ՀՈՊԱՐԻ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ


Հայաստանում շա˜տ վաղուց «հենց էնպես» պաշտոններ չեն ստանում... Այս մասին գիտեն բոլորը, ուստի երբ որևէ մեկը պաշտոնի է նշանակվում, անմիջապես սկսում են հետաքրքրվել, թե ինչ կապեր ունի, թե ովքեր են կանգնած նրա թիկունքին... Սա արդեն ազգային հոգեբանության նման մի բան է դարձել, և վերջին տարիներին պատգամավոր ու պաշտոնյա են դառնում ազգակցական-արենակցական կապերի շնորհիվ:

Վաղուց էր խոսվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` «Լֆիկի» եղբորորդին Մալաթիայի թաղապետ է դառնալու: Շատերը չէին հավատում, ոմանք ասում էին, թե լրատվամիջոցների տարածած կեղծ լրատվությունն է, իսկ առավել փորձառուները ասում էին, թե ոչինչ պետք չէ բացառել: Եվ ահա Արտակ Ալեքսանյանը դարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատու: Թե ով է Արտակ Ալեքսանյանը և ինչ ծառայություններ ունի երկրին ու Երևանին` կարևոր չէ: Կարևոր չէ, քանզի այս մարդու միակ առավելությունն այն է, որ «Լֆիկի» պես հորեղբայր ունի: Իսկ դա արդեն պաշտոն ստանալու երաշխիք է:

Ասվում էր, որ «Լֆիկ» Սամվելն ամեն ինչ անում է` եղբորորդուն թաղապետ դարձնելու համար: Նա մի շարք առիթներով չի հերքել իր ջանքերն ու հաստատել, որ անում է դա, քանի որ ունի հնարավորություններ: Իսկ եթե հնարավորություններ ունի, ինչու՞ չօգտագործի: Փո՞ղն է պակաս, թե՞ իշխանությունների հետ կապերն են թույլ... Իսկ եղբորորդուն թաղապետ նշանակելն ինքնանպատակ չէ: Սամվել Ալեքսանյանը ջանում է տեր կանգնել Մալաթիա-Սեբաստիային, այստեղ հիմնավորել իր բիզնեսը, նաև «տիրություն» անել Եռաբլուրին, որտեղ արդեն շինարարություն է սկսել` ցանկանալով բիզնեսը տեղափոխել նաև սրբավայրեր հռչակված տարածքներ: Նա «մարսեց» Փակ շուկան, քաղաքային իշխանությունները փակեցին իրենց աչքերն ու թույլ տվեցին, որ «աղքատ» օլիգարխն անի սրտի ուզածը: Ուրեմն հիմա էլ նա կարող է մեկնվել դեպի Եռաբլուր` համոզված, որ իր գործն «արդար» է, որ իր ճանապարհին խոչընդոտներ չեն լինի: Խոչընդոտներ չեղան նաև եղբորորդուն պաշտոնի նշանակելու հարցում: Ասում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեմ է եղել այս նշանակմանը, սակայն նրան հորդորել են, համոզել. քաղաքապետն էլ համաձայնել է...

Դե, այսօր «Լֆիկ Սամոն» մեր երկրի համար նույնն է, ինչ Մազութի Համոն` Երկիր Նաիրիի...…

Վերջին շրջանում Հայայստանից արտագաղթող շատ երիտասարդներ հենց այն մասին են խոսում, որ իրենք չեն կարողանում ինքնադրսևորվել, չեն կարողանում կարիերա ստեղծել, որովհետև «զորեղները» կանգնած են իրենց ճանապարհին, որովհետև հայաստանյան փողատերերը չբավարարվելով իրենց ֆինանսական կուտակում ներով` արդեն սկսել են իրենց հարազատներին վերև տանել պաշտոնական աստիճաններով` փակելով մյուսների ճանապարհները: Ու հատկապես երիտասարդները հեռանում են երկրից` այստեղ չտեսնելով հեռանկար, չտեսնելով զարգացումներ: Հիմա էլի ոմանք կարտագաղթեն, որովհետև «Լֆիկի» զարմիկի պաշտոնի նշանակումը փաստ է, որ առավել շնորհալիներն ու գործունակները մեզանում տեղ չունեն:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ