Մաուգլին և... քաղաքականությունը


Անցյալ շաբաթ Ուկրաինայի խորհրդարան` Գերագույն Ռադա էր «այցելել» անգլիացի մեծատաղանդ գրող Ռեջինալդ Քիփլինգի…«ստվերը»: Ոչ այլ ոք, քան վարչապետ Յուլյա Տիմոշենկոն խորհրդարանին առաջարկում էր… համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրում հայտարարել «քաղաքական պայքարի մորատորիում»: Բացահայտորեն ակնարկելով Քիփլինգի հանրահայտ «Մաուգլի» հեքիաթի հերոսներին, նա կոչ էր անում ճիշտ այնպես, ինչպես ջունգլիների համընդհանուր դժբախտության` երաշտի ժամանակ Խաթխի փիղն ազդարարեց «ջրային հաշտություն», որի ընթացքում մահվան սպառնալիքով գազաններին արգելվում էր մեկը մյուսին ուտել, այդպես էլ համաշխարհային ճգնաժամի ընթացքում «դադարեցնել քաղաքական պայքարը երկրի ներսում և պահպանել քաղաքական հաշտություն»: Ավա¯ղ, հեքիաթը հեքիաթ է, և որքան էլ հրաշալի գրված լինի` նրա հերոսների վարքագիծն ուղղակի անհնար է տեղափոխել մարդկային հասարակություն, առավել ևս մարդկային հարաբերություններից ամենամոլեգինի` քաղաքական հարաբերությունների ոլորտ: Եվ այդ ճշմարտությունն անհապաղ իր հաստատումը գտավ Գերագույն Ռադայի հենց նույն նիստում, որը կառավարությանը հարցեր ուղղելու հերթագրման առիթով, քիչ մնաց` վերաճեր ամենաիսկական տուրուդմփոցի: Ռադայի խոսնակ Լիտվինը միայն այն ժամանակ կարողացավ կարգուկանոն հաստատել, երբ հայտարարեց կառավարությանը հարցեր ուղղելու համար պատգամավորների նոր հերթագրում: Նույնիսկ դրանից հետո էլ քաղաքական կրքերը չհանդարտվեցին: Ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» պատգամավորներն անհապաղ պահանջեցին անվստահություն հայտնել Յուլյա Տիմոշենկոյի կառավարությանը: Առաջարկը դրվեց քվեարկության, և 450 տեղանոց խորհրդարանում կառավարությունը ցրելու ու նոր կառավարութ յուն կազմելու այդ նախաձեռնությունը, նվազագույն 226 ձայնի փոխարեն, հավաքեց ընդամենը 203 «կողմ» ձայն: Այդպիսով կառավարությունն, ինչպես ասում են` մնաց «թամբին»: Գերագույն Ռադայի այդ գզվռտոցը վկայում էր, որ ուկրաինական հասարակության քաղաքական պառակտումը հասել է կամ կարող է հասնել կրիտիկական աստիճանի: Առանց այն էլ վարչապետ Տիմոշենկոյի և նախագահ Յուշչենկոյի հարաբերությունները շարունակում են չափազանց լարված մնալ: Նախագահը անխոհեմաբար յուղ է լցնում կրակին` երկրի բոլոր տնտեսական դժվարությունների, ազգային դրամարժույթի` գրիվնայի գրեթե կրկնակի արժեզրկման, ժողովրդի հոծ զանգվածների կենսամակարդակի իջեցման մեղքը բարդելով վարչապետ Տիմոշենկոյի վրա: Վերջերս նա ուղղակի մեղադրեց վարչապետին` այս տարեսկզբին առաջացած «գազային սկանդալի» լուծման հարցում Ռուսաստանի հետ վարած բանակցությունների ժամանակ «Ուկրաինային անընդունելի պայմանագիր ստորագրելու համար»: Նախագահ Յուշչենկոն զայրացած էր հատկապես Ուկրաինային մատակարարվող ռուսական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 360 դոլար վճարելու և Ուկրաինայով դեպի Եվրոպա գնացող ռուսական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 1 դոլար 70 ցենտ տարանցիկ վճար սահմանելու համաձայնության համար:Նա գտնում էր, թե առաջին դեպքում գազի գինը բարձր է, երկրորդ դեպքում` ցածր: «Հյուսքերով տիկինը», ինչպես սովորաբար անվանում են վարչապետ Տիմոշենկոյին, պարտքի տակ չմնաց: Նա էլ նախագահին մեղադրեց հազար ու մի մահացու մեղքերում, սկսած անցած օգոստոսին վրաց-հարավօսական պատերազմում, ի վնաս Ուկրաինայի պաշտպանունակության, Վրաստանին ջրի գնով գերժամանակակից հրթիռա-հրետանային կայանքներ ու տանկեր վաճառելուց, վերջացրած նույն այդ գազի տարանցիկ վճարներից նյութական վիթխարի օգուտներ, ընդսմին` անձնակա°ն օգուտներ ունենալու մեջ: -Պարոն նախագահ, եթե չեք օգնում, գոնե վերջ տվեք խանգարելուն,-ի պատասխան հայտարարեց Յուլյա Տիմոշենկոն ինտերնետային հարցազրույցում, նախագահին հորդորելով վերջ տալ «հիստերիային և խուճապ տարածելուն»: Դժվար թե մեկը մյուսին լսի: Ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» երբեմնի երկու ամենաազդեցիկ լիդերներն ու երեկվա «սրտակից բարեկամները» վաղուց արդեն մահացու թշնամիներ են դարձել: Այդ երկուսի պայքարը կարող է ավարտվել միայն մեկի կամ մյուսի քաղաքական ոչնչացմամբ կամ երկուսի էլ հեռանալով քաղաքական ասպարեզից: Ոչ մի Խաթխի, ինչքան էլ «ջրային հաշտություն» ազդարարի, այս երկուսի միջև քաղաքական հաշտություն այլևս չի կարող լինել: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, խորացնելով ժողովրդական զանգվածների դժգոհությունները, իր հերթին նպաստում է երկու լիդերների թշնամանքի պահպանմանը: Իսկ երբ պետության ղեկավարներն անհաշտ են, դրանից տվյալ պետության շարքային քաղաքացիները երբեք լավ բան սպասել չեն կարող: Ով ավելի հմուտ ամբոխավար դուրս գա, ով ավելի լավ կարողանա ժողովրդական զայրույթի փոթորիկը իրենից շեղել դեպի մյուսը, նա էլ կհաղթի: Բայց հազիվ թե մեկի կամ մյուսի հաղթանակը թեթևացնի ժողովրդի լայն զանգվածների վիճակը: Ուկրաինայում ստեղծված այս քաոսային կամ նախաքաոսային իրավիճակից մենք նույնպես պետք է դասեր քաղենք: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեզ նույնպես կանգնեցրել է և դեռ կանգնեցնելու է նորանոր դժվարությունների առաջ: Մեզանում նույնպես հայտնվելու են կամ արդեն իսկ հայտնվել են քաղաքական ուժեր ու գործիչներ, ովքեր հայտարարել կամ դեռ հայտարարելու են, թե ամեն ինչի մեղավորը… գործող իշխանություններն են: Իբրև թե ժողովրդի ծանր վիճակի համար կոկորդիլոսի արցունքներ են թափելու, իսկ իրականում ձգտելու են իշխանության: Իբր` մեզ տվեք երկրի կառավարման լծակները, և մենք կախարդական փայտիկով ամեն ինչ կկարգավորենք: Ոչ մի բան էլ չեն կարգավորի, դա հեքիաթ է, ինչպես Քիփլինգի «Մաուգլին»: Իշխանության համար մղվող պայքարը հին է, ինչպես աշխարհն ինքը: Եվ այդ պայքարում մոլեռանդորեն դեպի իշխանութուն ձգտող կողմերից ոչ մեկը ոչ մի ստոր միջոցից երբեք չի խուսափել ու…չի խուսափելու: Ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամը առավել քան պատեհ առիթ է, որ այդ պայքարը… սրվի: Եթե երկրի ծանր վիճակում մեկը կամ մյուսը պայքարում է իշխանության համար, ակամայից նմանվում է այն կարճամիտներին, ովքեր ծովում խորտակավող նավի վրա վեճ են սկսում…առաջին կարգի նավասենյակներն զբաղեցնելու համար: Բայց ի՞նչ կարևոր է` երկու-երեք ժամից դու ո՞ր նավասենյակում ես… խեղդվելու: Առողջ բանականությունը հակառակն է հուշում: Հասուն հասարակությունները ճգնաժամի պայմաններում դադարեցնում են ներքին գզվռտոցները, մեկտեղում են ուժերը, մոռանում են նույնիսկ ամեն կարգի քաղաքական տարաձայնությունները: Մի անվերապահ նախապայմանով` եթե նրանց նպատակը ոչ թե պահից օգտվելով իշխանությունը հափռելն է, այլ երկրին ու ժողովրդին օգնելը: Շատ շուտով մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր երկրի հակամարտ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը որքանո՞վ է հասուն, պատրա՞ստ է, արդյոք, հանուն սպառնացող աղետի դեմ ազգային համախմբման` հրաժարվել իշխանության համար մղվող պայքարից, թե՞ ոչ: Ի դեպ, դա հնարավորություն կտա նաև մեզ բոլորիս` գնահատելու ինքներս մեր հասունության աստիճանը, պարզելու, թե իբրև պետականորեն կազմակերպված ազգային հավաքականություն մենք որքանո՞վ ենք բարձրացել Քիփլինգի «Մաուգլի» հեքիաթը կարդացող… երեխաների մակարդակից…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ