Համատիրության «շեֆ» են ընտրել շանը


Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Հիլբրուկ¬Տոլ¬Օակս հեղինակավոր համայնքի բնակիչները միաձայն իրենց կառավարման մարմնի ղեկավար են ընտրել շանը (տեղեկացրել է «Հերալդ սան» թերթը): Այդ ընտրաժողովի մասնակից շուրջ 50 տեղաբնակներ քվեարկել են հօգուտ «Միսս Բեատա Լիի, որն իրենց շենքում համեմատաբար նոր բնակիչ է, սիրում է ժամանակ անցկացնել մաքուր օդում և ծանոթանալ հարևանների հետ»: Իր տերյեր ցեղատեսակի շան անունը որպես թեկնածու գրանցել է համատիրության նախկին նախագահ Մարկ Կրոուֆորդը, ով այլևս չէր կարող անձամբ հավակնել ոչ առևտրային այդ միավորման «շեֆի» պաշտոնում: Ուրիշ որևէ մեկը չի ցանկացել ստանձնել տնային խորհրդի հասարակական ղեկը: Բեատա շան կարծիքն, իհարկե, հարցնող չի եղել: Իսկ նրան դնչկալով զբոսանքի տանող տերը «պաշտոնավայրում» լինելու է շան տեղակալը: Համատիրությունների հասարակական խորհուրդները բավական ընդարձակ լիազորություններ ունեն: Մասնավորապես, նրանք են որոշում, թե ով կարող է այնտեղ կացարան գնել, ով` ոչ. լուծում են բնակիչների միջև ծագող վեճերը, որոշում կարգուկանոնը: Դիցուք, համատիրությունը կարող է արգելել տներում կենդանիներ պահել կամ` ծխել: Դեպքեր են հայտնի, երբ կառավարչությունն իր բնակիչներին արգելել է չորքոտանիներին 6 ժամից ավելի առանց հսկողության տանը թողնել: