Հա՞ որ...


Հայկական գների կատաղիության համբավն սկսել է աշխարհին զարմացնել: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն, ամփոփելով նախկին ԽՍՀՄ հանրապետություններում առկա գնային միտումները, առաջատարի դափնին անվերապահորեն մեզ է շնորհել: Հայաստանն իր բոլոր հավանական մրցակիցներին այնքան է գերազանցել, որ առաջին տեղում է հայտնվել` առանց քննարկումների կամ առարկությունների: Նշվում է, որ միայն հունվար ամսին մեզանում գները 2,8 տոկոսով են աճել, թեև բոլորիս է պարզ, որ իրականում թանկացումների չափազանց համեստ թիվ է հրամցվում: Ընդ որում, հավանական կարելի է համարել, որ հետագայում նույնպես առաջատարի անբարեբաստիկ այս համբավը շարունակվի պահպանվել: Ի դեպ, ռուս վիճակագիրները Ուզբեկստանն ու Թուրքմենստանը չեն ընդգրկել նշված հետազոտության շրջանակում: Այդ երկրներում հավանաբար կյանքն այնքան մատչելի է, որ համեմատելու կամ հետազոտելու ոչինչ չկա: