Արթիկի քաղաքապետարանը չի հարգում Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը


Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում որոշ իշխանավորների կողմից: Այդ մասին հայտարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը` Երևանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում: Ծնունդով Արթիկ քաղաքից ընդամենը 22 տարեկանում զոհված Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պատմվում: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողացրել է ադրբեջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ և տեղափոխել դրանք հայկական զինուժի կողմ: Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում զայրույթով նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ` Խաչատուր Վարաքյան) ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին: Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել Հայաստանի և Արցախի Պաշտպանության նախարարությունները: Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում Երևանում պատրաստվում է տալ մամուլի ասուլիս և իրազեկել լրատվամիջոցներին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զոհված հերոսների հիշատակի հանդեպ դրսևորվող վերաբերմունքի մասին: