ԽՈՓԸ


Մեր պարագայում այնպես ստացվեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի «հայկական կատարումը» աստիճանաբար ավելի ու ավելի է նմանվում մի խոփի, որին ուղղակիորեն և միգուցե անխուսափելիորեն դեմ առան նոր կառավարության խոստումնալից հեռանկարներով կյանքի կոչվել պատրաստվող բարեշրջումները: Եվ իրոք, մեկեն մոդայիկ դարձած այս տարողունակ արտահայտությունը ինքնաբերաբար գրվեց սառույցին և նույն սառույցի հետ էլ, գարնան գալուն չսպասելով, հալվեց-գնաց: Արդյունքում իրականությունը աղքատության կամ կոռուպցիայի դեմ պայքարի, հավասար մրցակցային պայմանների և մյուս հանրահայտ ծրագրերով հանդերձ մնաց սառույցից ազատված եզրապատերին` մերթ փորձելով դիմադրել անկասելի հետնահանջին, մերթ էլ անլուծելիությունը հաղթահարելու ճիգեր գործադրել: Հիմա ճգնաժամը տնտեսությունից հեռու վանելու համար խելոքների մի խումբն առաջարկում է հարկային զիջումների գնալ, մյուսներն էլ թե` բանը բանից վաղուց է անցել, ու ճգնաժամ լինի կամ ուրիշ նման պատուհաս, ինչպես նախատեսվել էր, այնպես էլ պետք է լինի` տնտեսվարողները իրենց գործառույթները պետք է վաղուց գործող օրենքներին մոտեցնեն, օրենքների շրջանակներում տեղավորեն: Բայց, ինչպես սովորաբար և ինչպես ամեն պահանջ-հորդոր, այս մեկն էլ է յուրաքանչյուրը յուրովի ընկալել: Ավելի ճիշտ` ընկալվել է հենց ասված ձևով, բայց ավանդույթի համաձայն` կիրառվում է հայեցողաբար: Դիցուք, ամենավերջին տվյալներով` խոշոր հարկատուները էլի են նվազեցրել վճարվող գումարները: Իրենց հերթին մանր ու միջին բիզնեսում ներգրավվածներն էլ սկսել են լրջորեն դիմադրել` իբր թե թեթևացված հարկային պարտավորությունները կատարելիս: Այլ բան չի մնում, քան ենթադրել, որ պատկան մարմինները հույսը լրիվ կորցրել են, թե ինչ-որ կերպ հնարավոր է խոշորներին «խելքի բերել»: Համենայն դեպս Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակներում երբևէ նշանակալի «ցնցումներ», էական տեղաշարժեր չեն գրանցվում: Ասել է թե` առաջատարներին անգամ բարեշրջումների ալիքը չի մղում ավելի շատ հարկեր վճարել, և այլևս կասկածից վեր է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները մատնանշելով` նրանք ավելի համեստ ցուցանիշներ են արձանագրելու: Ջուրը պղտորվելուց հետո մեկը ձուկ է բռնում, մյուսն էլ ստիպված է կամ ՀԴՄ տեղադրել կամ էլ, ասենք, արտագաղթելու մասին մտածել: Միջին բիզնեսը թերևս ինչ-որ միջանկյալ վիճակում է: Եթե նախորդ շաբաթ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանված երևանյան մի քանի ռեստորաններին կարելի է այս շարքում դասել, ապա վերջիններիս կարգի հրավիրելու ուղղությամբ իրականացված նշված խորհրդանշական քայլն էլ առանձնապես արդյունավետ չէ: Ընդունենք, թե վերջիններս տուգանվելով «տանուլ» են տվել իրենց տվյալ օրվա շահույթը և «խախտել ես օրենքը` վճարիր տույժը» տրամաբանության շրջանակներում նրանք մի քանի հարյուր հազար դրամ վճարեցին. մի՞թե տնտեսական աճը կամ ճգնաժամի հաղթահարումը այս «հենքի» վրա է առաջ տարվելու: Թերևս ոչ այնքան, քանի դեռ փոքր բիզնեսը վերջնականապես շնչահեղձ չի եղել: Տարիներ շարունակ մանր գործարարությամբ զբաղվողների վիճակը այնպիսին տխուր նկարագրումներով էր հրամցվում, որ այս ոլորտում ներգրավվածներին անգամ գործազուրկները կնախանձեին: Բայցևայնպես ցանկացած ամփոփման արդյունքում պարզվում է, որ շատ թե քիչ վճարվող հարկերի գերակշիռ մասը հենց մանր բիզնեսում ներգրավված հարկատուների ուսերին է ծանրացած: Եվ, ինչպես ֆիզիկայում, կա մի ծանրություն, որը հենման կետն այլևս չի կարողանա կրել. լինի այն ուս, թե ինչ-որ ֆիզիկական մարմին… Եվ հիմա, երբ մանր հարկատուների ուսերը նույն հարկային բեռից արդեն ակնհայտորեն սկսել են երերալ, ինչ-որ հանգուցալուծում առաջադրելու անհրաժեշտությունն այլևս ոչ այնքան ընդհանրական-սեմինարային, այլ հենց օրվա խնդիր է դարձել: Տաքսիստներին գույնզգույն համարանիշեր պարտադրելով, գուլպա կամ կանաչի վաճառողներին ՀԴՄ արկղիկներով ահաբեկելով ոչ միայն ճգնաժամ, այլ նույնիսկ շատ թեթև հարցեր երևի թե դժվար լինի լուծել: Ասել է թե` այլ բան է պետք մտածել. նոր բան: