Թուրքիան և հազարամյա երկու հարևանները


Վաղը ՍԾՏՀ հերթական նիստին մասնակցելու համար Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս առնչությամբ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ զրույցը հայ-թուրքական, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների մասին է:

Հայտնի է, որ Երևան ժամանելուց առաջ Ահմեդ Դավութօղլուն շտապել է հայտարարել, թե եթե Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայի արտգործնախարարի այցից: Այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մուտքը Հայաստան միշտ որոշակի անհանգստություն է առաջացնում մեր հանրության շրջանակներում :

- Մենք սպասումնե՞ր պետք է ունենայինք հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում Թուրքիայի կողմից ավելի նորմալ քաղաքականության որդեգրման առումով: Կարծում եմ` ոչ մի սպասում էլ պետք չէ ունենալ, որովհետև դրա համար ոչ մի հիմք չկա: Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Այն հիմնվել է և շարունակում է հիմնվել նախապայմանների ու պահանջների վրա. այսինքն` հարկադրման քաղաքականություն: Այն, որ Դավութօղլուն Հայաստան այցից առաջ նման հայտարարություն է անում, ըստ էության հաստատում է Հայաստանի նկատմամբ նախապայմանների ու հարկադրման Թուրքիայի քաղաքականությունը շարունակելու մասին իմ միտքը: Իսկ այդ պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ես անհնար եմ համարում:

Տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ամեն ինչ սկսել է մեծ արագությամբ փոխվել: Շատերի համար անսպասելի սկսեցին ջերմանալ Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչն անհանգստացրել է Թուրքիային և Իսրայելին: Այդ առումով` ի՞նչ կարելի է սպասել թուրք-իրանական հարաբերություն ներում, և դրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:

- Ես ուզում եմ ընդգծել մի քանի հանգամանք: Առաջին. Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական են, ժամանակավոր և նախատեսված են կես տարվա համար: Խոսքը վեցյակի երկրների և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին է: Բայց դրանով Իրանի և Արևմուտքի միջև եղած խնդիրները չեն կարգավորվում. դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու մասնավորապես Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Պարզապես Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մի մասը մեղմացվում է, մի մասն ընդհանրապես հանվում է, բայց մեծ մասը դեռ մնում է: Բանակցությունները կես տարի հետո պետք է վերսկսվեն: Այս պահին դժվար է կանխատեսել, թե Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ ընթացք կունենա: Երկրորդ. Կարծում եմ, որ տարածաշրջանային առումով դեռևս մենք Իրան- ԱՄՆ հարաբերությունների կարգավորման սկիզբն ենք տեսնում, և վաղ է ռեգիոնալ առումով եզրակացությունների հանգելը: Այս երկու երկրների հարաբերությունների սրման պայմաններում Թուրքիան վերջին տարիներին փորձ կատարեց միջնորդի դեր ստանձնել, բայց չստացվեց: Թուրքիայի այդ պահվածքը, այսպես ասած` իրական չի, որովհետև Թուրքիային հիմա չի վստահում Իրանը: Վերջին շրջանում Անկարայի նկատմամբ վստահություն չկա նաև Միացյալ Նահանգների կողմից: Հիմա, երբ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները կարծես կարգավորվելու միտում ունեն` առանց Թուրքիայի մասնակցության, վերջինս այդ հարցում որևէ դերակատարում չի կարող ունենալ: Մի հանգամանք էլ կապված է տարածաշրջանային զարգացումների հետ: Տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է Մերձավոր և Միջին Արևելքում ստանձնել առաջատարի դեր, բայց մինչև հիմա դա նրան չի հաջողվում: Կարծում եմ` այդ ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությունն ավանտյուրիստական է, որովհետև նա իր հնարավորություններով, իր ներուժով Մերձավոր Արևելքում առաջատար լինել չի կարող: Իրանը դրա աշխարհաքաղաքական հակառակորդներից մեկն է: Եվ երբ Իրան-Արևմուտք-Միացյալ Նահագներ հարաբերությունները որոշակի առումով կարգավորվելու միտում ունեն, պատժամիջոցների մի մասը հանված է, Իրանի տնտեսությունը հնարավորություն է ստանում ավելի լիաթոք շնչել ու տարածաշրջանում ընդլայնվել: Թուրքիայի` տարածաշրջանային լիդեր դառնալու նկրտումներին ավելի մեծ հարված է հասցվելու: Եվ ես համոզված եմ, որ Թուրքիայի այդ նկրտումները հաջողություն չեն ունենալու:

Քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, թե Իրան-Արևմուտք ձևավորվող վեկտորին հակառակ` կայանալու միտում ունի մեկ այլ եռանկյունի: Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի մասին է: Որքանո՞վ կարող է դերակատարություն ունենալ այս ստեղծվող եռյակը և ի՞նչ մարտահրավերներ կառաջացնի այն մեզ համար:

- Ես նման եռյակի ձևավորման համար որևէ նախապայման չեմ տեսնում և կարծում եմ, որ դա նույնիսկ ապագայում չի լինի` ո´չ կարճաժամկետ, ո´չ երկարաժամկետ: Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի ներկայիս հետաքրքրությունը վերաբերում է զուտ տնտեսական հարաբերություններին: Աշխարհաքաղաքական, ռազմավարական առումով Թուրքիան և Ռուսաստանը մնում են հակառակորդներ:

- Բայց տնտեսական գործոնը անպայմանորեն քաղաքական երանգներ կարող է առաջացնել, հատկապես Իրանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորման դեպքում :

- Իրան-Արևմուտք մերձեցման մասին խոսակցությունները դատարկ են: Այդպիսի բան ներկա պայմաններում չկա և հնարավոր էլ չի որ լինի, որովհետև հիմք չկա դրա համար: Նրանք շատ խնդիրներ ունեին, որոնց մի փոքրիկ մասն են ներկայում փորձում լուծել: Իր բնույթով Իրանի քաղաքականությունը, պետության կառուցվածքը Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ չի կարող ենթադրել: Իրանի ամենակարևոր առանձնահատկությունն աշխարհաքաղաքական առումով այն է, որ նա վարում է անկախ քաղաքականություն: Ինքնուրույն է որոշումներ ընդունում:

Լինելով անկախ, ենթադրվում է, որ նրա վարած քաղաքականությունը պետք է բխի իր ազգային, պետական շահերից: Տա Աստված, որ Հայաստանն էլ կարողանար այդպես վարվել:

- Հայաստանը չի կարող: Այն հնարավորությունները, որ ունի Իրանը, Հայաստանը չունի: Ամենամեծ հնարավորությունը Իրանի աշխարհաքաղաքական դիրքն է: Շնորհիվ այդ դիրքի, ողջ Մերձավոր Արևելքում նա իրադրությունը հավասարակշռողի դեր է կատարում: Միայն այդ դիրքը ինքնուրույն քաղաքականություն վարելու շատ մեծ հնարավորություն է ստեղծում: Մյուս հանգամանքը նրա տարածքի մեծությունն է, նրա բնակչության թիվն է, նրա էներգետիկ պաշարներն են: Դրանք աշխարհում ամենամեծերից են: Կարևոր հանգամանք է նաև նրա հազարամյա քաղաքակրթության պատմությունը: Իրանը երևույթ է տարածաշրջանում և աշխարհում. այն մեծ պետություն է, մեծ քաղաքակրթություն է:

Ի՞նչը կարող է Հայաստանին խանգարել այդպիսի անմիջական հարևանի հետ բարեկամության հարցում:

- Հայաստանն ու Իրանը հազարամյա կապեր ունեն: Եվ եթե Հայաստանն ունի շահագրգռություն` Իրանի միջոցով դեպի ծով ելք ունենալ և կապվել աշխարհի հետ, Իրանն էլ շահագրգռված է, որ Հայաստանը լինի իր դաշնակիցը. ոչ մի բան չի կարող խանգարել: Նույնիսկ այն պայմաններում, երբ շատ կոշտ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի հանդեպ, Արևմուտքը և առաջին հերթին Միացյալ Նահագներն ըմբռնումով էին մոտենում Իրանի հետ Հայաստանի սերտ հարաբերություններին: Իսկ ներկայում, երբ պատժամիջոցները թուլանում են, Հայաստանն ու Իրանը կարող են այդ հանգամանքից ավելի լավ օգտվել և ավելի սերտացնել հարաբերությունները:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ