«Երգիծական գլուխգործոցներ» շարքից ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ


Մեր կառավարությունը կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել` իր «բացառիկ» տնտեսվարության և հակատնտեսագիտության համար, իր «պարադոքսալ» նախաձեռնությունների համար, որոնք տարիներ անց կարելի է հրատարակել առանձին հատորներով` որպես ազգային երգիծական գրականության «գլուխգործոցներ»: Օրինակ, ինչո՞վ «գլուխգործոց» չէ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատավարձերի բարձրացման նորամուծությունը: Դեռևս անցած տարեվերջին Կառավարությունը «մեծ պարգև» արեց մեր մշակույթի գործիչներին` նրանց աշխատավարձերը բարձրացնելով…15 տոկոսով: Այն, որ սա սև հումոր էր` շատերը համոզվեցին, բայց հատկապես օպերային թատրոնում չկռահեցին, թե ինչ միջոցներից են ձևավորվելու ավելացող գումարները: Դեկտեմբեր ամսին, երբ բոլորը պատրաստվում էին տարեմուտի արարողություններին, շտապում խանութներ և շուկաներ` օպերային թատրոնում բավարարվեցին աշխատավարձի 50 տոկոսի վճարմամբ: Այսինքն, «ավանս» տվեցին բոլորին` խոստանալով հետո մարել պարտքերը: Թատրոնում շատերը մտածեցին, որ աշխատավարձերի գումարները ծախսվել են շքեղաշուք և գունագեղությամբ աչք ծակող «Աիդա» օպերայի բեմադրության վրա, չնայած որ պետական ֆինանսավորում էր եղել, մեծ գումարներ էին նվիրաբերել Առաջին տիկինն ու Ռալֆ Յիրիկյանը` բեմադրության երևացող բյուջեն հասցնելով մեկ միլիոն դոլարի: Ոմանք ասում են` դեռ ավելի… Բայց պարզվեց, որ աշխատավարձերի չվճարված մասը ո´չ «Աիդա»-ին է նվիրաբերվել, ո´չ էլ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերային, որին հատկացված 50 միլիոն դրամը, ինչպես հաստատել էին Նախագահի վերահսկողականի ստուգողները, «հոսել» էր այլ ուղղությամբ, ապա «վերադարձել»… Ինչպես տեղեկացանք թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից, կառավարությունը, նախարար Հասմիկ Պողոսյանի միջոցով, առաջարկել է կասեցնել դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձերի վճարումը` թատրոնում 50-70 հաստիքի կրճատման պատճառով: Իսկ այս հաստիքները պետք է կրճատվեն, որպեսզի արդեն «թափուր» գումարի հաշվին բարձրացվեն աշխատավարձերը: Իհարկե, օպերային թատրոնի համար առանձին «չափաբաժին» էր որոշված. 15-ի փոխարեն` 27 տոկոս բարձրացում` հաշվի առնելով բալետի և օպերայի արտիստների մասնագիտական առանձնահատկություները, սակայն հազիվ թե հիմա հնարավոր լինի անցնել 15 տոկոսի սահմանը, որովհետև թեկուզ 70 հաստիքի կրճատման հետևանքով գոյացած «ազատ միջոցները» հազիվ բավականացնեն պահանջվող գումարաչափին: Ուրեմն, քանի դեռ այդ գումարները չկան, իսկ թատրոնի տնօրենը չի ստորագրել 70 աշխատակցի գործազրկությունն «ապահովող» հրամանները, այստեղ աշխատավարձ չեն ստանալու… Ավելին, ինչպես մեզ փոխանցեց բեմադրիչ Մարինե Սարգսյանը, թատրոնում ոչինչ չեն խոսում աշխատավարձերի բարձրացումների մասին: - Ունենալով «Աիդա» օպերայի նման բեմադրություն` մենք մտադիր ենք 2011-ին Հայաստանում անցկացնել օպերային արվեստի համաշխարհային փառատոն ,- բեմադրության առաջնախաղից հետո հայտարարեց Մշակույթի նախարարը: Այն, որ մեկ բեմադրությամբ և այն էլ` կասկածելի ու հնացած գեղարվեստական լուծումներով, օպերային արվեստի համաշխարհային փառատոն չեն անում` հասկանալի է, սակայն այդ փառատոնին մեր թատրոնն է՞լ ինչ է ցույց տալու. իր արտիստների թշվառությու՞նը, կառավարության «օյինբազություննե՞րը», թե՞ գործազուրկների շարքերը համալրող մարդկանց շարքերը…