ԴԱՐՁՅԱԼ` ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Մեր թերթն արդեն անդրադարձել է մինասյան որմնանկարների խնդրին. կառավարության որոշմամբ` Գյումրիում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխվում են Երևան` «Զվարթնոց» օդակայան: Սա, ինչպես պնդում են գյումրեցիները, մեծ հարված է քաղաքին ու նրա մշակութային ժառանգությանը: Այս օրերին չափազանց լարված իրավիճակ է տիրում քաղաքում, ստեղծվել է մշակութասեր գյումրեցիների մի մեծ խումբ, որը նամակով դիմել է երկրի իշխանություններին, իսկ մի խումբ կանայք էլ ձևավորել են պահպանող խումբ, որն օրուգիշեր հսկելու է որմնանկարները: Ստեղծված կացության առթիվ երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք Գյումրու քաղաքապետ Վարդան ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ: Քաղաքապետն իր զայրույթը հայտնեց որոշման դեմ, նշեց, որ քաղաքում մի այնպիսի վիճակ է ստեղծվել, երբ մարդիկ պատրաստ են մի կողմ թողնելով իրենց սոցիալական խնդիրներն ու աշխատանքը` պաշտպան կանգնել քաղաքի մշակութային հարստությանը. - Տարիներ շարունակ գյումրեցիները հպարտացել են մեծ շիրակցու գործերով, ամեն ինչ արել, որպեսզի ուշադրություն և հոգատարություն ձևավորվի նրանց հանդեպ: Մենք էլ, որպես տեղական իշխանության ներկայացուցիչներ, հնարավոր ամեն բան արել ենք` ոչնչացումից փրկելու այն որմնանկարները, որոնք ստեղծվել են խորհրդային տարիներին և դարձել Գյումրու կենսագրության անկապտելի մասը: Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու, մարզերը մշակութային կարևոր հարստություններից զրկելու քաղաքականությունը ճիշտ չէ, հետևաբար ես միանում եմ իմ այն համաքաղաքացիներին, ովքեր այսօր պայքարում են որմնանկարները քաղաքում պահելու համար: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը լուրջ մտադրություններ ունի զբոսաշրջության զարգացման համար մշակել նոր ու ինքնատիպ ծրագրեր, որոնց մասն է կազմելու նաև մշակութային զբոսաշրջությունը` որպես գերակա ուղղություն: Իսկ այս ուղղությունը չի կարող զարգացում ապրել, եթե քաղաքն օրավուր զրկվի իր այն հարստություններից, որոնք իրենց հանդեպ զբոսաշրջային հետաքրքրություն են ձևավորելու: Գյումրեցի արվեստասերների հետ ևս մենք հեռախոսազրույցներ ունեցանք, որոնք, ի տարբերություն քաղաքապետի, շատ ավելի մարտական էին տրամադրված: Նրանք խիստ քննադատության ենթարկեցին երկրի իշխանությունների` Գյումրու հանդեպ ունեցած այս վերաբերմունքը, դատապարտող խոսքեր հնչեցրեցին վարչապետի հասցեին: - Երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, նա հայտարարեց, որ Գյումրին դառնալու է տարածաշրջանի մշակութային մայրաքաղաքը: Անցած տարիների ընթացքում ոչինչ չի արվել այդ ծրագրի րականացման համար, կառավարության որևէ որոշում չի կայացվել մշակութային կյանքն աշխուժացնելու, որևէ շինություն կառուցելու մասին: Իսկ հիմա էլ թալանում են քաղաքը, որպեսզի զարդարեն «Զվարթնոց» օդակայանը,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Այս խնդիրը որքան հուզական, նույնքան էլ իր իրավական կողմն ունի: Պարզվում է, որ ժամանակ առաջ հայտարարվել է աճուրդ, որին էլ մասնակցած «Զվարթնոց» օդակայանը գնել է Մինասի որմնանկարները: Աճուրդի մասին Գյումրիում գրեթե ոչ ոք չի իմացել, պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել, անգամ հայտնի չէ, թե աճուրդի ժամանակ վճարված գումարն ուր է գնացել: Սա նշանակում է, որ կառավարությունը արհամարհել է և տեղական իշխանություններին, և քաղաքի արվեստասեր հանրությանը: Ի վերջո, Մինասի որմնանկարներն ազգային արժեք են, ազգային հարստություն, դրանց նկատմամբ դրսևորված ցանկացած վերաբերմունք պիտի լինի հրապարակային և խելամիտ: Դրանք մեծ նկարիչը ստեղծել է Գյումրի քաղաքում, դարձրել այդ քաղաքի սեփականությունը, ուստի ոչ ոք իրավունք չուներ աճուրդ հայտարարել, քաղաքը զրկել իր ունեցվածքից: Կարծում ենք, որ կառավարությունը պիտի չեղյալ համարի կայացած աճուրդը, «Զվարթնոցին» վերադարձնի գումարը և որմնանկարները թողնի Գյումրիում: Կամ էլ, «Զվարթնոց» օդակայանի տնօրինությունը, որը հսկայական գումարներ է վաստակում, հանդես բերի բարի կամք և որմնանկարները նվիրի Գյումրիին` գոնե մեկ անգամ բարեգործական որևէ ձեռնարկով նշանավորելով իր գոյությունը Հայաստանում: