Ոչինչ չեն ակնկալում
Նախօրեին մեր հերթական հարցախույզի նպատակն էր հստակեցնել քաղաքացիների սպասելիքներն ու ակնկալիքները նոր կազմավորվելիք խորհրդարանից: Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Ի դեպ` մեր զրուցակիցներն իրականում ավելի մեծ թիվ էին կազմում: Պարզապես ոմանք նախընտրեցին իրենց մտքերը սահմանափակել միայն մեկ արտահայտությամբ` ոչինչ չեմ ակնկալում: Իսկ փոքրիշատե համարձակ մտքեր արտահայտողներից ոմանք էլ նախընտրեցին չներկայանալ:
Սեդա ՄՈՒՍՒՆՅԱՆ. բժիշկ-ռադիոլոգ, 24 տ.
- Նախապես ասեմ, որ մեր պետությունը վարկաբեկելու ցանկություն չունեմ, բայց կցանկանայի իրականությունն ասել: Տարբեր կուսակցությունների կողմից հնչող վեհ գաղափարներին չեմ հավատում: Ակնկալիքներ չունեմ մի պարզ պատճառով. խոստումների ճնշող մեծամասնությունն իրականություն չի դարձել: Իսկ նախընտրական շրջանում այս խոստումները դերասանական խաղ են հիշեցնում: Ընտրությունները կանցնեն, իսկ մարդիկ կշարունակեն ապրել իրենց առօրյա հոգսերով: Ու ոչինչ չի փոխվի:
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ.
- Ոչինչ չեմ սպասում: Մինչև հիմա ի՞նչ են փոխել: Ինչո՞ւ պիտի հիմա մտածեն ժողովրդի մասին: Ոչ մի սպասելիք չունեմ:
ՀԱՍՄԻԿ. հաշվապահ, 25 տ.
- Եթե անկեղծ լինեմ, ոչ մի ակնկալիք չունեմ: Այսօրվա իրավիճակի ամբողջ մեղքը ես խորհրդարանի վրա չէի բարդի: Միգուցե նաև մեր հասարակությունից է կախված: Ամեն մարդ պիտի աշխատի ինքն իր վրա, ոչ թե ինչ-ինչ սպասելիքներ ունենա: Այսինքն` մտածի ոչ միայն իր ազատությունների ու իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին: Այդ դեպքում այնտեղ էլ ինչ-որ բան կփոխվի:
Վարուժան ԱՐՍԵՆՅԱՆ.
շինարար, 44 տ.
- Հուսով եմ` կբարելավվի երկրի վիճակը: Ժողովուրդը տառապում է հոգսերից: Արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություններ ունենք. բոլորն են դա նկատում: Իսկ ներքին քաղաքականության մասին նույնը ասել չեմ կարող: Աշխատատեղերի խնդիր կա: Պետք է այդ հարցը շուտափույթ քննարկվի: Ամենահրատապ խնդիրը պետք է դա լինի: Կաշառակերության դեմ պայքար կարծեք թե ծավալվում է: Վերջին շրջանում ականատես ենք լինում պաշտոնանկությունների, ինչը դրական եմ համարում:
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ.
- Ոչ մի ակնկալիք չունեմ: Բայց կցանկանայի` առաջնայինը ժողովրդի հոգսերի մասին մի փոքր մտածեին, որ դրանք գոնե մի քիչ նվազեն: Սոցիալական պայմանների բարելավման, աշխատատեղերի խնդիրները կցանկանայի բարձրացվեին: Մարդիկ պետք է աշխատեն, ի վերջո միայն այդ եղանակով է հնարավոր` ապրելու գոնե մինիմալ պայմաններ հայթայթել: Իսկ հիմա ղեկավարությունը հասարակ ժողովրդի մասին չի մտածում: Ամբողջ օրը լարված աշխատում եմ, բայց արդյունքը չեմ տեսնում: Ես ինքս չեմ կարողանում գոնե իմ պահանջները բավարարել: Մեր երկրում առհասարակ չեն գնահատվում մարդը, նրա աշխատանքը:
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ.
- Հիմա ընտրության շեմին ենք, ու բոլորն էլ սուտ խոստումներ են տալիս, խաբում են մարդկանց: Ինչ էլ որ ուզեմ, չեն փոխի, անիմաստ է խոսել այդ մասին:
Համլետ ՀԱՐԹԵՆՅԱՆ. բժիշկ, 69 տ.
- Սպասելիքներ իհարկե կան: Ովքեր վերընտրվում կամ նոր են ընտրվում, պիտի գոնե մի քիչ մտածեն ժողովրդի մասին, ոչ թե ավելի շատ իրենց: Մինչդեռ խոստումներ են տալիս և չեն իրականացնում: Մի խոսքով` ժողովուրդը բարեկեցիկ կյանքով չի ապրում: Պիտի նոր աշխատատեղեր ստեղծվեն: Մեզ հուզող ամենահիմնական խնդիրը դա է: Աշխատավարձերը բարձրացնեն. ոչ թե «աղքատավարձ» տան, այլ` աշխատավարձ:
ՌՈՒԲԵՆ. իրավաբան, 59 տ.
- Սպասելիքները շատ են: Բայց չգիտեմ արդյո՞ք դրանք ի կատար կածվեն: Առաջնահերթ կցանկանայի այս մրցավազքը կուսակցությունների մեջ չլիներ, և ժողովուրդն իսկապես ընտրեր այն կուսակցությանն, այն պատգամավորին, ով ժողովրդի մասին կմտածի, ով իսկապես արժանիքներ ունի: Իսկ հիմա այս մրցակցությունը պայքար է միայն աթոռի համար: Կփոխեն իհարկե որոշ բաներ, բայց` իրենց համար: Արտագաղթն օրեցօր ավելի մեծ չափերի է հասնում, ինչը նշանակում է` ժողովուրդը հույս չունի և իր ապագան օտար երկրում է փնտրում: