Ոտնձգություն` Մուհամմեդի դեմ


 

Թունիսցի 2 բլոգերներ 7 տարի ազատազրկման են ենթարկվել` Մուհամմեդ մարգարեի մերկ ծաղրանկարներն ինտերնետում և հատկապես FΖcebook սոցիալական ցանցում տարածելու մեղադրանքով (տեղեկացրել է երկրի Արդարադատության նախարարությունը): Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ միջադեպի առիթով իրենց մտահոգությունն են հայտնել` այն համարելով խոսքի ազատության սահմանափակումների հիմք: Դատապարտյալներից Գաբեուր Մեջրին արդեն իսկ կալանավորված է, իսկ Գազի Բեջին` հետախուզվում է: Նրանց արարքը որակվել է որպես հանցագործություն, հասարակական կարգի խախտում, անբարոյականություն: Մի շարք սոցցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել դեպքի առթիվ: Շատերը երիտասարդների պատիժը չափազանց խիստ են համարում:

-Այս որոշումը կատարյալ սպառնալիք է ինքնարտահայտման ցանկացած դրսևորման դեմ` անգամ համաշխարհային սարդոստայնում,-համոզված են նրանք:

Ավելի վաղ բախումներ են տեղի ունեցել երկրի ղեկավարության և արմատական մուսուլմանների միջև: Պատճառը Կառավարության` հասարակական կյանքում կրոնի դերն էլ ավելի ամրապնդելու որոշումն էր:

Թունիսում անհանգստացած են` մարդու իրավունքների և ազատությունների դեմ օրեցօր աճող սպառնալիքների համար: