Կենսաթոշակային բարեփոխումների հարցի շուրջ


Ամեն պետություն իր հնարավորությունների չափով է կենսաթոշակ նշանակում այդ տարիքի հասած իր քաղաքացուն: Միջազգային փորձը վկայում է, որ նորմալ կենսաթոշակ ստանալու համար երկրում պետք է 2,5 անգամ ավելի շատ աշխատող լինի, քան` կենսաթոշակառու: Իսկ մեզ մոտ լավագույն դեպքում մեկ աշխատողին մեկ կենսաթոշակառու է հասնում: Կենսաթոշակառուների թիվը 520 հազար է, և հազիվ թե մենք դրանից շատ աշխատող քաղաքացի ունենք: Դրա համար էլ կենսաթոշակային հիմնադրամի գումարները շատ չեն: Բառացիորեն օրերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց փետրվարի 1-ից 8,8 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները` որպես գների թանկացմանը համարժեք ինդեքսացիա: Այդպիսով, կենսաթոշակի միջին չափն այնտեղ կհասնի 8800 ռուբլու կամ մոտ 300 դոլարի` մեր 80-90 դոլարի դիմաց: Ապրիլի 1-ից նորից ինդեքսացիա է կատարվելու: Իսկ մեզանում ինդեքսացիա երբևէ չի արվել: Միայն վերջերս, իբրև թե որպես գազի գների բարձրացման համար տրվող փոխհատուցում, 2500 դրամով կենսաթոշակները բարձրացան: Դա, իհարկե, չնչին գումար էր… Մենք դժգոհ ենք ոչ միայն կենսաթոշակի չափից, այլև դրա հաշվարկման կարգից: Օրինակ, ոչ մի նշանակություն չունի, թե մարդն իր աշխատանքի տարիներին ի՞նչ գումարներ է մուծել կենսաթոշակային հիմնադրամին: Բոլորից պահվում է հավասար` 3 տոկոսի սոցվճար: Բայց մեկի վճարած 3 տոկոսը 20-25 հազար դրամ է, մյուսինը` կրկնակի պակաս: Մի՞թե արդար է, որ բացարձակ թվերով մի քանի անգամ ավել սոցվճար մուծողն իրենից այդքա˜ն քիչ սոցվճար մուծողին հավասար կամ նույնիսկ ավելի պակաս կենսաթոշակ ստանա: Կամ արդա՞ր է, արդյոք, որ տարեկան ստաժի դիմաց յուրաքանչյուր տարվա համար թոշակառուին ընդամենը 450 դրամ վճարեն: Ընդսմին` հաշվի չառնելով անընդմեջ աշխատանքային ստաժը: Ողջ կյանքում թեկուզև մեկ օր ընդմիջում չտված մարդը որևէ առավելություն չպիտի՞ ստանա նրա համեմատությամբ, ով մեկ տարի աշխատել է, երկու տարի հանգստացել: Մի՞թե կարևորը միայն աշխատանքային ստաժի տարիների քանակն է, ուրիշ ոչինչ: Այլ բան էլ կա: Մարդն աշխատել է, հասել կենսաթոշակային տարիքի, բայց հանկարծ պարզվում է, որ այն պետական կամ մասնավոր հիմնարկը, որտեղ ինքը երկար տարիներով աշխատել է` անբարեխիղճ է գտնվել և այս կամ այն պատճառով կենսաթոշակային հիմնադրամին սոցվճարումներ չի կատարել: Եվ այդ բոլոր տարիների դիմաց… մարդու ստաժը չի հաշվարկվում: Մի ժամանակ սոցվճարների վերահսկողությունն իրականացնում էր հենց կենսաթոշակային հիմնադրամը: Հետո այդ վերահսկողական գործառույթը ստանձնեց այլ պետական կառույց` պետեկամուտների կոմիտեն: Թող լավ վերահսկեին, թույլ չտային, որ գործատուն սոցվճարները կենսաթոշակային հիմնադրամին փոխանցելու իր պարտականությունը անբարեխիղճ կատարի կամ ընդհանրապես չկատարի: Իսկ պետական ձեռնարկությունների բացակայությունը նպաստում է, որպեսզի մարդիկ ստիպված լինեն այլընտրանք չունեցող մասնավոր հիմնարկներում աշխատեն միայն աշխատավարձ ստանալու համար: Դե, կենսաթոշակի մասին ո՞˜վ է մտածում. այդ տարիքն այնքա˜ն հեռու է թվում օրվա հացի խնդիր լուծողին: Կամ ինչու՞ ենք մենք աշխատանքային գրքույկ պահում, եթե նրանում նշված ստաժի տարիները… լրիվ չեն հաշվարկվելու: Աշխատանքային գրքույկ պահելու պրակտիկան տոտալիտար ռեժիմի մնացորդ է: Անիծյալ Ստալինի ժամանակ այդ կերպ շարունակ ահուսարսափի մեջ էին պահում աշխատողին, որովհետև աշխատանքային գրքույկում և´ խրախուսանքներն էին նշվում, և´ աշխատանքային կարգապահության խախտումների համար սահմանված տույժերն ու պատիժները: Դա մարդուն ստրկական հնազանդության մեջ պահելու միջոց էր: Որովհետև եթե մարդը ցանկանար նոր աշխատանք գտնել` աշխատանքային գրքույկին ծանոթացողը կարող էր իմանալ, որ նախկին աշխատավայրում, ասենք, իրեն չի արդարացրել, պատժվել է կամ հեռացվել: Դա բավական էր, որ վստահություն չներշնչելու պատճառաբանությամբ մարդուն նոր աշխատանք… չտային: Չնայած` այն երկրում աշխատանքը պարտադիր էր, և գործազուրկներ չէին էլ կարող լինել: Վերջին շրջանում մանավանդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսել է հատուկ ուշադրություն դարձնել կենսաթոշակների վճարման կարգին: Լավ է, իհարկե, որ Վարչապետը զայրացել էր, թե ինչպե՞ս է պատահել, որ հունվար ամսվա կենսաթոշակների վճարումները ուշացել են, և 4000 մարդ կենսաթոշակ չի ստացել: Ամսական 480 հազարից ոչ պակաս կենսաթոշակ ստացողների մեջ 4 հազարը կարող է և մեծ թիվ չհամարվել, այդ էլ չպիտի լիներ: Բայց քանի որ մեզանում ավելի հաճախ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումներից, ապա ավելորդ չենք համարում ընդգծել, որ խնդիրը ոչ այնքան այն է, թե մարդը «Հայփոստի» ո՞ր բաժանմունքից կամ ո՞ր բանկից ու բանկոմատից պետք է ստանա իր թոշակը, այլ այն, թե ինչքա՞ն թոշակ պիտի ստանա, ի՞նչ կարգով պետք է նրա ընդհանուր ստաժը հաշվարկվի, կուտակային հիմնադրամն ի՞նչ է տալու ապագա կենսաթոշակառուին, կարելի՞ է լիակատար չափով վստահել այդ կուտակային ֆոնդերին, պետությունը երաշխավորո՞ւմ է, որ այդ կուտակային ֆոնդերի գումարները երբևէ չեն փոշիանա կամ չեն կորչի… Սրանք հարցեր են, որոնց շուրջ արժե´ մտածել: Չէ՞ որ ամենակենսական` երկրի ներքին սոցիալական քաղաքականության ոլորտին են վերաբերում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ