Մեր օրերի թատրոնը Սառույցը, կարծես, կոտրվում է. ԿՀԱԼՉԻ՞ ԱՐԴՅՈՔ…


«Պետեբուրգ - Երևան» տրանզիտ Կիևյան Ռուսիայի վաղնջական ժամանակներում մխրճվող հայ-ռուսական մշակութային առնչությունների բարերար ներգործությունը մեր ազգային արվեստի զարգացման վրա կենսական նշանակության վերափոխվեց 1828-ից ի վեր` Արևելյան Հայաստանի միակցմամբ Ռուսաստանին: Ֆիզիկական բնաջնջումը կանխելուց զատ պատմական այդ խոշորագույն իրադարձությունը հոգևոր-մշակութային նորահարուստ վերընձյուղման հզոր խթանիչ հանդիսացավ` դարեդար ձեռք բերելով հանապազօր անհրաժեշտության արժեք: XX դարավերջի հայտնի հասարակական-քաղաքական հեղաբեկումը անքակտելի թվացող հայ-ռուսական համակեցության փլուզմամբ խարխլեց նաև հոգևոր-մշակու թային կամուրջը, որի հիմնասյուներից էր թատերարվեստը: Սովալլուկ, մութ ու ցուրտ, վառոդաբույր 90-ականներով ոչ միայն խաթարվեց ընթացիկ թատերական ստեղծագոր ծությունը, այլև ցամաքեցվեց ռուսական բարձր մշակույթի հետ փոխշփումներով այն առույգացնող ակունքը: Եվ քանի որ չգտնվեց կենարար այլ փոխարժեք, հայ թատրոնը զգալիորեն տկարացավ: Այս թռուցիկ պատմական անդրադարձիս նպատակը հիմնավորելն է հայ-ռուսական մշակութային կապերի վերականգնման հրատապությունը. միջպետականորեն արժևորման ամեն նոր փաստ հույս է ներշնչում բարեկիրթ ապագայի մոտալուտ հավանականության: Որպես վերջինիս կոնկրետ արտահայտություն ընդունելով «Սանկտ-Պետերբուրգի և Երևանի համագործակցության կենտրոն» ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպության ու մեր հայրենակիցներ Սամվել Մուժիկյանի և Արմեն Կարապետյանի նախաձեռնած «Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոնի համատեղ բեմադրության` Արմեն Վաթյանի «Պիտերյան սինդրոմ» պիեսի ներկայացման երևանյան առաջնախաղը, լուրջ ակնկալիքներով դառնում եմ դրա հանդիսատեսը: Ի դեպ, ՀՀ վարչապետի, մշակույթի նախարարի և բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների հետ միասին: Ենթադրում եմ, որ նրանց ներկայությունը Մայր թատրոնի հանդիսասրահում սոսկ դիվանագիտական նկատառումներով չի պայմանավորված: Ուզում եմ հավատալ, որ այս ներկայացումը պատեհ առիթ կհանդիսանա պետության ուշադրության սևեռմանը` արդի հայ թատերարվեստի, հատկապես Սունդուկյանի անվան թատրոնի բարձրարվեստ հարատևմանը նպատակամետ համալիր մարտավարության անհետաձգելի կայացման վրա: Հայ թատրոնի մայր բեմի հանդեպ ակնածալից վերաբերմունքը հրավիրյալ ստեղծագործական խմբի պրեմիերային հուզմունքն առանձնակի շիկացրել էր: Երբևէ «Հայֆիլմ»-ում նկարահանված ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Լեոնով-Գլադիշևի ապրումներին միախառնվել էր հայ գործընկերների հետ հաղորդակցվելու կարոտը: Սերգեյ Մուրզինին համակած հոգեվիճակը խորացնում էր պատերին կախված լուսանկարներից իրեն, ասես, ակնդետ հետևող մեծանուն հայ արտիստների աներևույթ ներկայությունը: Սանկտ-Պետերբուրգում 2008-ի սեպտեմբերի 30-ից հետո 6 անգամ խաղարկվելով` «Պիտերյան սինդրոմ»-ը շահել էր մասսայական հանդիսատեսի համակրանքը, հիմնականում արդարացրել կոմերցիոն նկրտումները` անտրեպրիզային ներկայացումների գլխավոր նպատակը: Այդուհանդերձ… Բեմադրության հեղինակ Տատյանա Վդովիչենկոն մտահոգ է` ինչպե՞ս կաշխատի մի գիշերում տեղի հնարավոր միջոցներով բեմանկարիչ Ելենա Զոլոտարյովայի հավաքած միջավայրը: Սեփական դեկորացիաները տեղափոխելուց հրաժարվել էին` չափազանց թանկ հաճույք է ներկայումս: Պատկերացնում ե՞ք` որքան կարժենար մեզ ցուցադրված առանց այդ էլ քչերիս մատչելի (8 հազար դրամ էր գնահատված ամֆիթատրոնի միջնամասի տոմսը) այս ներկայացման տոմսը, եթե ստիպված լինեին հոգալ այդ ծախսերը ևս: Ասենք, լուրջ թատերարվեստի պահպանմանն ու զարգացմանը խոչընդո տող հիմնախնդիրներից շատերն են բնորոշ պիտերյան մշակութային առօրյային: Վճարունակ միջակության հաղթարշավը բեմերում ու հեռուստաէկրանին դժվարացնում է բարձրարվեստ արարման հանրաճանաչումը: Մուրզինն, օրինակ, ստիպված էր հեռանալ «Բուֆ» թատրոնից` ընտանիքի պատշաճ ապրուստի այլընտրանքային հնարքներ փնտրելով: Դեռ լավ է, որ ռուս-ամերիկյան համատեղ հոլիվուդյան նախագծում և անտրեպրիզային ներկայացումներում ընդգրկված լինելով` մշակութային տիրույթից դուրս չի մնում: Երբ պիեսը ոչ մի բանի մասին է Օրինաչափ դարձած ուշացումով «Պիտերյան սինդրոմ»-ը սկսում է կենդանանալ բեմում: Հանդիսատեսը համբերատար հետևում է Զինաիդա Ստեփանովնա-Աննա Սամոխինայի ընդգծված մաներայնությամբ երթևեկությանն ավանսցենով, փորձում մտնել ներկայացման տիրույթը` բնակարանի վարձակալության հայտարարությամբ խաղի մեջ ներգրավված Շուրա-Աննա Գելլերի հետ նրա ծավալած զրույցի միջնորդությամբ: Թվում է, մեր օրերին բնութագրական մի պատմություն է խաղարկվելու բեմում` Շուրայի զուգընկերոջ` Արտո-Սամվել Մուժիկյանի երևալով: Բայց երիտասարդ զույգի անհասկանալի փոխհարաբերությունների բեմական ձևակերպումները, սարքովիության ակնհայտությամբ, տեսարանից տեսարան խորացնում են անարվեստ մատուցվող ստի հարուցած ձանձրույթը: Շուրա-Գելլերի սառնասիրտ ու համառ ընդդիմությունը Արտո-Մուժիկյանի սիրալիր մտերմությանը առնվազն տարօրինակ է. երիտասարդ կինը ինչո՞ւ է կամավոր հայտնվել իրենց երկուսի համար այս տղամարդու վարձակալած բնակարանում... Իրադրությունն ավելի արտառոց է ներկայանում, երբ բնակարան է ներխուժում Շուրայի նախկին սիրեկանը` նորառուսի տիպական հատկանիշներով Սերգեյ Մուրզինի կերպավորած Բուշը: Ներկայացումը սկսում է անօգնական տարուբերվել պարզունակության հորձանուտում: Չորրորդ պլանավորված ամուսնության անսպասելի ձախողմամբ Մոսկվայից հանկարծակի վերադառնում է Զինաիդա-Սամոխինան` վարձակալներից ստացած կանխիկ գումարը վատնած: Համատեղ կեցության անհարմարությունները, պիեսի հեղինակի մտահղացմամբ, պետք է որ զավեշտական իրավիճակներ ստեղծեին: Մեր սերիալամոլ հանդիսատեսի քիմքին, պատկերացրեք, դրանք հարմար են գալիս: Նա զվարթանում է, բուռն արձագանքում նաև ազգային սնապարծությունը շոյող, անհամության աստիճան ծամծմված հնարքներին (Արարատ, հայկական կոնյակ, անհարկի հնչեցված Սայաթ-Նովա…): Կենսագրությունից զուրկ բեմական հերոսների կոնկրետ դրսևորումներում կյանքային իրական իմպուլսներ փնտրելուց ձանձրացողներին փոքր-ինչ աշխուժացնում է Շուրայի երազի թատերային դրվագը` կովկասցի տղամարդկանց («սՌՓՈ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ» հանրահայտ արտահայտության երգիծման ոգով) պարային շրջապտույտով: Այնուհետև որևէ դիտարժան հատվածի ակնկալությունը ի դերև է ելնում: Լեոնով-Գլադիշևի` ինֆանտիլ ազնվականի կաղապարում թրծված Յակով Իլյիչի` Զինաիդա-Սամոխինայի մոսկովյան «փեսացուի» մուտքով ներկայացման տարածքը չի հարստանում սիրային խառնաշփոթի իրական բովանդակությամբ: Ծամածռություններով խթանվում է միայն վհատ ընթացքը արհեստածին, սնամեջ բառախաղով հագեցած բեմապատումի: Լավատեսական հանգուցալուծումը, իբր ի նպաստ իսկական սիրո առաջնայնության միջանձնական հարաբերություններում, կենսական նախադրյալներից զերծ լինելով, կարկատված վերջաբան է դառնում. ավարտական միզանսցենի գեղանկարչական գրավչութ յունը, միևնույն է, չի փրկում: Մոտ 2 ժամում ձևավորված տաղտկաշունչ տպավորությամբ հոգեպես թալանված լքում ես դահլիճը` տրտմելով չարդարացված հույսերիդ համար: Հանիրավի է անհամաչափ կատարողական ունակություններով մեկտեղված դերասանախմբին միայն մեղադրել դրանում. ոմանց տիրապետությունը արվեստի տեխնիկական զինանոցին կասկածից վեր է: Պարզապես, երբ պիեսը ոչ մի բանի մասին է, բեմադրիչն էլ իմաստավորող լուրջ միջամտություն իրեն թույլ չի տալիս, հանճարեղ արտիստական ներուժով անգամ անհնար է` չգիտես ինչու «ռոմանտիկական կատակերգություն» որակված ներկայացման ասելիքին նշանակալից իմաստավորում հաղորդել: Վերջին շրջանում մեզ «դրսից» մատուցված անտրեպրիզային ներկայացումներից «Մադամ, մենք գնում ենք Ակապուլկո»-ն է առայժմ շահեկանորեն առանձնանում: Հյուրախաղերով ժամանած թատերախմբերից` «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը»: Անվերապահորեն: Ուրախալին հայ-ռուսական մշակութային փոխշփումների սառույցի կոտրվելու փաստն է և` հնարավո րինս շուտով հալեցնելու պաշտոնական դիրքորոշումը: Լավագույն ապագայի հույսերը, կարծես, անհիմն չեն: Եթե, իհարկե, համագործակցության նոր նախագծերը կառուցվեն գրականի լիարժեք հիմքի վրա:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ