ԵՐԵԿ


Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկով կասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերությանը» առնչվող հարցեր: ՀՀ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ-ի անգնահատելի դերը շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում եւ ընդգծել հիմնախնդրի կարգավոր մանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ջանքերի կարեւորությունը: Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ մեր երկրում ժողովրդա վարական գործընթացների խորացման ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են, որ 2008 թ. օգոստոսյան իրադարձությունները մեկ անգամ եւս հավաստում են առկա հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին` նման մտայնությունը համարելով «վտանգավոր եւ անհեռանկարային»: Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային համապատասխան կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից գործող միջազգային իրավապայմանագրային դաշտի խախտմամբ սեփական ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ողջունել այդ խնդրի շուրջ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ Հանրապետության Նախագահի նախաձեռնած քննարկումը: Գորան Լենմարկերը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը: Զրուցակիցներն արձանագրել են, որ տարածաշրջանում համագործակցության եւ խաղաղության երաշխավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է: