Բանանային պատերազմն ավարտվե՞ց


Ասում եք` բանանը սովորական միրգ է` բոլորին հասանելի: Դե, իհարկե, միրգ է ու հասանելի: Բայց դրա շուրջ արդեն 2 տասնամյակ խորացող սրացումները, պարզվում է` առևտրական պատերազմի էին վերածվել: Ահավասիկ. Եվրախորհրդարանը հավանություն է տվել Լատինական Ամերիկայից ներկրվող բանանի ներմուծման տուրքի նվազեցմանը ( տեղեկացրել է AFP-ն): Այդպիսով վերջ է տրվում «բանանային պատերազմ» անվանվող առևտրային վեճերին, որոնք սկիզբ էին առել 20 տարի առաջ: Մրգերի մաքսատուրքի նվազեցմանը կողմ են քվեարկել 501 պատգամավոր, դեմ` 114-ը: Ներկայումս այդ մաքսատուրքը կազմում է 176 եվրո` 1 տոննայի համար, իսկ 2017-ին այն կիջնի մինչև 114 եվրո: Ընդունված որոշումից հետո լատինաամերիկացի բանան մատակարարողները համաձայնել են հրաժարվել Եվրամիության երկրներին ներկայացվող իրենց պահանջներից: 1990-ականների սկզբներից արտահանողները գանգատվում էին, որ եվրոպացիները բանանը ներկրում են իրենց նախկին գաղութ Աֆրիկայից, խաղաղօվկիանոսյան տարածքներից ու Կարիբյան ավազանից` առանց հարկերով ծանրաբեռնելու: Եվրամիությունը բանանի խոշորագույն սպառողն է աշխարհում: Այդ երկրներում վաճառվող բանանի 70 %-ն արտադրվում է Լատինական Ամերիկայում, 20 %-ն` Աֆրիկյան երկրներում և միայն 10 %-ը` Եվրամիության տարածքում: