ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Առաջիկայում Ադրբեջանի ներքաղաքական անկայունությունն ավելի է սրվելու: «Ժողովրդական ճակատ» և «Մուսաֆաթ» կուսակցությունները գարնան գալուն պես ողջ երկրի տարածքում բողոքի զանգվածային միջոցառումներ են նախատեսում: «Մուսաֆաթի» ղեկավարը հայտարարել է, թե իրենց երկրում նման գործողություններ կազմակերպելու հավանականությունը մեծացել է` արաբական աշխարհում սկսված համանման գործընթացների ազդեցությամբ: Ընդդիմությունն արդեն իսկ ճշտել է բողոքի ակցիաների ժամանակ առաջադրելիք պահանջները: - Իշխանության ներկայացուցիչները նախկինում ասում էին, թե երկրում կոռուպցիա չկա, ու ընդդիմությունը պարզապես բամբասում է,¬ հայտարարել է Թ. Յագուբլուն` հավելելով. Այսօր արդեն ամենաբարձր մակարդակով խոստովանում են, որ երկիրը մխրճված է կոռուպցիայի մեջ: Իշխանության այդ խոստովանությունն ուժեղացրել է ժողովրդավարական ուժերի դիրքերը և հաստատել երկիրը կոռուպցիայի ու կաշառակերության մեջ թաղված լինելու մասին պնդումները: Մենք, զանգվածային ակցիաներում պահանջելու ենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել և խստորեն պատժել կոռուպցիայի գլխին կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք միաժամանակ պահանջելու ենք կառավարության հրաժարականը: Ասել է թե` բնավ «աչքաչափով» չեն այն պնդումները, որ զանգվածային ընդվզումների քամին կարող է ուղղությունը փոխել դեպի Ադրբեջան: Եվ զավեշտալին այն է, որ հեռավոր ափերում դա նշմարում են, իսկ ալիևյան վարչակլանն ունակ չէ տեսնել սեփական վիճակի աննախանձելիությունը: Ու դեռ ղարաբաղյան երազխաբությամբ սպառնալքի սուր է ճոճում իր հայրենիքում խաղաղությունն ամրապնդել փորձող արցախահայության վրա: