Ո°չ հարկանենգությանն ու անհարկի շվայտությանը


Աշխարհին պատուհասած ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ոմանց ճակատագրերը բեկելուց բացի, ավելի դժվարացրեց փոքր պետությունների միջին ու աղքատ խավերի սոցիալական մաքառումները: Արհավիրքի հասցրած ու դեռ սպասվող վնասները մեզ համար կործանարար չէին, քանզի Հայաստանը համաշխարհային արժեթղթային շուկային չի ինտեգրվել: Սակայն ալիքին դիմակայելու համար այդքանը բավարար չէ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ գտնում է` - Արդեն ակնհայտ է, որ տրանսվերտների կրճատումը հանգեցնելու է բյուջեի հետ կապված խնդիրների` մուտքերի և ծախսերի առումով: Դեմ ենք խնդիրներն արտաքին պարտքի հաշվին լուծելուն, մանավանդ, որ այդ գումարները կարող ենք մեր պետության ներսում հայթայթել: Առաջարկում ենք. առաջին հերթին կառավարությունը պետք է մտցնի պրոգրեսիվ հարկման քաղաքականություն: Գերշահույթներ ստացող տնտեսվարող սուբյեկտներ և ոլորտներ չպետք է լինեն ՀՀ-ում: Երկրորդ` խոշոր հարկատուներին հարկային-դաշտ բերելն է: Քաղաքական կամքի առկայության պայմաններում շատ հանգիստ կարող են ստվերի դեմ պայքարել: Չմոռանանք, որ այսօր Հայաստանի համախառն արդյունքի գրեթե 70 %-ը 3-4 տասնյակ ընտանիքների ձեռքում է գտնվում: Եվ երրորդ` ըստ էության կարելի է նաև պրոգրեսիվ հարկման ձևաչափը կիրառել անշարժ գույքի սեփականության պարագայում: Մենք այսօր տեսնում ենք, որ մաքսային վարչության նախկին պետը, ով ստանում էր 700-800 ԱՄՆ դոլարի չափ աշխատավարձ, կարող է ունենալ բազմամիլիոնավոր արժողությամբ դղյակներ: Այնպիսի հարստություն, որը միլիարդից անցնում է: Ես կարծում եմ` նմանատիպ պրոգրեսիվ հարկի ելակետը պետք է լինի 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Անշուշտ, ժողովուրդը կիսում է այն կարծիքը, թե պետք է օլիգարխները նույնպես չճողոպրեն հարկային պարտականություններից: Այլապես արտոնյալություն կոչվածից սպառնալի չափերի է հասնում անպատժելիությունը` խարխլելով պետության տնտեսական, բարոյական ու ժողովրդավարական հիմքերը: Ինչն էլ իր հերթին հանրության մեջ թանձրացնում է աստիճանաբար ատելության վերաճող դժգոհությունը: Իսկ նման լարված մթնոլորտը պարարտ հող է մարտի 1-երի և նույն բնույթի տարբեր տրամաչափի իրադարձությունների համար: Իրատեսական է նաև անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման տարբերակը, որը կարծես թե կարող է հնարամիտ հայ հարկանենգների առջև փակել սողանցքները: Ուստիև ամենքը պատասխանատու կլինեն իրենց զեխությունների համար` հաշվետվության տեսքով: Այս տեսանկյունից, հիրավի, հարկ է նշել, որ մեր երկրի տնտեսական պայմաններում պետական այրերը լավ կլիներ` չքամահրեին օրենքի պահանջը և ազնվություն ունենան` գոնե ինքնախոստովանելու, որ անգամ 50-60 միլիոնանոց գերթանկարժեք մեքենաներով չեն նպաստում ոլորտի զարգացմանը: Ավելին, «ոսկե» համարներով շքեղ փոխադրամիջոցները ոչ միայն չեն խթանում նրանց գործունեության արդյունավետությունը, այլև վնասում են վերջիններիս հեղինակությանը: Հիշեցնե՞նք նորից, որ ծառայողական մեքենան ընդամենը փոխադրամիջոց է` «աշխատանքային գործիք» և ոչ թե ունևորության դիրքի մրցակցության չափանիշ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ