«Այդպիսիներին ընդամենը խղճալ է պետք»


ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` իր մեքենայով վթարի ենթարկվելու փաստը շատերին էր անհանգստացրել: Բարեբախտաբար` գեներալն ապաքինվելու անհրաժեշտություն էլ չի ունեցել. վթար կոչվածի հենց հաջորդ օրվանից նա աշխատում է սովորական ռեժիմով: Սակայն «Հայկական ժամանակ»-ում տպագրված «կրակե՞լ էին» հրապարակումը չէր կարող տարակույսներ չհարուցել: Առավել ևս` ակնարկված «տարօրինակ վթար», «ուշագրավ մանրամասներ» արտահայտութ յուններն արտասովոր ինչ-որ «սենսացիա» էին գուժում: Ապավինելով Վլ. Գասպարյանի անկեղծությանը, հենց իրենից էլ փորձում ենք ճշտել այդ «ուշագրավ մանրամասների» իսկությունը: Գեներալը նախ ծիծաղում է, ապա մտահոգ հանդիմանում լրագրողներիս. - Ես չեմ էլ ուզում հարցնել, թե մամուլն ինչու է այսքան մասնագիտացել բամբասանքներ հորինելու գործում: Բայց նաև չեմ կարողանում մեր շատ լրագրողների հոգեբանությունը հասկանալ. նենգախոսությունը ինքնաբավարարման նոր մեթո՞դ է երևի: Միայն իմ մասին չէ, որ այդ թերթը սև հումոր է տպագրել: Հանուն էժանագին աղմկարարության արժե՞ այդքան մանրանալ: - Գուցե հերքո՞ւմ պահանջեք: - Ի՞նչը հերքեմ. զառանցալի հերյուրա՞նքը: Մարդկանց փորձության տարած և շուրջ 1 տարի փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, երևի Լենինի օրինակով` իր ընդհատակներից օրաթերթ է տպագրում և տիրաժավորում չարախոսությունը: Բայց պատմությունը փաստեց չէ՞, որ նման «կայծերից» բռնկված «բոցերը» (ինչպես Լենին պապիկն էր երազում) դեպի կեղծիքի վրա կառուցված բռնապետություն են տանում: Ավտովթարի «տարօրինակը» ո՞րն է. նույնիսկ կյանքում ղեկ չբռնած ուղևորը տարօրինակ չի° համարում` երբ մեքենան պատին է դիպչում: - Դուք իսկապե՞ս կոչումի բարձրացում էիք ակնկալում և հիմա, այսպես ասած` «բիզնեսներ» եք կորցնելու: - Ես որևէ մեկից որևէ բան երբևէ չեմ ակնկալել: Մանավանդ` իմ նախաձեռնությամբ երբևէ ոչինչ չեմ խնդրել ու պահանջել: Գնահատվելու դեպքում` ավելի եմ պարտավորվել, բայց պարգևներն ինձ համար չափանիշ չեն: Ամենակարևորն այս պարագայում այն է, որ իմ զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է գեներալ-մայորի կոչումը: Իսկ դա նշանակում է, որ ցանկության դեպքում էլ նախագահը չէր կարող գեներալ-լեյտենանտի կոչում շնորհել: Ինչ վերաբերում է ինձանից «որոշ բիզնեսներ խլելուն»… (գեներալը ծիծաղում է- խմբ.) Չունեցածը չե°ն խլում, իսկ Սերժ Սարգսյանն այդ տողերի հեղինակի չափ պարապ չէ` սրան-նրան պատժելու մեթոդներ ընտրելու համար: Ես բիզնեսմեն չեմ: Ուրիշ առիթներով էլ եմ ասել` ես պրոֆեսիոնալ ոստիկան եմ և այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ ուրիշ ոլորտներում (հատկապես` բիզնես կոչվածի) ժամանց, հոբբի կամ եկամտի աղբյուր որոնելու կարիքը չունեմ: Ոչ էլ` ցանկություն: - Փոխարենը մարդկանց ճանաչելու ունակություն ունեք` գումարած իրազեկվածությունը: Դժվարանո՞ւմ եք ենթադրել, թե Ձեր մերձավորներից ո՞վ կարող էր Ձեր մասին ստահոդ լուրեր տարածել: Նշված է, չէ՞. «…գեներալ-մայոր Վովա Գասպարյանը իր մերձավորների շրջանում հայտարարել է…», «…նա իր շրջապատում սկսել է փիս-փիս բաներ խոսել…»: - Իմ շրջապատից, առավել ևս` մերձավորների, այդպիսի անհեթեթություններ դուրս տալ չէին կարող այն պարզ պատճառով, որ նման զրույցներ ընդհանրապես չե°ն եղել: Իսկ այդպիսի բարբաջանք հորինողներ իմ շրջապատում չկան: Հրապարակման նպատակը շատ հստակ է` երկրի համար դժվարին այս ժամանակներում սեպ խրել Հանրապետության նախագահի ու նրան սատարողների, նրա զինակիցների հարաբերություններում և հասարակությանը «համոզել», թե իբր վերին օղակներում բոլորն իրար դեմ լարված են: Նույն թերթում (և, դժբախտաբար, ոչ միայն այդ թերթում) այլոց մասին էլ անտրամաբանական և իրականությունից հեռու ինչ-որ չարագուշակություններ են «թխվում»` հենց ա°յդ նպատակով: Այնպես որ` հոգեկան զառամախտի ախտանիշներն ակնհայտ են: Դրա վերջնական հիմնավորումն է և այն զառանցանքը, թե իբր ասել եմ, որ վթարի պահին ինձ վրա կրակել են, բայց գնդակը ինձ չի կպել: Ռազմական ոստիկանության վարչության պետին, այն էլ` վարչության բակում ո՞վ և ինչպե՞ս կարող էր կրակել: Չէ¯, մամուլի գործերը ոնց որ թե դժվարացել են° փաստեր չեն գտնում, բայց ընթերցողին ստով սնելու սովորույթից էլ չեն հրաժարվում: Ինչպես ասում են` մենք չդատենք: Ես մանրախնդիր չեմ և կասեմ հետևյալը` թող Տերը իրենց արդարությամբ իրենց դատի, իմ արդարությամբ էլ` ինձ (ոնց որ թե` արդե°ն դատել է նրանց): Թող նման հրապարակումների հեղինակները հիշեն կամ իմանան, որ մարդ կոչվողին վայել չէ ճղճիմ «մուցիկուլիությունը»: Հրապարակումից երևում է, որ իրականությանը ծանոթ չեն, կամ էլ տկարամտությամբ են տառապում: Ստերով, հիվանդագին երևակայությունից ծնված հորինվածքներով մարդկանց արատավորողներին ընդամենը խղճալ է պետք: ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Զրույցն ավարտած համարելով, Վլ. Գասպարյանը փորձեց կատակել. - Ասում են` թերթերից մեկում մի լրագրող հայտարարություն է տպագրել. «Գտնվել է Խիղճ: Կորցնողին խնդրում եմ շտապ հետ վերցնել, որովհետև այն խանգարում է շանտաժով փող վաստակել և թույլ չի տալիս հանգիստ քնել: Գտածոն ինձանից տանողին խոստանում եմ բարձր հոնորար»:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ