ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ դպրոցում իրականացվող բարեփոխումները, ինչպես վկայում են ոլորտի պատասխանատուները, այլևս անշրջելի են. սկիզբ են առել այնպիսի գործընթացներ, որոնց նպատակն է հիմնովին վերակառուցել բարձրագույն կրթության համակարգն ու հայաստանյան բուհերը մոտեցնել եվրոպական բուհական սկզբունք ներին: Անպայմանորեն` գովելի և դրվատելի գործընթաց, որը կարող է արձանագրել նոր իրողություններ, ազգային բուհական կրթությունը ինտեգրել համաշխարհային նորացումներին և համակարգային լուծումներին: Արդեն իսկ արվածն ու ներդրվածը հույս է ներշնչում, որ կատարվել են կարևոր քայլեր, հատկապես կրթական նոր եղանակների և մեթոդների առկայությունն արդեն մրցունակ է դարձնում բարձրագույն կրթությունը: Սակայն բարեփոխումների և վերագնահատումների ճանապարհին, երբեմն խորքային մոտեցումներ հանդես չբերելով` պատասխանատուներն ու կառավարիչները դիմում են չարդարացված նորամուծությունների` առիթ տալով դժգոհութ յունների և արդարացված բողոքների: Բարձրագույն կրթության համակարգում ներդնելով բուհական և հետբուհական կրթության եռաստիճան համակարգը` մեր կրթության կառավարիչները գնացին դեպի յուրատեսակ համահարթեցումը` չկռահելով և չքննարկելով մասնավորաբար արվեստի կրթության առանձնահատկություններն ու բացառիկությունները: Կոնսերվատորիա յում, Գեղարվեստի ակադեմիայում, Թատրոնի և կինոյի ինստիտուտում, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում բակալավրիատի և մագիստրա տուրայի ներդրումը, մեղմ ասած, չի բխում կրթական բարեփոխումների անհրաժեշտությունից: Ի՞նչ է նշանակում թերի բարձրագույն կրթությամբ դերասան, բեմադրիչ, նկարիչ, դաշնակահար կամ մարզիչ: Ի՞նչ է նշանակում մասնագիտական կրթության տրոհումն աստիճանների, երբ վաղուց ի վեր հաստատվել ու գործում էին հստակ սկզբունքներ, երբ մի շարք մասնագիտությունների ուսուցման համար նախատեսվում էր չորս տարի` կրթական ծրագրերի համապատասխանությամբ, իսկ տեսական լուրջ պատրաստվածություն պահանջող մի շարք մասնագիտություններ` հինգ տարի: Այսօր բոլոր մասնագիտությունների ուսուցումը տեղավորելով չորս տարվա շրջանակներում և շրջանավարտներին շնորհելով բակալավրի աստիճան` մենք արհեստականորեն ձգում-երկարացնում ենք կրթության երկրորդ աստիճանը, որը երբեմն դառնում է անպտուղ և ինքնանպատակ: Որքան էլ Հայաստանը մաս է կազմել Բոլոնիայի համաձայնագրի, այնուհանդերձ, մի շարք մասնագիտությունների կրթության ասպարեզում պիտի հրաժարվել պարտադրանքներից և սխեմաներից և առաջարկել սեփական հայեցադրույթներն ու սկզբունքները` բարձրագույն մասնագիտական կրթությունը դարձնելով նպատակային: Ուրեմն, երբեք էլ ուշ չէ, որպեսզի մեր բարձրագույն կրթության կառավարիչները վերանայեն արհեստական մոտեցումներն ու որդեգրեն իրատեսությունը, ինչն էլ հնարավորություն կտա ձերբազատվել «շուտասելուկային» կրթության հիմունքներից` ուսումնական ծրագրերը արհեստականորեն բաժանելով առաջին և երկրորդ աստիճանների, և առաջնային դարձնել խորքային ուսուցումը` արվեստի և սպորտի կրթության ասպարեզներում` հրաժարվելով երկաստիճան համակարգից: Եթե բակալավրիատն ու մագիստրատուրան Բոլոնիայի համաձայնագրով պայմանավորված պարտադրանքներ էին, ապա Կրթության և գիտության նախարարությունն էլ իր հերթին է որոշել «նորամուծություններ» կիրառել` հաստատելով արվեստի և ֆիզկուլտուրայի բուհերի ռեկտորների ընտրության նոր կանոնակարգ, որն անվերապա հորեն հարված է բուհական կառավարմանը: Ըստ նոր կանոնակարգի, հիշյալ բուհերում ռեկտորների ընտրության դեպքում այլևս պարտադիր չեն պրոֆեսորի և դոկտորի գիտական աստիճաններն ու կոչումները: Այս բուհերի ռեկտորներ կարող են ընտրվել գիտական աստիճաններ չունեցող, ընդամենը դոցենտի կոչմամբ մարդիկ: Ստացվում է, որ ամբիոնների վարիչների համար պարտադիր են դոկտորի աստիճանն ու պրոֆեսորի կոչումը, նույն աստիճաններն ու կոչումները պարտադիր են նաև պրոռեկտորների և դեկանների համար: Մինչդեռ ռեկտոր կարող են դառնալ անգամ դոցենտները, ովքեր հետագայում պիտի ղեկավարեն բուհերի գիտական խորհուրդները, հանդիսանան վարչական, գիտական և կրթական գործընթացների ղեկավար: Ինչպե՞ս կարող է գիտական խորհուրդը ղեկավարել մի մարդ, ով իր գիտական կոչմամբ ցածր է խորհրդի անդամներից, ով չունի գիտական աստիճան… Ընդունելով կանոնակարգն ու կայացնելով որոշում` կրթության և գիտության նախարարությունում, հավանաբար, ավելի շատ առաջնորդվել են իրավիճակային լուծումներով և կամ ցուցումներով: Այսինքն, չի բացառվում, որ սուբյեկտիվ, հովանավորչական շահերն են տվյալ դեպքում դարձել գերակա… Մտահոգություններն ու բողոքներն արդեն ներկայացվել են Կրթության և գիտության նախարարություն, մասնավորաբար նախարարի տեղակալ ՀՀ ԳԱԱ թղթակից -անդամ Արա Ավետիսյանը, մասնակցելով մի շարք արվեստի բուհերի կառավարման խորհուրդների նիստերին, լսել է հիմնավորված բողոքներ, սակայն առայժմ փորձել է պաշտպանել նախարարության որոշումը, որն այս դեպքում հակասում է մյուս բուհերի ռեկտորների ընտրության համար նախատեսված կանոնակարգերին: Բուհերում հույս են հայտնել, որ նախարարությունը շուտափույթ կերպով կուղղի սխալը, արվեստի և ֆիզկուլտուրայի բուհերում ևս հնարավորություն կստեղծի ռեկտորներ ընտրվել գիտության մեջ վաստակ ու ծառայություն ունեցող մարդկանց, չի հեղինակազրկի այդ բուհերի գիտական խորհուրդները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ