Երկնագույն վառելիքի առեղծվածը


Ազգային Ժողովում քառօրյայից քառօրյա ընկած հատվածում հերթական ընդմիջումն է: Իսկ նախորդ երեքշաբթի խորհրդարանը հետաձգեց օրակարգում մի շարք օրինագծերի, այդ թվում նաև ՀՅԴ խմբակցության` հրատապ կարգով ներկայացված «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Դրանով մասնավորապես առաջարկվում է, որ ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրի գազամատակարարման համակարգի համապատասխանությունը Սահմանադրության 33.1 և 31.3, այն է` սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաև մենաշնորհային դիրքի մասին հոդվածների պահանջներին: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մինչև քվեարկությունը լսումներ կազմակերպել: ՀՅԴ խմբակցությունն ընդունեց այս առաջարկությունը, Արծվիկ Մինասյանի խոսքերով, կառավարությանը հնարավորություն ընձեռելով` այդ հարցերին հիմնավորված պատասխան տալ: Մի խոսքով` պահանջվում է հիմնավորել, թե ինչու է գազը սպառողին ու հատկապես բնակչությանը վաճառվում գրեթե կրկնակի թանկ, քան գնվում է սահմանի վրա: Արդեն ժողովրդին աչքալույս տրվել է` այս ապրիլի 1-ը նախորդներից երջանիկ կլինի. գազի սակագինը… գոնե չի թանկանա: Այս մասին, ըստ տեղեկատվության, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները համաձայնության են հանգել մինչև մարտի 5-ը` վերջինիս մոսկովյան այցի արդյունքում: Իհարկե, դրան հաջորդած` Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանից Ռուսաստանի ինչ-ինչ ակնկալիքներ ունենալուն վերագրել մեր ռազմավարական գործընկերոջ բարի կամեցողությունը, թերևս, լուրջ չի լինի: Ռուսական գազի վաճառքի հարցում Գազպրոմն առաջնորդվում է զուտ կոմերցիոն շարժառիթներով: Ավելի հավանական է, որ այս խնդրում իր գործուն միջամտությունն է ունեցել արաբական աշխարհում առկա գործընթացների կրկնությունը Հայաստանում բացառելու ցանկությունը: Բայց կա ոչ պակաս կարևոր մի պատճառ ևս: Վերջ ի վերջո, նախընտրական տարի է, և ընդդիմությունն էլ արդեն շահարկում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աննախադեպ աճը: Եվ կասկած չկա, որ տեղական ներմուծողներին (և ոչ միայն նրանց) մի չնչին առիթն էլ բավարար է` բարձր գների ծանրությունից երկուտակված ժողովրդին գների մի նոր թռիչք հրամցնելու համար: Հասկանալի է` գազի թանկացումը լավագույն պատրվակ կլիներ նրանց ախորժակը նորից բացելու: Գազամատակարարման համակարգի գործունեության մասին կառավարությանն ուղղված հարցապնդման մեջ առաջարկվում է պարզաբանել, թե ինչով է արդարացվում, որ 2010թ. ապրիլի 1-ից հանրապետություն ներկրվող գազի գինն աճել է 17 տոկոսով, իսկ սպառողին վաճառքի սակագինն ավելացել է 37,5 տոկոսով: Պարզաբանումներից հայտնի է դառնում, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կից ստեղծել է բնական գազի` հանրապետության սահմանից մինչև բաշխիչ ցանցեր փոխադրող, ստորգետնյա պահեստարաններում պահեստավորող, հաշվառող և արտամղող «Տրանսգազ» ՍՊԸ: Գործադիրը հավատացնում է, որ եթե հիշյալ ՍՊԸ-ն նույնիսկ չստեղծվեր, միևնույն է, այդ նույն գործունեությունը կիրականացվեր «ՀայՌուսգազարդի» ստորաբաժանումների կողմից` նույն ծախսերով: Բացի այդ, նշվում է, որ մասնագիտացված առանձին կառույցի կողմից վերոհիշյալ գործառույթն իրականացվում է նաև ԱՊՀ մի շարք երկրներում` Բելառուսում, Ուկրաինայում, Ղազախստանում… Բայց ՀՅԴ խմբակցությունն էլ իր հերթին պնդում է, որ սպառողների շահերը պաշտպանող բազմաթիվ եվրոպական կազմակերպություններ հանդես են գալիս այդ համակարգի վերացման օգտին: Եվ «Գազպրոմի» հաշվետվությունները ցույց են տալիս, որ նա արդյունահանող մոնոպոլիստից վերածվում է տրանսպորտային մոնոպոլիստի: Գազի սակագնի խնդիրը նոր չէ, և արդեն մի քանի տարի է` յուրաքանյուր ապրիլի 1-ին մարդիկ ստիպված են լինում կրկին ձգել գոտիները` գների հերթական հարձակմանը մի կերպ դիմակայելու համար: Իսկ գազի գործով Ազգային Ժողովում լսումների օրը կպարզվի առաջիկա շաբաթում: Ինչ կարելի է ակնկալել այդ լսումներից: Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե հարցը կքնի. - Միշտ էլ այս հարցը կա ու կլինի, քանի դեռ Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հոդաբաշխ բացատրություն չեն ստացել: Իհարկե, ասվածի հետ վիճելն անիմաստ է, միայն թե… Ինչո՞ւ այս հարցը միայն հիմա է սկսել մտահոգել մեր խորհրդարանականներին: Ինչո՞ւ է միայն հիմա Դաշնակցությունն առաջարկում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Շատ խորաթափանց լինելու անհրաժեշտություն, կարծես, չկա: Չարախնդալու ցանկություն էլ չկա: Հարցն, իսկապես, շատ է ցավոտ ու թեկուզ որպես նախընտրական հաղթաթուղթ թող խաղարկվի: Միայն թե գեթ մեկ անգամ ժողովրդաշահ լուծում գտնվի: Իսկ եթե «երակ» մտած վերավաճառողի 20,5 % գերշահույթը գոնե կիսով չափ էլ նվազեցվի, ապա նախադեպը չունեցող առաջաքայլ կգրանցենք. 10-10,5 %¬ով էժանացո˜ւմ: Ավելի ստույգ` ճիշտ այդքան տոկոսով կնվազի խաբեության չափը: …Միայն թե այս անգամ էլ հերթական հիասթափությունը չապրենք…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ