ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ` ԳԻՐԿԸՆԴԽԱՌՆ


 

Ցուցամոլությունը, գավառական սնապարծությունը, պարզվում է, շարունակում են շատերի համար մնալ որպես «կյանքի փիլիսոփայություն»: Ավելին, հենց ցուցամոլության քողի տակ էլ պարտակվում է առավել մեծ ու վտանգավոր գաղափար, որի մասին, հավանաբար, կամ չեն հիշում, կամ էլ չեն մտածում: Խոսքը ArΗeniΖ Music AwΖrds մրցանակաբաշխության մասին է, որը նախկինում տեղի էր ունենում «Տաշիր» անվանումով: Թվում է, թե որևէ վատ բան չկա, որ մոսկվաբնակ հայ գործարարների նախաձեռնությամբ ու այդ մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի եռանդով ամեն տարի Մոսկվայի գլխավոր դահլիճներում հավաքվում են հայերը, մի քանի ժամ երաժշտություն լսում ու ականատես դառնում մրցանակների տեղատարափին: Ընդ որում, այդ մրցանակները երբեմն տրվում են մարդկանց, ում անուններն առաջին անգամ են հնչում, բայց նրանց ինչ-ինչ նվաճումներ են վերագրվում: Այս տարի Կրեմլյան պալատում կրկեսային հյուրախաղեր էին, ուստի երաժշտասեր հայերին բաժին հասավ «Ռոսիա» դահլիճը: Իսկապես լավ դահլիճ է` շքեղությամբ փայլող, մեծ հնարավորություններով: Հնարավոր է, որ վատ ծրագիր չէր կազմված` չնայած միշտ նույն դեմքերն էին, նույն անունները: Ստացվում է, որ Հայաստանում երաժշտական աշխարհում նոր անուններ չկան, նոր իրադարձություններ չկան... Բայց այդ հանգամանքին էլ ուշադրություն չդարձնենք, որովհետև «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Այսինքն, այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է հարուստ գործարարների փողերով, իսկ նրանք էլ ուզում են, որ դարձյալ ու դարձյալ մրցանակներ ստանան իրենց ծանոթ կամ սիրելի երգիչ-երգչուհիներ: Երևի գործարարներին ծանոթ բոլոր երգիչ-երգչուհիներն արդեն բնակարաններ ունեն, և այս տարի բնակարաններ չտրվեցին կատարողներին: Բայց որոշել էին հավաքվածներին զարմացնել աշխարհահռչակ Ալեն Դելոնի ներկայությամբ: Հրավիրել էին հիվանդանոցից նոր դուրս գրված Ալեն Դելոնին, ով բեմում իրեն վատ զգաց, իսկ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո էլ վերադարձավ Փարիզ` հիվանդանոց: Հարց է ծագում, «Լեգենդ» մրցանակն ի՞նչ կապ ուներ հայկական երաժշտական մրցանակաբաշխության հետ, և ինչո՞ւ հատկապես Ալեն Դելոնն էր նախատեսված որպես մրցանակակիր: Ի տարբերություն մի շարք այլ կինոաստղերի, Ալեն Դելոնը երգչական գործունեություն չի ունեցել, որևէ աղերս էլ չունի հայկական իրականության հետ, նրա արյունաբանության մեջ էլ հայկականություն չկա: Երևի մրցանակաբաշխությանը փող տվողների հիշողության մեջ միայն Ալեն Դելոնն է եղել: Ի´նչ արած... Դե թող բոլորն իմանան, որ հայերը Ալեն Դելոնին ճանաչում են ու հրավիրելով մրցանակաբաշխությանը «հարսանեկան գեներալի» կարգավիճակով` մրցանակ են տալիս:

Մի խնդրի մասին էլ, որն ակնարկեցինք սկզբում: ArΗeniΖ Music AwΖrds մրցանակաբաշխությունը ներկայացվում է որպես ազգային, համահայկական: Այսինքն, ոչ թե հայկական Սփյուռքի միջոցառումն է սա, այլ` բոլոր հայերի: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը հայկական երգի հետ: Գուցե մրցանակաբաշխության կազմակերպիչները Մոսկվան հռչակել են հայության նոր ու միակ մայրաքաղա՞ք, թե՞ նրանց թվում է, որ շարունակում ենք ապրել Խորհրդային Միությունում, որի կենտրոնն էր Մոսկվան: Ավելին, ազգային մրցանակաբաշխություն, որի հիմնական լեզուն ռուսերենն է...

Այս անմեղ թվացող հարցադրումների տակ ազգային անվտանգության, մեր անկախության հարցերն են, քաղաքական ենթատեքստեր են, որոնց մասին, բնականաբար, չեն մտածում մրցանակաբաշխությունը «ուտուշ-խմուշի» հանդեսների վերածող մեր հայրենակիցները: Բայց մտածել պե՞տք է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ