Հայոց բանակի խիզախ զինվորը


Մխիթար Բաբկենի Եսայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով: Հուլիսյան պայծառ գիշեր էր: Խաղաղ էր, եթե կարելի է այդ բառով բնորոշել, հակառակորդի հետ շփման գոտում իշխող հարաբերական լռությունն ու հանդարտութ յունը: Զինվորը հոգնել էր: Հերթափոխը հանձնելով` իջավ խրամատից` հանգստանալու: Թշնամու դիրքերից կրակոց լսվեց… ևս մեկը: Ուշադրություն չդարձրեց. կրակոցները դիրքերում սովորական են: Կոպերը ծանրացել էին, հանգստանալ էր ուզում: Քիչ անց հերթափոխի զինվորը մտավ գետնատնակ: Անմիջապես հասկացավ, որ վատ լուր է հաղորդելու: Տղան հևում էր. - Մեսրոպը վիրավոր է: Չհավատաց, կամ չուզեց հավատալ: Սիրտ մաշող ծանր րոպեները հաջորդում էին միմյանց: Քիչ անց լսելով դիրքապահ տղաների բարձր խոսակցությունը` զենքը վերցրեց և վազեց դեպի խրամատ: Դիրքի ավագ Սամվել Կարապետյանի հրամանով տղաները սկսեցին կրակել դեպի թշնամու կրակակետերը: Վտանգը մեծ էր: Հանկարծ տեսավ Մեսրոպին` վիրավոր և անօգնական ընկած խրամատից դուրս` ուղիղ հակառակորդի կրակի տակ: Կայծակնային արագությամբ քունքերում դոփեց ընկերոջը փրկելու միտքը: Բարձրացավ խրամատի վրա` մահվան վտանգին դեմ հանդիման ու մի ակնկարթ մոռանալով աշխարհում ամեն ինչ` դուրս քաշեց ընկերոջը կրակից: Հավանաբար, շատերի հոգին է ջերմացրել այս պատմությունը: Մխիթար Եսայանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Հայրը պայմանագրային զինծառայող է, եղբայրը ծառայում է Հայոց բանակում: Մորեղբայրը ծանր վիրավորվել է հայրենի սահմանները պաշտպանելիս: Իսկ պապիկն անտառապահ է եղել, հենց անտառում էլ դավադրաբար սպանվել է թուրքերի կողմից: Մխիթարը պատմում է մարտական հենակետում տեղի ունեցած դեպքի մասին` կարծես կրկին վերապրելով այդ գիշերվա վտանգն ու սարսափը: - Այդ պահին ոչինչ չէի զգում, չէի մտածում: Երբ տեսա Մեսրոպին, մի բան միայն հասկացա, որ պետք է նրան շատ արագ դուրս քաշել կրակից: Մեսրոպը փրկվեց` շնորհիվ Մխիթարի խիզախության, համարձակության և ջոկի կազմակերպված գործողությունների: Պատանու անձնազոհ արարքն աննկատ չմնաց. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեց «Մարտական ծառայություն» շքանշանով: - Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում շքանշանի համար: Ծառայության ընթացքում այն պարտավորեցնում էր ավելի զգաստ և կարգապահ լինել, իսկ զորացրվելուց հետո` ապրել որպես ճիշտ մարդ և առաջին հերթին` լինել հայրենասեր,¬ ասում է Մխիթարը: Զավակի ամենափոքր հաջողությունն անգամ մեծ հպարտություն է մոր համար: Իսկ ի՞նչ կարող է զգալ մարտական հենակետում ընկերոջ կյանքը փրկած խիզախ զինվորի մայրը: - Հպարտ եմ, որ որդիս կարողացել է այդպիսի կամք և համարձակություն դրսևորել: Հպարտության հետ մեկտեղ մի փոքր վախ էլ կար: Երբ տղայիս հարցրեցի, թե ինչպես է կարողացել այդպիսի բան անել, պատասխանեց, որ եթե Մեսրոպի փոխարեն ինքը լիներ, ընկերները նույն կերպ կվարվեին: Եթե նույնիսկ ծառայության ընթացքում զինվորների միջև փոքրիկ անախորժություններ լինում են, ապա հենակետում նրանք մի ընտանիքի նման են` միշտ պատրաստ միմյանց օգնելու,¬ ասում է Մխիթարի մայրը` տիկին Ազգանուշը: Իսկ Մխիթարը բոլոր զինծառայողներին խորհուրդ է տալիս` լինել հավասարակշռված և կարգապահ, անփորձանք ծառայել ու միշտ հիշել, որ իրենց սպասում են: Հայ զինվորը կարող է խիզախել: Երբ նա կանգնած է մարտական հենակետում` թշնամուն դեմ հանդիման, թիկունքում` ընտանիքը, հարազատները, հող հայրենին, որն իր պաշտպանության կարիքն ունի, տեսնում է ընկերոջը վտանգի մեջ, դառնում է ամուր և անսասան` պատրաստ ամեն ինչի: Թող այս անձնազոհ արարքը վարակիչ լինի: Հայոց բանակին անհրաժեշտ են ուժեղ զինվորներ, քանի որ հաղթանակները չեն շնորհվում, դրանք նվաճվում են յուրաքանչյուր զինվորի հաղթանակով և անձնազոհութ յամբ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ