«Չկա աշխարհում մի փորձագետ, որ բացասական գնահատական տա մեր բանակին»


Այսօրվա իրականության մեջ` մեր հակառակորդի կողմից հրահրվող ակտիվ քարոզչական պատերազմի, ամենօրյա չդադարող հոխորտանքի, չհիմնավորված հայտարարությունների պայմաններում, մեծ է ռազմական փորձագետի դերը: Իսկ ամենատարբեր խնդիրների` փորձագիտական մակարդակով ուսումնասիրությունները, վերլուծություններն ու ճշգրիտ եզրակացությունները` պարզապես անհրաժեշտություն: Մեր զրուցակիցն է ռազմական փորձագետ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ - Ո՞րն է ռազմական փորձագետի առաքելությունը: - Առաջին հերթին` ուսումնասիրել¬վերլուծել բանակաշինությունը, հասարակություն¬բանակ փոխհարաբերություններին և ռազմական ոլորտի ամենատարբեր հարցերի վերաբերող խնդիրները` համադրելով համաշխարհային միտումների հետ և օգնել` հասկանալու դրանց էությունը: Օժանդակել բանակաշինության գործում` թե´ գլխավոր մասնագետներին` զինվորականներին, թե´ հատկապես հասարակությանը` ճիշտ ըմբռնել խորքային երևույթները և բարդությունները, որ կան այսօր մշտական ռազմական գործողությունների մեջ գտնվող մեր բանակում: Պարզվում է, որ «ռազմական փորձագետ» ձևակերպումը մեզանում ի հայտ է եկել վերջին շրջանում, իսկ երևույթը` համեմատաբար ավելի վաղ է ձևավորվել: Մենք ունենք 19-ամյա բանակ, բայց ռազմական փորձագետներն սկսեցին գործել միայն վերջին 3-5 տարիների ընթանցքում: Մինչ այդ եղել են պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնց կարծիքը շատ կարևոր է եղել, սակայն նրանք հասարակության հետ շփվելու լուրջ փորձ չունեին: Ես շուրջ 15 տարի զբաղվել եմ համաշխարհային բանակների, զինամթերքի ուսումնասիրությամբ, բայց միայն վերջին տարիների ընթացքում եմ համարձակվում տեսակետներ արտահայտել և համարել ինձ ռազմական փորձագետ: Սա երկար, լուրջ ու հետևողական աշխատանք է պահանջում: Կարծում եմ` ցանկալի կլիներ, եթե մեր ԶՈՒ¬ին կից ստեղծվեր փորձագետների խումբ, որը լուրջ, պրոֆեսիոնալ մակարդակով կուսումնասիրի տարբեր խնդիրներ, օրինակ` Արցախյան գոյապայքարը, որն այդ տեսանկյունից ընդհանրապես ուսումնասիրված չէ: Իսրայելական բանակին կից գործում է ռազմական պատմաբանների և փորձագետների խումբ, որը ցանկացած ռազմական գործողությունից հետո համապատասխան եզրակացությունը ներկայացնում է Գլխավոր հրամանատարությանը: Իսկ դա գրեթե միշտ օգնում է ճիշտ որոշումներ կայացնել: Կարծում եմ` մեզ անհրաժեշտ է նաև ստեղծել ամենապահանջված, ամենակարևոր թանգարաններից մեկը` Ռազմարվեստի պատմության թանգարան, որը ոչ միայն ռազմական գործին է առնչվում, այլև սերնդակերտման, դաստիարակության, ազգային ինքնաճանաչողության հարցերին: - Այսօր իրողություն է, որ ունենք կայացած բանակ: Որպես փորձագետ` ինչպիսի՞ գնահատական կտաք մեր Զինված ուժերին: - Քանի որ շատ ժամանակ չի անցել, կցանկանայի համայն աշխարհի հայությանը շնորհավորել մեր բանակի կազմավորման 19¬րդ տարեդարձի կապակցությամբ: Սա ազգային մեծ ձեռքբերում է: Մենք ունենք Բանակ, որը կայացել է մարտական բոցերի մեջ: Վերջին շրջանում շատ է խոսվում այս մասին: Կան պետություններ, որոնք 20-30 տարի զինվորական համակարգի վրա միլիարդներ են ծախսում, սպառազինվում են, ձեռք են բերում հսկայական միջոցներ, որպեսզի մի օր պատերազմեն: Իսկ մեր բանակը զինվելու և պատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Մենք պետք է հասկանանք, թե ինչ էր Արցախյան հաղթանակը մեզ համար` մի քանի հարյուրամյա ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ, պապենական հողերի ազատագրում: Եթե մենք խորությամբ հասկանանք այս հաղթանակի արժեքը, դժվար է պատկերացնել մի հայի, ով կթերագնահատի մեր բանակի դերը և նշանակությունը: - Տարածաշրջանի մասշտաբով ի՞նչ կշիռ ունի մեր բանակը` թե´ սպառազինության առումով, թե´ բարոյահոգեբանական մթնոլորտի: Հետաքրքիր է նաև միջազգային փորձագետների գնահատականը: - 1994 թ. հետո միջին հաշվարկներով Ադրբեջանը սպառազինության վրա ծախսել է 10 միլիարդ դոլարից ավելի գումար: Բոլորս գիտենք, թե մեր տարածաշրջանում 2008 թ. ինչպիսի լարված իրավիճակ էր: Պատկերացրեք մի փոքր տարածաշրջան, որտեղ 2 պետություն` հիմնականում Ադրբեջանը և Վրաստանը, մոտ 10 տարի և ավելի սպառազինվում էին ահռելի տեմպերով, ներմուծվում էր հսկայական քանակի և գումարի սպառազինություն: Դա նշանակում է` պատրաստվել լուրջ պատերազմի: Տարրական հարց է. ի՞նչն է ստիպում ամենագլխավոր սպառազինվողներին զերծ մնալ մարտական գործողություններից: Կարող է թվալ` մեր բանակն ամենահամեստ սպառազինվողն է: Մենք մրցավազք չենք հայտարարում: Նայում ենք հակառակորդին, չեզոք քայլեր ենք ձեռնարկում` դրանով փաստացի չեզոքացնելով այդ ագրեսիան: Սա կարող է հավերժ շարունակվել, ինչպես ԽՍՀՄ¬ի և ԱՄՆ¬ի միջև Սառը պատերազմը` մշտական մրցավազք, որը, կարելի է ասել, երկուստեք կործանարար լինելու վտանգից բխելով` երբեք չվերածվեց իսկական պատերազմի: Մենք գնում ենք այս ճանապարհով, որը ճիշտ ընտրված մարտավարություն է: Իսկ այստեղ գլխավոր գործոնը հայ ժողովրդի ստեղծած բանակն է: Ես չեմ տարանջատում միմյանցից ՀՀ և Արցախի զինված ուժերը, քանի որ մեր միասնական բանակն է, որտեղ ներդրում ունի համայն հայությունը: Իմ կարծիքով չկա մի այնպիսի փորձագետ աշխարհում, որը լուրջ բացասական գնահատականներ տա մեր բանակին: Թուրքական թերթերից մեկը գրել էր, որ մեր բանակն, այնուամենայնիվ, կարող ուժ է, կարող է խնդիրներ լուծել և խառնել նավթադոլարներից եկամուտներ ստացող պետությունների խաղահաշիվները: Ավելի լավ գնահատական օտարի կողմից, կարծում եմ, չի կարող լինել: - Որո՞նք են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող քարոզչական պատերազմի հիմնական ուղղությունները: - Սա շատ լուրջ ոլորտ է: Մեր հակառակորդների կողմից իրականացվող քարոզչական պատերազմը չունի առանձին ոլորտներ: Դա տարածվում է բոլոր ոլորտների վրա: Որո՞նք են մեր ազգային անվտանգության հիմնասյուները. ազգային դաստիարակություն, կրթություն, մշակույթ և այլն: Նրանք շատ լավ, փորձագիտական մակարդակով ուսումնասիրել են այս ամենը և բոլոր թիրախային ուղղություններով քարոզչություն են իրականացնում: Վերջին տարիներին մենք մի փոքր ակտիվություն ենք դրսևորում հակազդեցության հարցում, բայց պետք է ավելի ակտիվ լինել և միջոցներ չխնայել: Փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում քարոզչական պատերազմում հաղթանակներ տանելը լրջորեն նվազեցնում է մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Սրա համաշխարհային փորձը կա: - Ըստ Ձեզ` որպես ռազմական փորձագետ, որքա՞ն է հայ¬ադրբեջանական զինված բախման հավանականությունը: - Այս հարցին պատասխանելիս, փորձում եմ երբեք չանցնել այն սահմանը, երբ մարդկանց մի կողմից վախ են ներշնչում, մյուս կողմից` վստահություն: Միշտ պետք է հիշել. մենք մշտական վտանգի առաջ ենք, քանի որ մեր դեմ կանգնած է ագրեսիվ, երբեմն` անհավասարակշիռ մարդ, որը երբեք չի կարող հաշվարկված պատերազմ վարել: Հնարավոր է` սեփական ամբիցիաները բավարարելու, ասածն ապացուցելու համար պատերազմ սկսի: Այս վտանգը միշտ կա: Իսկ իրականում` հաշվարկների վրա հիմնվելով` կարելի է ասել, որ առայժմ լուրջ մարտական գործողությունների հավանականություն չկա: Ինչի՞ վրա է հիմնված այս տեսակետը: Ադրբեջանը մեր նկատմամբ ռազմական ներուժի լուրջ առավելություն չունի: Տնտեսությունը ևս շատ մեծ առավելություն չունի: Այո´, նրանց բյուջեն մեծ է, բայց, ներողություն, նրանց «ուտող բերանն» էլ է շատ մեծ: Կա նաև պետությունների գործոնը, շահագրգիռ ու դրդող կողմ չկա: Քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դիվերսիոն գործողություններ, հրաձգություններ հավանաբար կլինեն, բայց լուրջ մարտական գործողությունների հավանականություն չկա:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ