ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանական բանակի ղեկավարությունը հերթական անգամ խայտառակ պատմության մեջ է ընկել: Ընդամենը մի քանի շաբաթ է անցել այն օրից, երբ Խանլարի շրջանում տեղակայված զորամասերից մեկում բռնկված ներքին հակասությունների արդյունքում 7 զինվոր սպանվեց: Այս առնչությամբ «Բիլիմ յոլ» թերթը ալիևյան բանակի հեղինակությունը վերջնականապես զրոյացնող նոր ու ավելի ցնցող դեպքի մասին է պատմում: Այսպես, Գերանդայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում սպան բռնաբարել է զինվորներին: Ավագ լեյտենանտ Անար Ազիզովը, ըստ հավաստի տեղեկութ յունների, երկար ժամանակ ստորացրել է նորակոչիկների արժանապատվությունը: Բռնության ենթարկված զինվորներից մեկն այդ մասին պատմել է ծառայակից ընկերներին: Պարզվել է, որ ավագ լեյտենանտը բռնաբարել է ևս 6 զինվորների: Լուրը տարածվելուց հետո տուժածների ծնողներն ու հարազատներն այնպես են հունից դուրս եկել, որ հարձակում են կազմակերպել նշված զորամասի վրա: Խայտառակությունը կոծկել պատրաստվող զորամասի հրամանատարությունը ստիպված է եղել ողջ զինվորական անձնակազմի ներկայությամբ սպաների ու զինվորների առերեսում կազմակերպել: Տուժածներին հեշտությամբ է հաջողվել հաստատել եղելությունը: Արդյունքում` ավագ լեյտենանտն անմիջապես ձերբակալվել է, իսկ զինվորները տարբեր զորամասեր են տեղափոխվել` ծառայությունը շարունակելու: Ադրբեջանի իշխանություններին բոլորովին էլ չի հաջողվում արդարանալ հավաստիացումներով, թե իր բանակի ղեկավար կազմում պատահականորեն մոլագար է հայտնված եղել: Այս երկրի զինված ուժերում զինվորների ծեծն ու ջարդը, նրանց խոշտանգելն ու ստորացնելը վաղուց է տարածված ու շարունակում է տարբեր հանցագործությունների պատճառ հանդիսանալ: Միայն հրադադարին հաջորդած շրջանում 3.500 զինծառայող է կյանքից հեռացել` բանակում առկա անառողջ մթնոլորտի և անհաղթահարելի ներքին հակասությունների արդյունքում: Երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել վերջերս տեղի ունեցած սկանդալային դեպքը: Եվ հետաքրքիր է` լրատվականը ամոթի՞ց, թե՞ խայտառակ պատմությունն ավելի տարածած չլինելու մտավախությունից ելնելով է նախընտրում լռել: Ամեն դեպքում առնվազն տարօրինակ է, որ նման բանակ ունեցող Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ներքին լսարանին մեծամտորեն համոզել, թե ցանկության դեպքում հաշված ժամերի ընթացքում կվերականգնի Ղարաբաղյան հակամարտության տարիներին գրանցած տարածքային կորուստները: