տվյալ «պատվերը» մեկ այլ բժշկական խմբի փոխանցել… Ասում են` չինական մեքենաներն էլ առանձնապես որակյալ չեն ու ավելի արագ են շարքից դուրս գալու: Այսուհանդերձ, որոշվել է դրանց առաջին խմբաքանակը Երևանում շահագործել: Բարձր արագությամբ մայրաքաղաքի փողոցներով սլացող ինքնաշարժերի դեպքում պահեստամասերի ու նորոգման խիստ ցանկալի խնդիրը, փաստորեն, մշտապես օրակարգային է մնալու: Ի դեպ, թերևս արժե շտապօգնության բոլոր մեքենաներում «Վարորդը նաև բժիշկ է» ցուցանակը փակցնել: Որոշվել է, որ բժշկական արագընթացների վարորդներն առաջիկայում պետք է վերապատրաստվեն` առաջին բուժօգնության գիտելքներին տիրապետելու և, ո՞վ գիտե, երբմեն էլ բժշիկներին փոխարինելու նպատակով: