ՄԱՐՏԻ 1. Ո՞Վ ԻՆՉՊԵՍ...


Ըստ ամենայնի, այս տարի ևս մարտի 1-ը վճռորոշ կարող է դառնալ իշխանության և ընդդիմության համար: Բարեբախտաբար այդ օրվա ողբերգական ելքը, ի տարբերություն նախորդի, գոնե այս պահին բացառվում է, սակայն չպետք է անտեսել նաև, որ սա այն խորհրդանշական օրն է, երբ երկրի բնակչության պես ու բոլոր իմաստներով ծանր ձմեռը հաղթահարած (՞) կողմերից յուրաքանչյուրն իր հերթին պետք է շատ թե քիչ հստակեցնի հետագա անելիքները: Այնպես որ, օր-օրի բարդացող կենցաղային հոգսերը լուծելու փորձերի արանքում հանրությունն առաջիկայում ականատես է լինելու դրամատիկ տեսարանների, որոնք, իբրև ժամանց դիտարկելու դեպքում, միգուցե հեռուստա սերիալներից էլ հետաքրքիր լինեն: Եվ այսպես, նախորդ շաբաթ հայրենի կառավարությունը լուծեց մի խնդիր, ինչի մասին, որքան էլ չցանկանար բարձրաձայնել, այնունամենայնիվ վաղուց էր մտածում ու դրան հասնել շատ էր ձգտում. ճգնաժամը հաղթահարելու կամ ավելի շատ դրան դիմադրելու համար առաջիկայում մեզ կլորիկ գումարներ են հատկացնելու ոչ միայն Համաշխարհային բանկը, այլև նույն ճգնաժամի ճիրաններում հայտնված Ռուսաստանը: Թե սովորաբար ինչպես են մսխվում նման վարկերը, բոլորս գիտենք… Թեպետ այս դեպքում հին ու ծանոթ սցենարի կրկնության հավանականությունը ինչ-որ տեղ կարելի է քիչ հավանական համարել. իրավիճակն է ուրիշ: Էլ չասած, որ մեզ դարձյալ «հայի բախտ» վիճակվեց ու հին պարտքերը չմարած` հայրենի կառավարությունը հիմա էլ հարկադրված է նոր գումարներ հայթայթելու ճարահատ քայլին դիմել: Ընդհանրապես կարիք չկա երկար-բարակ հիմնավորելու, թե ինչ անտանելի երևույթ է այդ պարտք կոչվածը: Ինչպես արդեն հայրենի պաշտոնյաներն են խոստովանում, «ֆինանսական ճգնաժամի` ավելի խորը փուլ թևակոխելուց հետո» կարծեք թե անխուսափելիորեն ծառանալու է բոլորի ու առավելապես հենց կառավարության առաջ: Ինչ խոսք, «Քանի կանք, բոլորս իրար պարտք ենք» հին հայկական բանաձևն այստեղ հիսուն տոկոսանոց արդյունավետությամբ-արդարացումներով անգամ չի կարող գործել, քանի որ ազգաբնակչության պարագայում հարցը դարձյալ և ամենամոտիկից առնչվում է արդեն հացի խնդրին: Ով, ով, բայց հայոց աշխարհի նախկին ու ներկա բնակիչներս շատ լավ գիտենք, թե սա ինչ է նշանակում… Ու եթե նույնիսկ այս պարագայում ՀՀՇ-ի իշխանության տարիների մղձավանջն էլ մի կողմ թողնենք, ապա հետագա տարիներին կատարվածը, ինչը «աշխարհասփյուռ հայություն» արտահայտությունը մեզ համար ավելի հասկանալի դարձրեց, հիմա նույնպես հնարավորություն է տալիս լավ պատկերացնելու ճգնաժամի հավանական հետևանքները: Ի դեպ, այս հարցը միգուցե կարելի լիներ այս պահին օրախնդիր չհամարել, եթե նախորդ տարվա ամփոփումները (այսինքն նախքան տնտեսական պատուհասն ընկած ժամանակաշրջանը) այս առումով գույներն արդեն իսկ ավելի մռայլ դարձրած չլինեին: Իսկ հիմա, երբ արդեն նոր աշխատատեղերի, տնտեսական աճի մասին վիճակագրությունը թեկուզև ժամանակավորապես պատմության գրկում է հանգրվանել, և անգամ պաշտոնական շրջանակներն են խոստովանում այս ու այն ոլորտում աշխատատեղերի զանգվածային կրճատման իրողությունը, ուրեմն հեշտ է նաև պատկերացնելը, թե հայացքները դեպի ո՞ւր են ուղղելու անսպասելիորեն գործազուրկ դարձած մեր հայրենակիցները: Նման իրավիճակում ոչ միայն հնարավորը, այլ նույնիսկ անհնարինը պետք է արվեր` մարդկանց հացի բոլոր աղբյուրները «սրբորեն» պահպանելու համար: Սակայն հարկային վարչարարության խստացումը ոչ միայն չի բարվոքում իրավիճակը, այլ նաև լրջագույն վտանգ է ստեղծում հատկապես «փոքր բիզնես» կոչվածում աշխատատեղերի փակման ուղղությամբ: Ըստ էության, հիմա ավելի վերջնական տեսքի է բերվել «տուգանք» կոչվող հասկացությունը: Եվ եթե հանուն ճշմարտության նշենք, որ դրանց «շնորհիվ» մեր բյուջեն ավելի շատ է լցվելու, ապա չպետք է աչք փակել, որ անկախ ամեն ինչից` սա ուղիղ համեմատական է ոմանց քսակների հաստության աստիճանը նորովի պատկերացնելու համար: Այնպես որ, եթե վարչապետը մեկ անգամ ոսկու շուկա այցելելով կարող է միանգամից 300 չգրանցված գործավորների բացահայտել, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչե¯ր կարող են անել յուրահատուկ մասնագիտական հոտառությամբ օժտված հարկային տեսուչները: Իսկ վարչապետը հայոց ոնց որ թե նորից է սխալվել, քանի որ գոնե մեր տպավորությամբ` բարեփոխումները ոչ այնքան տնտեսվարողներից, որքան, ինչպես ասում են, ոլորտը խայտառակողներից պետք է սկսեր… Ի դեպ, իրավիճակը փայլուն չէ նաև մյուս «ոլորտներում»: Մինչ այս ու այն նախարարությունը չափած-ձևած «ֆորմատով» կառավարությունում նախորդ տարին է ամփոփում, այնպես ստացվեց, որ ոստիկանապետի խոսքը ըստ էության կիսատ մնաց… Քաղաքացիներին պաշտպանել չկարողացող և նախորդ տարի հանցագործությունների զգալի աճ արձանագրած ոստիկանությունը չկարողացավ պաշտպանել անգամ ոլորտի երկրորդ դեմքին, և Գևորգ Մհերյանի սպանութ յունն ամբողջացրեց այստեղ ստեղծված աղետալի իրավիճակը: Նման խճճված իրադրությունը, ինչպես հաճախ, ներքաղաքական անկայունության կամ գոնե դրա հավանական հեռանկարների առումով պարարտ հող է ստեղծում: Փող չկա, կամ էլ եղածը շատ քիչ է, բայց սա երբեք էլ հեղափոխականների ծրագրերի ու տրամադրությունների վրա չի կարող ազդել: Որքան էլ գունավոր հեղափոխությունների ժամանակներն անցած լինեն, փոքր չէ հավանականությունը, որ հիմա էլ այս ու այն հանրապետությունում ճգնաժամը հեղափոխության կամ նման իրավիճակի լրջագույն նախահիմքեր կստեղծի: Սոցիալական դժգոհությունը այս ամենի համար արդեն իսկ հարմար պայմաններ է ստեղծել, բայց, ինչպես բոլոր նախորդ դեպքերում, արմատականներին դարձյալ չի հաջողվելու այդ ամենից համարժեք քաղաքական եկամուտ ապահովել: Ավելին, այդ եկամուտը նրանք արդեն հասցրել են ժամանակից շուտ քամուն տալ: Տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ վերջին շաբաթներին առավելապես աչքի ընկան` մեծ ու փոքր բողոքի ակցիաներ կազմակերպելով: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի և ոչ մի ներկայացուցիչ մտքով անգամ չանցկացրեց այս մարդկանց կողքին գոնե ֆիզիկական ներկայություն ապահովել: Իսկ այսքանից հետո անկնկալել, թե բողոքավոր զանգվածները Հայ Ազգային Կոնգրեսի համար գարունը թեժ են դարձնելու, ճիշտ չի լինի: Եվ մի քիչ էլ զարմանալի է, որ այս կամ այն երևույթը շահարկելու և հարկ եղած դեպքում վարպետորեն խաղարկելու հարուստ փորձ ունեցող թիմն այդպես էլ չձգտեց «իրենով անել» պատրաստի միտինգավորներին: Հետաքրքիր է նաև, որ գարնան մասին խոսում են բոլոր արմատականները, բացի առաջնորդից` Լ. Տեր-Պետրոսյանից: Իհարկե, սա այն դեպքն է, երբ շեֆը վերջին պահին է իր խոսքն ասելու, բայց ակնհայտ է նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի հոգսերը շատացել են, գործերը` բարդացել: Ըստ ամենաթարմ տվյալների` վերջերս ֆինանսապես ու ֆիզիկապես Կոնգրեսին է միացել նաև մի արկածախնդիր «բուֆետչիկ»` տարիներ առաջ հարայ-հրոցով Հայաստանից հեռացած ոչ անհայտ Արկադի Վարդանյանը: Առայժմ ոչինչ չասող այս համագործությունը, այնուամենայնիվ, մի հետաքրքիր նրբերանգ ունի: Փաստն ինքնին խոսուն է, քանի որ առաջին Նախագահը ակնհայտորեն ձեռքերը փրփուրներին է գցում: Փրփուրներ, որոնց ծովի ալիքը Արկադի Վարդանյանի տեսքով մերթ հասցնում է Մոսկվա, մերթ` Իսպանիա: Իսկ նման անորոշության պայմաններում ընդդիմության համար այս մարտի 1-ը նախորդ ողբերգական տարելիցը նշելու առիթ միայն պետք է դառնա: Եվ եթե ընդդիմությունը վաղուց այլևս անելիք չունի, ապա անվերջանալի հոգսերի հիմնական բեռը իշխանությունը ուզած թե «չուզած» պետք է կրի: Այս իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ ինչ-որ տեղ նախանձելի (՞) իրավիճակում է հայտնվել. նրա համար ուղիղ մեկ տարի առաջ իշխանության հասնելն այդպես էլ չիրականացած երազանք մնաց…