Դառն անցյալի քաղցր հուշեր...


Հովհաննես պապը իննսուն տարեկան է: Բնակվում է Չարենցավան քաղաքում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և այն երջանիկներից է, ով ողջ է մնացել: 1941 թվականին զորակոչվել է բանակ և կյանքի քաղցրությունը դեռևս չճաշակած` ամենադաժան մարտերի մասնակիցը դարձել: Մինչ օրս էլ նա ցավով ու արցունքներով է հիշում իր կյանքի այդ հատվածը: - Երբ հիշում եմ մարտական ընկերներիս, որոնք զոհվեցին, մարմնովս դող է անցնում: Աննկարագրելի էր այն զգացումը, երբ պատկերացնում էի, որ իմ արձակած կրակոցից մարդ է սպանվում: Հովհաննես Բաղդյանն իրեն երջանիկ է համարում նաև այն պատճառով, որ ծառայել է Նվեր Սաֆարյանի դիվիզիայում: Թեև ցավով է հիշում պատերազմի օրերը, բայց և այնպես Բեռլինի գրավման մասին պատմելիս, Հովհաննես պապի դեմքին ժպիտ է հայտնվում. - Մինչև Բեռլինի գրավումը, գերի էի ընկել, բայց տասն օր մնալուց հետո ինձ հաջողվեց փախչել: Փախա Բեռլին, տասնհինգ օր մասնակցեցի Բեռլինի մարտերին: Հիշում եմ նաև, որ «Քոչարի» պարեցինք հաղթանակից հետո: Դա իմ կյանքի կարևոր հաղթանակներից էր: Արմինե ՄԱՆՎԵԼՅԱՆ «Անանիա Շիրակացի» համալսարանի ուսանողուհի