ՆՈՐ ԹԵՄԱ ՉԿԱ՞


ՀՀԿ¬ԲՀԿ` մտացածին հակասությունների մասին այլևս որևէ մեկը չի խոսում և իշխանական եռյակին գոնե արհեստականորեն հակամարտություն ու փոխադարձ թշնամանք այլևս չի վերագրվում: Սկզբից ևեթ պարզ էր, որ եթե պատասխանի սպասող ինչ¬ինչ հարցեր էլ կային, ապա դրանք հաստատ պառակտման չէին կարող հանգեցնել: Իսկ կողմերի միջև հնարավոր խնդիրների ակտիվ քննարկումն ինչ¬որ առումով նպաստեց լուծման բանալու հայտնաբերմանը: Կոալիցիան շահեց, քանի որ արհեստականորեն թափ առած լարումը եռյակին մղեց բոլոր առկա ու հավանական խնդիրների լուծումը միանգամից առաջադրել: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ գլորվող ձնագունդն արդեն հասցրել էր ահագնանալ, ապա այն ոչ թե ջարդուփշուր արվեց, այլ ընդամենը արագությունը կասեցվեց: Այսպես, եթե անհնազանդի «դերում» ԲՀԿ¬ն էր ներկայացվում, ապա հենց «Բարգավաճ Հայաստանի» համագումարն էլ եզրափակեց բամբասասերների խոսք ու զրույցը: Իհարկե, քիչ է պատահում, երբ այն էլ քաղաքականության մեջ երկու կողմն էլ հավասարապես շահեն, և գտնվի տարբերակներից ամենաշահեկանը: Բայցևայնպես, տեղի ունեցածի «հմայքն» այն է, որ բոլոր հնարավոր պայմանականությունները, կիսատ հավաստիացումները շրջանցվեցին, և հարցի լուծման ամենաիրատեսական տարբերակն առաջադրվեց: Իսկ նման իրավիճակում այդպես էլ հետաքրքիր տեսարանների ականատեսը չդարձածներին ոչինչ չի մնում, քան հավաստիացնել, թե բոլոր նման խաղաղ գոյակցություններն էլ ժամանակավոր են: Իհարկե, որևէ մեկը չի հակադարձում վերջիններիս ու բնավ էլ ոչ այն պատճառով, որ այս մի պնդմանը տեսք ու ձև այդպես էլ չի հաջողվում հաղորդել… Աշխարհում, իհարկե, հավերժող ոչինչ էլ չկա: Առավել ևս` իշխանական կոալիցիաները: Ու հենց այդ նպատակով էլ թարմացված հուշագրում բավական հստակ նշված է, որ կուսակցությունների եռյակն ընդամենը երկու տարվա համագործակցության ծրագիր է առայժմ նախանշում: Այսինքն, խորհրդարանի և Նախագահի ընտրությունների ավարտից հետո կա´մ էլի մեկ հուշագիր կստորագրվի, կա´մ կուսակցական եռյակն իր առաքելությունը կհամարի ավարտված: Եվ դա օրինաչափ է: Նման հանգրվանում, որքան էլ զարգացումները տեսանելի թվան, ակնհայտ է, որ հակասությունների բռնկմամբ շահագրգռվածներին հիմա էլ տեսանելի ներկայացող խաղաղությունը հանգիստ չի տալիս... Մանավանդ, որ կարճ ժամանակահատվածում ներքաղաքական թիվ 1 հարցը դարձած թեման ավելի հրատապով չի փոխարինվում: