Քաղաքը վաճառվեց


 

Մեր ընթերցողն, անշուշտ հիշում է տեղեկատվությունը, որ վաճառվում է Վայոմինգ նահանգի հարավ-արևելքում գտնվող Բուֆորդ քաղաքը: Իր միակ բնակչով այն օրերս վաճառվել է աճուրդով: 900 հազար դոլարով քաղաքը գնել են 2 վիետնամցի (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Ծովի մակերևույթից 2500 մ բարձրությամբ գտնվող Բուֆորդում կա մեքենալցակայան, փոքրիկ խանութ, 1905 թ. կառուցված դպրոցի շենք, ավտոտնակ, մառան և 3 ննջարան ունեցող մեկ տուն:

Լավ քաղաք է, չէ՞: Հա, դրա նոր տերերը որպես «հավելավճար» կստանան նաև 4 հեկտար հող:

Վերջին տարիներին այնտեղ ապրում է ընդամենը 1 մարդ` Դոն Սեմոնսը, ով նաև քաղաքապետի պաշտոնակատար է: Սեմոնսը Բուֆորդում հաստատվել է 1980-ից` կնոջ ու երեխայի հետ: Կինը մահացել է, որդին տեղափոխվել այլ նահանգ: Դե, միայնակ «տիրակալն» էլ որոշել է վաճառել իր ունեցվածքը. նա ևս չի ցանկանում մենակ ապրել: Ու արդեն հայտարարել է, որ այլ բնակավայր տեղափոխվելով` գիրք է գրելու այդ քաղաքում ապրած իր 32 տարիների մասին:

Իսկ գնորդների պակաս չի զգացվել. նախնական գինը` 100 հազար դոլար, 15 րոպեում իննապատկվել է:

Ամերիկայի քարտեզի վրա Բուֆորդը հայտնվել է 19-րդ դարի կեսին, երբ կառուցվել է անդրմայրցամաքային (միջ.) երկաթուղին: Այն անվանակոչվել է ամերիկյան գեներալ և հեծելազորի հրամանատար Ջոն Բուֆորդի անունով, ով 1866 թ. այստեղ հիմնեց սահմանային ավան: Շատ չանցած` բնակչության թիվը գերազանցել է 2 հազար:

Վիետնամցի նոր քաղաքատերերն, անշուշտ լուրջ ծրագրեր ունեն, այլապես 900 հազար դոլար չէին վճարի` որքան էլ հնչեղ լինի քաղաքատեր «տիտղոսը»: