Մոլդավերեն լեզու գոյություն չունի


Սա ոչ թե թշնամոց արհամարհական վերաբերմունքն է, այլ հենց այդ լեզուն պետական հռչակած երկրի Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշում, որից կարելի է ցանկացած եզրակացություն անել: Դիցուք` Մոլդովայի Հանրապետությունում Սահմանադրությունը բնավ երկրի հիմնական օրենքը չէ: Կամ, չկա Մոլդովա անունը կրող երկիր և նույնանուն ազգություն…

Մի խոսքով, դեկտեմբերի 5-ից այնտեղ պետական լեզու է հռչակվել ռումիներենը:

Խնդիրն այն է, որ մոլդովացիների մի մասը (թերևս` գերակշիռ մասը) պայքարում է` հարևան Ռումինիայի հետ միավորվելու, և գտնում է, որ մոլդավերեն լեզու, ասել է թե մոլդավացի ժողովուրդ գոյություն չունի: Նրանց համոզմամբ իրենք ռումինացիներ են, ում 1940 թ. ԽՍՀՄ-ը կտրել է «Մեծ Ռումինիայից»: Բնակչության մի մասն էլ չի հերքում լեզվական ու մշակութային ընդհանրությունները, բայց նաև տարբերություններն է մատնանշում:

Սահմանադրական դատարանի այս որոշումը նախևառաջ նշանակում է, որ Մոլդովան մերժում է իր ինքնիշխանությունը ու գիտակցաբար հանձնվում հարևաններին: Աշխարհում երևի սա առաջին դեպքն է, երբ առանց պատերազմի ճանաչված, կայացած պետությունը ձգտում է իր հայրական տունուտեղով «հարս» գնալ հարևանին: