Կյանքը` գրողական գեղադիտակի վերափոխված անդրադարձներում


Ամենևին չնախապաշարվելով լսածս, մեղմ ասած, անբարենպաստ կարծիքներից` հաջորդ օրը գնում եմ նայելու Արմեն Վաթյանի «Ընծայված աղջիկը»` մեր ռուսական թատրոնում: Արթուր Հարությունյանի ձևավորած բեմական միջավայրը հարկավորից ավելի ծանրաբեռնված է թվում կենցաղային խառնիխուռն մանրուքներով, բայց շուտով հիմնականում ապահովում է իրեն հարբեցողության տված մենակյացի անխնամ կացարանի տպավորությունը: Ներկա իրականությանը հառված յուրատիպ գեղադիտակի նշանակություն է ստանում ներկայացման սկզբում արված բեմապտույտը կիսախավարում. կանգնեցվելով այս անշուք բնակարանի դեմ-հանդիման` խոշոր պլանով ի տես ամենքի սկսում է նրա պրիզմայով բացահայտել, լուսավորել արդիականության որոշ ախտանշաններ: Սրտապնդվում եմ ներկայացման ասելիքի մերօրյա աղերսներով: Ակնկալում կենդանացած տեսնել դրանցով ուրվագծվող իրականության ավարտուն պատկերը: Ավաղ, շուտով համոզվում եմ, որ պիեսի հեղինակը մտահղացել է սոսկ ինտրիգող առանցքը սյուժետային գծի: Երբևէ կանանց սրտերի որսորդ եղած տղամարդը օրերից մի օր կարող է հայտնվել հիմարավուն իրավիճակում` իրեն ինկոգնիտո առաքված «կանչով աղջկա» ինքնությունը պարզելիս: Այդպես Սևադայի գորշ կյանքում հայտնվում է Լիլո մականվամբ մանկամարդ մարմնավաճառուհին` պատվիրված ամբողջ գիշերվա համար: Էլիտա Սանակոևայի իմպուլսիվ ներկայությամբ երկու ընկերների` Արեգի ու Մելսի հետ ծննդյան օրվա երեկոն խմիչքով համեմված ցինիկ կատակներով սպանելու տաղտկալի հեռանկարը Սևադա-Ռոբերտ Հակոբյանի համար կտրուկ փոփոխվում է: ՀՀ վաստակավոր արտիստը անկեղծորեն վերապրում է իր մարմնավորած հերոսի կրած անսպասելի շրջադարձի հոգեբանական անցումները` դրանց համոզչականությամբ վարակելով հանդիսատեսին, քանզի մինչ հանձինս իրեն «ընծայված» «կանչով աղջկա» 20-ամյա վաղեմության մոռացված սիրախաղից ծնված դստեր իսկության մեջ հավաստիանալն էլ երևակել էր երբեմնի արտիստական փառքն ու ընտանեկան տաքուկ խնամքը կորցրած իր հերոսի առերևույթ անփույթ ու բոմժատիպ նկարագրում պահպանված ինտելեկտի նշույլներ, ինչ-ինչ ազնիվ մարդկային հատկանիշներ: Աղքատությունից ազատագրվելու, ըստ իրեն, ամենադյուրին ճանապարհը գտած Էլիտա Սանակոևան, ինքնահատուկ բարդույթավորվածության բնականոն հաղթահարմամբ, հավաստի է ներկայացնում իր Լիլոյի ծննդյան գաղտնիքի հոգեկան տարուբերումները: Անբռնազբոսիկ բեմական վարքագիծ դրսևորելով` կարողանում է մնալ իրադարձությունների կենտրոնում: Դեռևս նկատելիորեն կաղում է բեմական խոսքը, բայց կերպարային զգացողությունը բավականաչափ հասունացել է, բեմական հմայքն ավելացել: Հակոբյան-Սանակոևա զուգախաղի դինամիկ զարգացմանը խթանում են Մելս-Դավիթ Խաչատրյանը (հասուն տղամարդու ներկայացնող երիտասարդ դերասանին հաջողվում է թաքցնել սեփական տարիքը) և Արեգ-Դավիթ Սեպխեյանը առաջին լուրջ բեմելը նորեկի ունակությունների նկատմամբ հավատ է ներշնչում): Դերասաններից յուրաքանչյուրն իր հերթին աշխույժ երանգներով է հագեցնում իրականության գեղադիտակում երևացող այս պատմությունը: Ի տարբերություն «Պիտերյան սինդրոմ»-ի, «Ընծայված աղջիկը» անձանձիր գրավչություն է ստանում տեսարանից տեսարան: Մի պարզ պատճառով: Բեմադրիչ Լև Հովհաննիսյանը զգալիորեն հարստացրել է պիեսի հերոսների մարդկային նկարագրերը, ռոմանսային ներազդու միջարկումներով շեշտադրել ծանծաղվող պատումի քնարականությունը, կոնկրետացրել փոխհարաբերությունները` հնարավորություն տալով դերասաններին ճանաչելի դարձնել խաղացած հերոսների տիպերին գոնե ընդհանրական շտրիխներով: Իրավունք չվերապահելով իրեն խմբագրելու հեղինակային հանգուցալուծման չափազանցված լավատեսությունը` համարժեք բեմավիճակներով փորձել է հիմնավորել հերոսների մաքրագործումն ու ազնվացումը: Դերասանները ներդնում են ողջ ներուժը տեքստային պարզունակ միագծութ յունից իրենց խաղացած կերպարներին հնարավորինս ազատագրելու: Ամենածանր փորձությունը բաժին է ընկել Իրինա Հարությունյանին, բայց ՀՀ վաստակավոր արտիստուհին չի խնայում կերպավորման ձեռք բերած հմտությունները` հավատընծա կենդանացնելու կարճատև սիրային կապով ողջ կյանքը իմաստավորած իր մելոդրամատիկ հերուսուհու դրաման` արտասվախառն խոստովանությամբ արդարացնելով սեփական արժանապատվության անտեսումը: Չես կասկածում, որ Սոնա-Հարությունյանը, հավատարիմ իր միակ սիրուն, հիվանդագին մայրական գուրգուրանքով է մեծացրել սիրեցյալի անունով Սևադա կոչված դստերը, ում, սակայն, ի զորու չէ խոտոր ճամփից հետ պահել: Շփոթահար, վախվորած` ստիպված է դիմել 20 տարի անց նրա կենսաբանական հորը` այլընտրանք չունենալով: Եվ ներում է դստեր գոյության մասին անտեղյակ Սևադա-Հակոբյանին, ում հանդեպ տածած սերը հոգում անթեղված է մնացել, ով ինքը կարոտ է խնամքի ու փաղաքշանքի: Իր հերթին, Սևադա-Հակոբյանը կառչում է ասես, ի վերուստ տրված այս բացառիկ պարգևից: Հնչում է սիրված ռոմանսը, քաղցր հուշեր արթնացնում` հող նախապատրաստելով նրանց խաղաղ միավորման համար նույն հարկի տակ: Ռոբերտ Հակոբյանի մարդ-բուտաֆորիան մի գիշերում վերագտնում է տասնամյակների ապրելակերպով կորցրածը, ծնողական պարտականության գիտակցմամբ ու սիրով լցվում անծանոթ աղջկա հանդեպ: Դժկամությամբ մարմնավաճառությունը մերժող «կանչով աղջիկը» Արեգի հանկարծաբուխ սիրով վերադառնում է ազնվաբարո կենսուղի: Նրա մոր անլուր տառապանքները բնաջնջվում են իր գոյության մասին իսպառ մոռացած երբեմնի աստեղային դերասանի հետ անհավատալի երջանիկ միասնությամբ: Մելսը կարևորում է իրեն սիրելուց չհոգնող Աննայի զգացմունքը: Լիլոյի մարմնական բարեմասնություններով գայթակղված Արեգը, Սիրո ամենազոր նետով խոցված, ամուսնության լուրջ առաջարկն է համառորեն պնդում… Իսկ և իսկ հեռուստաէկրանից հորդացող մելոդրամատիկ հանրածանոթ շինծու մի պատմություն, որում սպրդած կենսական նրբերանգները, պիեսի հեղինակի ջանադրությամբ, որևէ մտահոգություն չեն հարուցում մեզ պատուհասած անառողջ վարքուբարքից բխող երևույթների հանդեպ: Դեռ լավ է որ, ստեղծագործական խումբը ջանք ու եռանդ չի խնայում թատերայնացնելիս այն տարբերակել հեռուստասերիալներից` իրական կյանքին փոքր-ինչ մերձեցնելով: Անզոր, իհարկե, լիովին հստակեցնելու հեղինակային ընկալման ու երևակայության հակադրամիասնությամբ անհարկի գունազարդված իրականության պատկերը: Կյանքին հառված գեղադիտակի երազկոտ միտումնավորությամբ վերափոխված անդրադարձումներով ներկա իրականությունը ստահոդ երանությամբ է ներկայացվում, հրաշապատում հեքիաթի մտացածին լավատեսութ յամբ հեռացնում իրական կյանքի ախտազերծման անհրաժեշտության գիտակցումից: Ե՞րբ պիեսներ հորինելուց հաճույք ստացող մեր ժամանակակիցները, ովքեր հաջողեցնում են բեմ բարձրացնել իրենց թերարժեք գրական արտադրանքը, ի վերջո կհանդարտվեն: Եվ լիարժեք դրամատուրգիական ստեղծագործություններ կհրամցվեն ներկայիս գեղարվեստական խորիմաց վերարտադրությանը ձգտող թատրոններին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ