Հանդուգն և տարօրինակ շորթողները


 

Օրերս 52-ամյա Հերմինե Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հայտարարություն է տվել, որ անհայտ անձը բջջայինի «փակ համարից» պարբերաբար զանգահարում է իր հեռախոսահամարին և գումար պահանջում, չվճարելու դեպքում` սպառնալով վնասել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում պատիժը կրող որդուն:

Կինը նաև հայտնել է, որ նախկինում էլ նույն սպառնալիքով իրենից գումար են շորթել և ինքը ոմն Արտյոմի տվել է 22.000 դրամ:

Ի դեպ, առաջին հանցագործության մասին կինը ոստիկանություն չէր դիմել` վախենալով, որ կվնասեն որդուն, հետո էլ այն ժամանակ, իր իսկ խոսքերով` այնքան էլ չէր վստահում ոստիկաններին:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության Նոր Նորքի բաժնից` հանդուգն շորթողին հայտնաբերելը զուտ տեխնիկայի հարց է, պարզապես մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Ու մինչ «փակ համարից» զանգեր կատարողը կհայտնաբերվի` տեղափոխվենք հեռավոր Ճամբարակ, որտեղ վերջին շրջանում դարձյալ շորթման դեպք է արձանագրվել: Այն էլ միանգամից երկուսը:

44-ամյա մի կին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացին` 43-ամյա Վրույր Ս.-ն, իր 21 և 25 տարեկան որդիներին սպանության սպառնալիքներ տալով` ցանկացել է յուրաքանչյուրից շորթել 1.000-ական դոլար:

Որդիներից մեկը, վախենալով սպառնալիքներից, գյուղի խանութից 200.000 դրամի ապրանքներ է գնել և հանձնել Վրույր Ս.-ին` հուսալով, որ իրենց ընտանիքին հանգիստ կթողնի: Սակայն վերջինիս դա չի գոհացրել և նա մյուս եղբորից շարունակել է պահանջել 2.000 դոլարը` չբերելու դեպքում սպառնալով կտրել 8-ամյա քրոջ լեզուն:

Ճամբարակի ոստիկանները տեղեկացրին, որ Ջիլ գյուղի բնակիչ Վրույր Վ.-ն նույն ժամանակահատվածում մեկ այլ համագյուղացու ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներ տալու միջոցով ցանկացել է շորթել 1.000 դոլար` հայտարարելով, որ եթե չտան նշված գումարը, ինքը, տան անդամներին սպանելուց բացի, կհրկիզի նաև տունը:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները հանդուգն և տարօրինակ շորթման այս դեպքերը ներկայացնելիս` ձեռնպահ մնացին որևէ մեկնաբանությունից` հավելելով միայն, որ փախուստի դիմած Վրույր Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են և նրան գտնելու դեպքում նոր մանրամասներ կհայտնեն մեր թերթին: