1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ձևավորված սովորություն է. ամառային ամիսներին մեր երկրում ամենայն ակտիվությամբ սկսում են կարևորել զբոսաշրջության զարգացումը: Դեռևս Ռոբերտ Քոչարյանն էր տարվել զբոսաշրջության եկամտաբերությամբ ու սիրում էր հեռուստաէկրանների առաջ տեղի-անտեղի հաշվել տուրիզմից ստացվող եկամուտները: Դրանք, իհարկե, այդպես էլ շոշափելի չդարձան: Համենայն դեպս, բոլոր այն մասնավոր անձինք, ովքեր նախորդող տարիներին զբոսաշրջային համարվելուն մոտ ինչ¬ինչ շինություններ կառուցեցին, ստացված եկամուտները նրանց գրպաններում էլ մնաց: Կարելի է ասել, որ չնայած ամեն առիթով հաստատվեց, թե զբոսաշրջային բիզնեսն ամենաշահութաբերներից է, այնուամենայնիվ, առկա խորհրդանշական ծավալներից պետությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չշահեց: Այս թեման ավանդական ակտիվությամբ քննարկելու համար դեռ մի քանի ամիս ժամանակ կա: Ուստիև, առաջին հայացքից տեղական հյուրատների թանկության և հարևան երկրներում ավելի մատչելի հանգիստ անցկացնելու հեռանկարները դեռևս օրախնդիր չեն: Սակայն այդպես էլ տեսանելի առաջընթաց չարձանագրած ոլորտի իրական վիճակը թվերի տեսքով ներկայացնող հերթական զեկույցը շրջանցել նույնպես չարժե: Պարզվում է, որ տուրիզմի զարգացածության աստիճանով 139 երկրների շարքում մեր հանրապետությունը 90¬րդ հորիզոնականն է զբաղեցնում: Չարժե նաև անտեսել, որ նախորդ տարվա համեմատ` մեր երկիրը մեկ հորիզոնականի առաջընթաց է արձանագրել: Նշված թվերն, իհարկե, աղետալի կամ այդպիսին կոչվելուն շատ մոտ կարելի է համարել: Սրանով հանդերձ` նման անպատվաբեր 90-րդը հայրենի բնության գեղեցկությամբ ու շահութաբերությամբ հրապուրվածների համար լրացուցիչ ազդակ կարող է դառնալ` զբոսաշրջային նոր սեզոնը բոլորովին այլ կերպ մեկնարկելու առումով: Համենայն դեպս, եթե գոնե այս ոլորտում շոշափելի գնանկում արձանագրվի, ապա մեր հանրապետությունը հնարավորություն կստանա առնվազն 80¬րդ տեղին հավակնել: Այլապես, եթե տարեկան ընդամենը մեկ կետով վեր ելնենք, ապա տասնյակ տարիներ կպահանջվի` շատ թե քիչ նախընտրելի դիրքեր նվաճելու համար: