ՀԱՅԸ ՉԻ ԼՔԻ ԻՐ ՀՈՂԸ


Սահմանամերձ զորամասի հրամանատար, մայոր Մուշեղ Ասատրյանն ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Վարդենիսի զորամասերից մեկում` որպես տանկային վաշտի 2-րդ դասակի հրամանատար` կարճ ժամանակ անց դառնալով շտաբի պետ: Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ վայրում լինելու անհագ փափագն ի վերջո իրականություն է դարձել, և 7 ամիս առաջ տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան: Նախնիները գաղթել են Մուշից: Պապերից լսած պատմությունն անհետք չէր կարող մնալ. ավանդույթներով հարուստ այդ բնակավայրում հայը մաքառել է հողի հետ` երբևէ չմտածելով հայրենի տունը լքելու մասին: Կարևոր ու հետաքրքիր է սահմանապահ զորամասի հրամանատարի կարծիքն` իրենց հիմնախնդիրների, հայ զինվորի, սահմանամերձ բնակավայրում հողից կառչած հայի մասին: - Նժդեհի խոսքերով սկսեմ խոսքս. «Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը»: Հետպատերազմյան տարիներին մեր բանակն ունեցավ դժվար ու պատասխանատու փուլեր, կարողացանք ստեղծել մարտունակ բանակ, որը համարվում է տարածաշրջանի լավագույն բանակներից մեկը (սա միայն մեր գնահատականը չէ): Ինչ խոսք, առանց կորուստների հաղթանակ չի լինում: Պետք է է´լ ավելի մարտունակ դարձնել բանակը: Այսօր յուրաքանչյուր զինվոր պարտավոր է լավ ճանաչել մեր հերոսներին, լավ իմանալ զորամասի ու ընդհանրապես մեր բանակի անցած ուղին: Հպարտանալու շատ էջեր ունենք: Այսօր բանակն ավելի է կայունացել: Աստիճանաբար թերությունները շտկվում են: Կարևորում եմ զորամասի բարոյահոգեբանական կայուն վիճակը: Շնորհիվ սպայական կազմի տքնաջան աշխատանքի` այս զորամասում (համոզված եմ նաև սահմանամերձ մյուս զորամասերում) յուրաքանչյուր աննշան թվացող խնդիր լրջորեն ուսումնասիրվում է: Թերևս դիրքապահ զորամասում առավել կարևոր են սպաների մեթոդական պատրաստության համար ձեռնարկված քայլերը, անձնակազմի հոգեբանական պատրաստությունը: Այդ առումով հրամանատարը կարևորեց նշել, որ` - Գործող համակարգը չի կարող լինել անթերի: Բարեփոխիչ առաջարկություններ մշտապես լինում են: Այսօր ոչինչ չի անտեսվում, անուշադրության չի մատնվում` մթնոլորտը կայունացնելու համար: Անձնակազմը բավական պատրաստված է: Կարևորագույն հարցերից են սպաների մեթոդական պատրաստության համար ձեռնարկված քայլերը: Սպա-զինվոր փոխհարաբերությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Խիստ կարևորում եմ սպայական կազմի առաջին օղակի ընտրությունը: Նրա հավաստմամբ` զինվորի հետ աշխատանքը հոգեբանական հմտություններ է պահանջում: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է անձնակազմի` իրենց գործին նվիրվածությամբ, անգամ աննշան թվացող խնդրին պատասխանատու մոտեցմամբ: Կարևոր է, թե հայ երիտասարդը, զինվորն իր հողի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի, զինծառայության ընթացքում նրանց մոտեցումը վերափոխվու՞մ է բանակի հանդեպ: Սովորաբար, ինչպիսին էլ լինեն նորակոչիկները, երկու տարի հետո նրանք դառնում են ֆիզիկապես ու հոգեպես պատրաստված մարտիկներ: Զինվորը հավատում ու գիտակցում է, որ ծառայում է հանուն հայրենիքի, հանուն իր ընտանիքի ապահովության: Համազգեստակիրը հայրենասեր, բարեխիղճ պետք է լինի: Խնդիրը չի լինում մեծ կամ փոքր, յուրաքանչյուր հարց պետք է բերել քննարկման դաշտ: - Հավատացեք, առաջնագծում ծառայողը տարբերվում է ռեզերվային զորամասի զինվորից: Նրա մարտունակ ոգի ունի, չի խուսափում պարտականություններից, խիզախ է, սկզբունքային: Այլ բան է, թե գիտելիքի ինչ պաշարով է զինվորը ոտք դնում զորամաս: Երիտասարդին պետք է պատրաստել բանակի համար, իսկ դա պահանջում է երկարատև աշխատանք: Ահա այստեղ իր լուրջ դերակատարումն ունի դպրոցը: Իսկ դպրոց-զորամաս կապն ավելի է սերտացել: Կարծում եմ` շփվելով զինծառայողի հետ, հայ պատանու մարտական ոգին կբարձրանա, ինչը հիմնարար նախադրյալներ կստեղծի զինծառայությունից չխուսափելու համար: Իսկ այդ ամենը կնպաստեն գաղափարապես պատրաստի նորակոչիկներով զորամաս համալրելուն: Դյուրին է առողջ զինվորի հետ մարտական խնդիրներ իրականացնել: Ահա այստեղ իր հանրօգուտ դերն ունի դպրոցն ու ընտանիքը: Անշուշտ, զինծառայության ընթացքում որքան էլ զինվորի հետ աշխատանք տարվի, միևնույն է նրանց հետ լուրջ անելիքներ ունի դպրոցը և, ամենակարևորը, ընտանիքը: Դպրոց-զորամաս կապի արդյունավետ աշխատանքի արդյունքում կան զինվորական կյանքով մշտապես հետաքրքրվող երեխաներ: Սպայական կազմը հաճախակի հանդիպում է աշակերտների հետ: Սահմանամերձ բնակավայրի երեխաներն արդեն զինվորներ են. նրանց ընտանիքներում մշտապես խոսվում է իրենց հողն անառիկ պահելու մասին: Հրամանատարի հավաստմամբ այդ բնակավայրի մարդիկ հայրենասեր են: Չկա մի ընտանիք, որ Արցախյան գոյապայքարում հերոսացած մարտիկ-նահատակ չունենա: Նրանք այստեղ են նաև իրենց նախնիների շիրիմներին խնկարկելու, զոհերի հիշատակը վառ պահելու համար: Նրանք երբեք չեն լքի իրենց հողը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ